«Գեոթիմի» թունավոր շաքարաքլորները

«Գեոթիմի» թունավոր շաքարաքլորները

Գնդեվազ գյուղն իմ հանդիպած ամենաբարեկարգ գյուղերից է։ Գյուղացիները շատ կոկիկ են հագնված, բարեկարգ տներ ունեն, ասֆալտապատ փողոցում երեխաներն աշխույժ հեծանիվ են քշում, գյուղամիջում նստած մեծ տղամարդկանց հետ էլ ամեն թեմայով կարող ես խոսել, նրանք ամեն ինչից գաղափար ունեն։ Մարդկանց հարցնում եմ՝ գյուղն ի՞նչ խնդիրներ ունի: «Այ բալամ, չես տեսնո՞ւմ, մի հատ ջահել չկա, գյուղի մեծ մասը գնացել ա խոպան՝ փող աշխատելու, աշխատատեղեր չկան»: Հետաքրքրվում եմ՝ իսկ դուք կո՞ղմ եք, որ Ամուլսարում ոսկու հանքարդյունաբերության գործարան բացվի, համ էլ աշխատատեղեր կունենաք: «Չէ, չենք ուզում, էդ հանքը շատ վնասակար կլինի գյուղի համար»։




Մեկ շաբաթ առաջ 200 գնդեվազցիներ դիմում-բողոք էին ներկայացրել, որ չեն ցանկանում իրենց գյուղի մոտ նման գործարան բացվի։ Փորձում էի գյուղացիներից անհատական կարծիքներ լսել, պարզվեց՝ զրուցակիցներս հենց նամակի հեղինակներն են, ովքեր եւ հավաքել էին համագյուղացիների ստորագրությունները եւ նամակն ուղարկել պատկան մարմիններին։




«Իմ երեխաներն ավելի լավ է չոր հաց ու պանիր ուտեն, քան թույնով ներարկված տորթ կամ շոկոլադ։ Մենք այդ շաքարաքլորները չենք ընդունում»,- ասաց Միհրդատ Ներսիսյանը։ Նա համակարգչի վրա ցույց տվեց Ամուլսարի հանքի շահագործումը ֆինանսավորող Համաշխարհային բանկից ստացած պատասխան նամակը. «Համաշխարհային բանկն արդեն այդ ուղղությամբ զբաղվում է։ Այդ մարդիկ ուղղակի չեն գիտակցում, թե այդ ինչ ահավոր բան է, որ բացվում է։ Ցիանային հարթակը լինելու է գյուղից մի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ միանգամից մի քանի հարյուր հազար տոննա փոշիացած նյութը բերելու եւ լցնելու են այդ հարթակի վրա։ Դա լրիվ բաց հանք է, այն գտնվում է գյուղից 7-8 կմ հեռավորության վրա։ «Գեոթիմն» իր կայքում գրել է, որ պայթեցման ժամանակ այդ փոշին ընդամենը 100 մետրի վրա է գնալու, նրանք պետք է ամաչեն այդպիսի բան գրելուց։ Այդպիսի պայթեցման ժամանակ քարերը 100 մետր հեռավորության վրա կգնան, իրականում փոշին կտարածվի ամբողջ տարածաշրջանում։ Գյուղն անապատ է դառնալու»։ Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի գյուղապետը, Միհրդատ Ներսիսյանի պատասխանից հասկանում եմ, որ գյուղապետը չեզոք է այդ հարցի նկատմամբ. «Գյուղապետերը բոլոր տեղերում էլ ոչ դեմ են, ոչ կողմ են նման դեպքերում։ Գյուղապետին տարել են ԱՄՆ եւ իբր թե ցուցադրել ցիանային հարթակ, որը գտնվել է բավականին մի մեծ քաղաքի կողքին, ես չեմ հավատում»։




Զրույցի կեսից մեզ է միանում նաեւ գնդեվազցի Արմեն Համբարձումյանը։ «Այդ օրենքով ցանկացել են խթանել լեռնահանքային արդյունաբերությունը Հայաստանում։ Չգիտեմ ով է այդ գլուխգործոցները նստել-մտածել, որ Հայաստանի տնտեսությունը հենց լեռնահանքային արդյունաբերությունով խթանեն։ Մեր երկրի կառավարությունը մեզ նվաստ է պահում՝ ինչո՞ւ ես պետք է թույն շնչեմ։ Մանկապարտեզի պատերն են ներկել, ինձ պե՞տք է։ Ոնց որ մեկին բերես պատի տակ, ասես՝ առ քեզ միլիոն դոլար, շոշափի, ուրախացի, քեզ գնդակահարենք»։
Իմ զրուցակիցները պնդում էին, որ գյուղի 95 տոկոսը դեմ է ոսկու գործարանի բացմանը։ Ի դեպ, վերջիններս լավ ուսումնասիրել էին թե ՀՀ կառավարության օրենքները, թե Ամուլսարի հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերության կայքի տեղեկատվությունները։ «Ամենավատն այն է, որ հանդիպումները կատարվում են գաղտնի ձեւով։ Մինչեւ այսօր հանդիպումներին ներկա են եղել դպրոցականներ, մի քանի ուսուցիչներ եւ իրենց աշխատողները։ Այնպես են կազմակերպում, որ ոչ ոք չիմանա եւ չմասնակցի։ Մի քանի օր առաջ ԱՄՆ փոխդեսպանն է եկել, իրենք իրենցով հավաքվում են, բացում ես կայքը՝ 20-30 հանդիպում է արդեն կազմակերպված, իսկ մենք միայն մեկի մասին ենք տեղյակ եղել եւ կարողացել մասնակցել։ Իսկ այդ հանդիպման ժամանակ մեր բարձրացրած հարցերին էլ օդից պատասխաններ էին տալիս»։




Կապվեցի «Գեոթիմ» ընկերության հետ, նրանց մամուլի հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ իրենք արդեն հարցազրույց տվել են, եւ որ մեր հարցերի պատասխանները փորձենք փնտրել այնտեղ։ Գյուղացու դարդը քիչ է, մի հատ էլ պետք է պայքարեն թունավոր օդի դե՞մ…




Երբ խոսում էի գյուղացիների հետ, գտնվեց միայն մեկ մարդ, որը կողմ էր գործարանի բացմանը. «Հենա Քաջարանում, որ գործում ա ըտենց մի գործարան, ինչ ա, մարդ չի՞ ապրում։ Լավ կըլնի, էլի, գործ կունենանք»։ «Ա՛յ բալամ, որ մեզ ճղենք մեջտեղից էլ, բան չի փոխվի։ Հմի գրա՞զ ես գալիս՝ իրար հետ շրջենք գյուղը, մարդ չես գտնի, ով կողմ ա»։ Արմեն Համբարձումյանն ասաց նաեւ, որ 120 օրվա ընթացքում Համաշխարհային բանկին առընթեր մարմինը, որն զբաղվում է էկոլոգիական խնդիրներով, իրենց կպատասխանի՝ գործելո՞ւ է ընկերությունն այնտեղ ի վերջո, թե՞ ոչ. «Ես նշել եմ, որ շահագործումը պետք է դադարեցվի, իսկ «Գեոթիմը» նոր ծրագիր է կազմել եւ դրել կառավարության դեմը։ Մարդկանց աչքին փոշի փչելու բան է»։




Ի դեպ, այս տարի Գնդեվազի մեծ դպրոցում միայն մեկ առաջին դասարանցի է լինելու: «Հլը պատկերացրա՝ մի քանի տարի հետո, որ բացեն գործարանը, էդ մեկն էլ չի լինի, կամ էլ երկու գլուխ կունենա, մի ոտ»,- սեւ հումոր էին անում գյուղացիները։




Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
[email protected]