Տղա ջան դիմացիր, մինչև նոր կոստյում կհագնես

Տղա ջան դիմացիր, մինչև նոր կոստյում կհագնես

Կոստյումների նեղ կամ լեն լինելու, համազգեստից հանելու գործով ոստիկանապետն է զբաղվում և լավ էլ անում է: Չափս կա, բան կա, մեկը չաղանում ու համազգեստի մեջ չի տեղավորվում, մեկն էլ այնքան է նիհարում, որ մեջը լող է տալիս: Բայց արի ու տես, որ Հրայր Թովմասյանն այդ գծի վրա կարմիրով խազել ու ինքը սեփական նախաձեռնությամբ փորձում է նույն գործով զբաղվել: Երբ Արդարադատության նախարար էր, կոստյումն իր հագով էր, թուրը աջ ու ձախ կտրում էր, հիմա այդ կոստյումից հանել ու տեղավորել են ԱԺ աշխատակազմի ղեկավարի կոստյումի մեջ: Այդքանից հետո էլ զարմանում են, որ նախկին նախարարը նեղվում է ու ասում, որ համազգեստն իր վրայով չի: ՉԻ-ն այդ առիթով մեջբերում է նրա խոսքը. «ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն ինձ համար նույնն է, ինչ նեղ կոստյում հագած լինելը»: Տղա ջան, դիմացիր, մինչև նոր կոստյում կհագնես, նախարարությունում բոլ- բոլ չաղացել ես, որ ի՞նչ: Բա չգիտեի՞ր, որ նոր համազգեստում նեղվելու ես: Ցավն այն է, որ մեր բարձրաստիճանները երբ պետական համազգեստ են հագնում, մոռանում են, որ դա իրենց սեփականը չի ու մեջը ընդլայնվում են: Մեր ոստիկանապետը լավ էլ ձևը գտել է ու համազգեստից շուտ- շուտ հանում է, որ հասկանան՝ էդ համազգեստը իրենցը չի…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ