Այստեղով ՀՀԿ-ն է անցել

Այստեղով ՀՀԿ-ն է անցել

«Մի հասարակ, գրեթե աներեւույթ մարդ, որ քարացել` նայում էր Սահակին, աչքերը հանկարծ խոժոռեց, ինչ-որ մի գյուտով լուսավորված՝ շարժվեց դեպի սա: Նա հասկացավ ինքն իրեն: Նա պահանջ զգաց ազատ գոչելու, ազատ գործելու: Նա պահանջ զգաց ազատության: Զգաց, ինչ որ չէր զգացել իր ողջ հասարակ կյանքի մեջ, սովորական, աներեւույթ մարդու վիճակում: Մի քաղցր սարսուռ անցավ նրա մարմնով, մի թռիչք կատարեց նրա հոգին, եւ նա վճիռ ընդունեց ջարդել, փշրել բռնությունը: Նա գիտակցությամբ ճաշակեց ազատության քաղցրությունը: Եվ մեջ թռավ, սկսեց անօրինակ թափով ջարդել դուռը: Նրանով հափշտակվեցին բազմությունից ոմանք եւ ապա մի ահագին զանգված»...



Դերենիկ Դեմիրճյան,
        «Վարդանանք»



Այս կերպարին Դերենիկ Դեմիրճյանն իր հռչակավոր «Վարդանանք» պատմավեպում անդրադարձել է ընդամենը մեկ անգամ, մեկ փոքրիկ պարբերությամբ, բայց ինչ հմտությամբ եւ նուրբ խորաթափանցությամբ է մեծ գրողը վերհանել սովորական մարդու հոգում ազատության երկունքն ու ծնունդը, գործելու միջոցով ազատություն նվաճելու հանկարծահաս իմաստնությունը: Եվ թերեւս պատահական չէ, որ հայոց ինքնության պահպանման դիմադրությունն անմահացրած Դեմիրճյանն անանուն է թողել այս հերոսին, կերտել հավաքական, ընդհանրական մի կերպար` ցանկանալով ցույց տալ, թե յուրաքանչյուր հայի սրտում
անմար է ազատության կայծը, որը միայն պետք է բոցավառել եւ առաջ տանել:



Այստեղով ՀՀԿ-ն է անցել



Այսօր մեր երկրով` պատմության, ժամանակի եւ սերունդների դատին ենթակա, ՀՀԿ-ն է անցնում` որպես թաթար, որպես անհոգի ավերող հանցախումբ: Ազատությունն ատող, արդարությունից սարսափող այս բախտախնդիրներն ավելի, քան թուրք-ազերիները, կյանքի են կոչում պանթուրքիզմի ծրագիրը` հայաթափելով Արեւելյան Հայաստանը: Թուրքերն Անկարայում, իսկ կովկասյան թաթարները Բաքվում, հետագայում, հավանաբար, կկանգնեցնեն Լեւոնի, Ռոբերտի, Սերժի արձանախումբը` որպես մահմեդականների միավորման գործին ջանադրությամբ ծառայածների: Եվ, ըստ ամենայնի, որպես երախտիքի հատուկ դրսեւորում, մի հուշաքար էլ հարեւանությամբ կտեղակայեն` վրան փորագրելով երեք տառ` ՀՀԿ: Չէ՞ որ հենց այս կեղեքիչների ինքնահագեցման տարիներին Հայաստանն առավել ցավագին է զրկվում իր զավակներից, ովքեր, գաղթի անհաշիվ քարավաններ կազմած, բյուրաբյուր հեռանում են իրենց արմատից ու սրբություններից:



Այստեղով ՀՀԿ-ն է անցել



Էությամբ խուժան, մտածելակերպով գրպանահատ, աշխարհայացքով քուչի տղա, իսկ որպես ստրկահոգի` ամեն ազատն ու արժեքավորը ծախելու, նսեմացնելու մտայնությամբ իշխանագողերի մեղքերն ու հանցանքները բազում են, ծանրագույն հայ ժողովրդի եւ անկախ պետականության հանդեպ, անպատժելիությամբ հղփացած` ցինիկ: Ահավասիկ մի քանիսը: Լեռնային Արցախի Հանրապետության տարածքները թշնամուն մադրիդաբար հանձնելու կողմնակիցները... Նժդեհի անունն են տալիս, բոլոր ընտրությունները կեղծողները լկտիաբար խոսում են... արդարությունից, մի քանի տարի Եվրոպա գնացողներն այժմ սլանում են դեպի Պուտին Առաջին եւ պարծենում իրենց... սկզբունքայնությամբ: Ծախում են երկրի ինքնիշխանությունը եւ քյաբաբոտ ու արնախում բերանով... պղծում անկախության գաղափարը, 10 մարդու սպանությունը չբացահայտողները բարբաջում են... օրինականությունից, աղետի գոտում մի քանի հազար մարդ 26 տարի անց դեռ տնակներում է գոյատեւում, իսկ սրանք ճառում են... մարդասիրությունից: Մի քանի ոհմակով լափում են երկրի նյութական, լակում ջրային ողջ ռեսուրսը եւ անկուշտ ոռնում... տնտեսական զարգացում: Դպրոցներում մանկավարժներին դարձրել են ընտրակեղծիքների մասնագետներ եւ հպարտանում են... կրթության որակով, աշակերտներին քարոզում են ոստիկանացում եւ հեգնում, թե կերտում են... ապագա քաղաքացիներ: Մինչեւ ուղն ու ծուծը հանցագործին եւ բանդայի պարագլխին վերանշանակում մարզպետ եւ չքմեղանում, թե ունենք... անկախ դատական համակարգ, ամեն օր ոտնակոխ են տալիս Սահմանադրությունը եւ հոխորտում... բարեփոխումներ... Ախր, ո՞ր մեկն ասես:



Այստեղով ՀՀԿ-ն է անցել



Հայ ժողովրդի ներկայիս լրջագույն փորձությունը ՀՀԿ իշխանազրկումն է, ինչից հետո միայն հնարավոր կլինի մաքրագործվել ՀՀԿ-իզմից, այսինքն` հանցագործությունից, ստրկամտությունից, անարժեքությունից, անհավատությունից, ամենակերությունից, անպատժելիությունից, կեղծարարությունից, ստորաքարշությունից, մարդակերությունից, ոստիկանացումից, չարչիությունից, լկտիությունից, թվախփությունից, անհանդուրժողականությունից եւ այլն, եւ այլն: Ապա նոր միայն ազատ ու հանգիստ կարող ենք շնչել, նորոգել հավատը, պետականությունը, բարձրացնել ու քարոզել արժեքները, կազմակերպել ներգաղթ, ինտեգրվել եվրոպական առաջադեմ ընտանիքին եւ, ամենակարեւորը` ազգային գերխնդիրներին հետամուտ լինել միմիայն հայանպաստ եւ նախաձեռնողական քաղաքականությամբ, եւ այս ամենը` առանց երեք հանցագործ արձանաթեկնածուի ու նրանց սատարող ուժերի:
Իսկ ՀՀԿ իշխանազրկումը հնարավոր կդառնա ազատության կայծի բռնկումից, որը խարույկված է հայության ճնշող մեծամասնության սրտում, որը կհրդեհի ՀՀԿ-իզմը` իր գաղջ ու սառը ցնցուղներով, եւ որի ախտահանող բուժումն ազգային վերազարթոնքի մի նոր գլուխ կբացի «Հայոց պատմության» հավերժի գրքում:



Վերջում էլ՝ անչար, ողորմի կմահախոսենք. «Այստեղով ՀՀԿ-ն էր անցել»...



Արամ
ԵՆՈՔՅԱՆ