Ապագան` որպես գրադարան

Ապագան` որպես գրադարան

«Գրքի հավաքորդի համար բոլոր գրքերի ճշմարիտ ազատությունն ինչ-որ տեղ է` իր գրադարակում»:



Վ. Բենյամին, «Կապոցներից հանելով իմ գրադարանը»



Օրերս տեղի ունեցավ բավական սպասված մի իրադարձություն: Ֆլորիդայի Լեյքլենդի պոլիտեխնիկական համալսարանում բացվեց անգիրք՝ տպագիր գրքերից զուրկ հսկայական մի գրադարան՝ աշխարհում դեռ քիչ հանդիպող։ Առանց տպագիր գրքերի, ամբողջովին թվանշային այս գրադարանում ուսանողները կարող են իրենց սարքերով, պլանշետներով և դյուրակիր համակարգիչներով օգտվել ավելի քան 135,000 էլեկտրոնային գրքերից: Մի խոսքով հազար ու մի գրադարանային հարմարություն` բացի տպագիր գրքից: Եթե այստեղ տեսնեք էլ տպագիր գիրք, դա, թերևս, կլինի ընթերցողի բերածներից, ինչը, պետք է ասենք, այս գրադարանում չի խրախուսվում:



Գրադարանի իր նկարագրություններում Բորխեսն ավելի շատ խոսում է հարթ մակերեսների, տարածությունների, հարկերի, վեցանկյուն գալերեաների, աստիճանների, հայելիների մասին: Առանձին գրքի մասին խոսվում է ավելի քիչ․ ասվում է, որ ամբողջ գրադարանում չի գտնվի երկու նույնանման գիրք, բայց ինչքան էլ որ տարբեր լինեն, դրանք բոլորն էլ կազմված են նույն էլեմենտներից:



«Երբ հայտարարվեց, որ Գրադարանը ներառում է բոլոր գրքերը, առաջին զգացումն անզուսպ ուրախությունն էր։ Յուրաքանչյուրն իրեն զգում էր գաղտնի և ձեռք չտված գանձի տեր։ Չկար խնդիր՝ անձնական կամ համաշխարհային, որի համար չգտնվեր համոզիչ լուծում վեցանկյուններից որևէ մեկում․․․Այդ ժամանակ շատ էր խոսվում Արդարացումների մասին․․․Արդարացումները գոյություն ունեն (ինձ վիճակվել է տեսնել երկուսը՝ ապագայի մարդկանց վերաբերող, հնարավոր է, ոչ հորինված), բայց նրանք, ովքեր որոնումների ճամփա են բռնել, մոռացել են, որ մարդու համար իր Արդարացումը կամ դրա որևէ խեղաթյուրված տարբերակը գտնելու հավանականությունը հավասար է զրոյի»։



Առանց գրապահոցների գրադարանի գմբեթավոր շենքում, որ հեղինակել է իսպանացի ճարտարապետ Սանտյագո Կալատրավան, գլխավոր տեղեկատվական սեղանի անվանումը՝ «հաջողության սեղան», պետք է որ խորհրդանշի նոր թվանշային գրադարանի հաջողությունը, որն անխուսափելի է: «Թվանշայինը որոշ առումներով ավելի լավ է։ Մարդիկ իրենց փնտրածն ավելի հեշտ կարող են գտնել, և նրանք ավելի շատ բաներ կարող են հայտնաբերել պատահաբար»,- ասում է Գրադարանների ամերիկյան ասոցացիայի քաղաքականության վերլուծաբաններից մեկը։



Միաժամանակ, տպագիր գրքի և դրա բիզնեսի ճակատագրով մտահոգված` Գերմանիայի կառավարությունը վերջերս նոր մրցանակ է սահմանել՝ միլիոն եվրո մրցանակային ֆոնդով, գրախանութների այն սեփականատերերի համար, որոնք մեծ առևտրային ցանցերի մաս չեն կազմում։ Գրքի բիզնեսի ոլորտում այս նոր մրցանակը կաջակցի ոչ մեծ մասնավոր գրախանութներին՝ Amazon-ի հետ մրցակցության մեջ։ Քանի որ գրքի և գրադարանի ապագան որոշող երկրներից Հայաստանը բավական հետ է, մեր երկրում գիրքն ու գրադարանների բոլոր ձևերն էլ կարող են ապագա ունենալ: Սա մեր չնախատեսված առավելությունն է: Կարևորը, որ ավանդական գրադարանների ու տպագիր գրքի մերօրյա սիրահարները հնարավորինս անցավ և հեշտ տանեն այս փոփոխությունները:



«Հանդուգն և հարմար որոշում է` առաջ գնալ առանց գրքերի»- վստահորեն ասել է Ֆլորիդայի համալսարանի գրադարանի տնօրենը: Անհարմար և ցավոտ որոշում է, կմտածեն ծանոթ գրադարանների և տպագիր գրքի սիրահարները:



Սեդա ՇԵԿՈՅԱՆ