Բանակում ծառայածներին «ստաժավորի» արտոնություն են ուզում տալ

Բանակում ծառայածներին «ստաժավորի» արտոնություն են ուզում տալ

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի երկու անդամներ՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ են մշակել, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետեւ պահեստազորում ընդգրկված եւ հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ:



Պատգամավորներն ասում են, որ այս գաղափարը ծնվել է իրենց անձնական փորձից։ «Քանի որ ինքս ծառայել եմ հայոց ազգային բանակում, այնուհետեւ, վերադառնալով բանակից, փորձել եմ աշխատանք գտնել, տեսել եմ, որ դժվարություն կա․ դա այն ժամանակ էր, երբ «Քաղծառայության մասին» օրենքն արդեն իսկ կիրարկվում էր, եւ ես, համապատասխան հարցազրույցներն անցնելուց հետո, անցա գլխավոր մասնագետի պաշտոնին, այնուհետեւ օրենքը երբ որ ուժի մեջ մտավ, իմ աշխատանքային ստաժը բացակայում էր, իմ պաշտոնն իջեցվեց, ես դարձա առաջին կարգի մասնագետ, այսինքն՝ նվազեցում տեղի ունեցավ»,-ասում է Հ․ Սահակյանը։ «Սրանով հայոց ազգային բանակում ծառայած ՀՀ քաղաքացին հնարավորություն կունենա զորացրվելուց հետո ավելի բարձր պաշտոնների հավակնել, օրինակ՝ զորացրվել է մարդը, ունի բարձրագույն կրթություն, կարող է դիմել միայն կրտսեր պաշտոնի համար, որի համար պետք չի ստաժ, իսկ այս դեպքում կարող է դիմել առաջատար պաշտոնի համար։ Սա արդեն լուրջ տարբերություն ու լուրջ խթան է, որ քաղաքացին ինքն իր մեջ հասկանա, որ պետությունն իր այդ ծառայած երկու տարին գնահատում է»,-ասում է Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ խնդրին իրենք նայում են ոչ միայն որպես սահմանադրաիրավական պարտականության, այլեւ պետության կողմից վարվող հատուկ քաղաքականության տեսանկյունից։



Մարուքյանը տեղեկացրեց նաեւ, որ այս նախաձեռնության իրականացման համար պետբյուջեից որեւէ ծախս չի պահանջվի, այսինքն՝ «անվճար, անծախս» օրենք է։ Պատգամավորը նշեց նաեւ, որ հատուկ խորհրդակցություններ դեռ որեւէ մեկի հետ չեն եղել, այդ թվում՝ ՊՆ-ի, սակայն արդեն իսկ կան դրական արձագանքներ։



Նշենք, որ այս նախագիծն առայժմ դրված է շրջանառության մեջ, եւ սպասում են կառավարության հաստատմանը, որ դրվի նաեւ գլխադասային հանձնաժողովում քննարկման։