Եռյակն ունի ծրագիր, բայց գաղտնի է

Եռյակն ունի ծրագիր, բայց գաղտնի է

Որքան մոտենում է հոկտեմբերի 10-ը, այնքան մեծանում է հետաքրքրությունը, թե եռյակն ինչ է անելու այդ օրը եւ դրանից հետո։ Որոշ շրջանակներում նկատում են, որ եռյակը հանրահավաքի է գնում առանց որոշակի ծրագրի, գոնե մինչ այս պահը չեն բարձրաձայնել կամ ներկայացրել իրենց ծրագիրն այն հասարակությանը, որին հորդորում են հանրահավաքի օրը ներկա գտնվել Ազատության հրապարակում եւ պատրաստ լինել։ Թե ինչին, առայժմ հայտնի չէ։ Թեեւ «իշխանափոխություն» բառը շոշափվել է որոշ անձանց կողմից, բայց այն չի հնչեցվել լիդերների մակարդակով, ինչը եւս կասկածների տեղիք է տալիս։
Եռյակի մաս կազմող «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե հանրահավաքի են գնում առանց ծրագրի․ «Օրինակ, ամսի 7-ին այդպիսի քննարկում եղել է եւ այս օրերի ընթացքում եւս շարունակվելու է։ Բնականաբար, մեր ծրագրի մասին է քննարկվել․ հաստատ անծրագիր չենք գնալու հանրահավաք»։ Իսկ թե կոնկրետ ինչ ծրագիր է քննարկվել, որոնք են լինելու հանրահավաքի գլխավոր խնդիրը եւ օրակարգը, եռյակն առայժմ հրաժարվում է փակագծերը բացել։ Իսկ Արմեն Մարտիրոսյանը պատասխանում է․ «Ամսի 10-ին կներկայացվի»։ 



Եթե կա ծրագիր արդեն քննարկված կամ դեռ քննարկվող, գոնե մշակե՞լ են այդ ծրագիրն իրականացնելու մեխանիզմներ, կոնկրետ ինչպե՞ս են պատկերացնում իշխանափոխությունը եւ նոր իշխանություն ձեւավորելու սեփական կարողությունը։ «Ամսի 10-ին բոլոր հարցերի պատասխանը, կարծում եմ՝ կլինի»,- գրեթե նույն պատասխանն է տալիս պարոն Մարտիրոսյանը։ Իսկ այն շրջանառվող լուրերին, թե մի 20 օր շարունակաբար հանրահավաքներ են լինելու եւ այդ հանրահավաքներն ուղեկցվելու են նստացույցով, Արմեն Մարտիրոսյանի պատասխանը կրկին թափառող էր ու կոնկրետ չէր․ «Ամեն ինչ էլ հնարավոր է, որովհետեւ տարբեր սցենարներ կան, եւ ամեն ինչ կախված է լինելու ժողովրդի ակտիվության աստիճանից»։



 ՀԳ․ Նկատենք միայն, որ ազգային անվտանգության կառույցը հիմնականում ընդդիմության դեմ օգտագործող, բոլոր հնարավոր վայրերում տեսալսող սարքեր ունեցող, հեռախոսները համատարած գաղտնալսող իշխանությունից ոչինչ հնարավոր չէ թաքցնել, ուստի լռելու, ծրագիրն ու օրակարգը չհրապարակելու իմաստը չկա։ Ստացվում է, որ այդ ամենը թաքցնում են հանրությունից։



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ