Այս քաղաքը բանտարկությունից ազատագրվել է ուզում

Այս քաղաքը բանտարկությունից ազատագրվել է ուզում

Խանական Երեւանը փեշքեշի, առուծախի, փոշու, վարակի քաղաք էր:



Ցարական Երեւանն առաջին անգամ համտեսեց քաղքենի-ունեւորների թղթախաղային ինտրիգները, կոնյակը, կարմիր-սեւ ձկնկիթը:



Առաջին հանրապետության կարճ, ծանր օրերը վերապրած, ապա խորհրդայնացված քաղաքն այդպես էլ իր առանձնական կյանքը չունեցավ: Թեպետ ասում են՝ 70-ականներին իսկապես քաղաքային կյանք եղել է: «Կազիրյոկ», «Սկվազնյաչոկ», «Պոպլավոկ», «Թեմուրնոց», «Արաքս»… Այս հռչականուն սրճարաններն ամեն օր դիմավորում էին ոչ պակաս անվանի հյուրերի (Լեւոն Ներսիսյան, Էդմոն Ավետյան, Կոստան Զարյան, Երվանդ Քոչար, Մհեր Մկրտչյան) եւ կազմում քաղաքային ասքերի մատենագրություն:
Երկրորդ հանրապետության մայրաքաղաքն առաջին տարիներին հյուծված էր, սակայն բուռն, ազատական ու վեհերոտ պայքարի մեջ:



Այնուհետեւ կարծես սկզբնադրվեց քաղաքի անհետացման պատմությունը:
Նրա մարմնի համար անսպասելի, կտրուկ անցումները, ճարտարապետության տրամաբանության անտրամաբանական թեքումը, հասարակության մեջ նոր «քաղաքաբնակի» երեւան գալը եւ հին «քաղաքաբնակի» անձայն հեռանալը, գեղջկականության փառաբանումը, անօրինակ ձայներն ու մեղեդիները. սրանք Երեւանի անհետացման պատմության էջերից են:



Ինքն իրեն բացակա դրած քաղաքը շարունակում է ծառայել իր բնակիչներին, բայց առանց կարոտաբաղձության: Հին քաղաքի (ավելի ճիշտ՝ հին շենքերի) հիշողությունն այլեւս պահպանվում է լուսանկարներում եւ որոշ տեսաձայնագրություններում: Հին շենքերին փոխարինած նոր կառույցները, բացառությամբ մի քանիսի, ճարտարապետական կամ էսթետիկական որեւէ յուրօրինակ կազմություն չունեն` տիպիկ են զուտ սպառողական հասարակարգին: Եվ ասում են, որ մշակութային ընդգրկումներով հարուստ շենքում բնակարան որոնողների թիվը խիստ կրճատվել է:



Եվ ահա, ինքն իրեն բացակա դրած քաղաքում նշվում է իր եւ վաղեմի բարեկամ Էրեբունու 2796-ամյակը… բավականին երիտասարդ տարիք…



Բազմաչարչար Հյուսիսային պողոտայի վերանորոգումն ի վերջո ավարտվեց: Արձանները լվացին, պատրաստեցին: Համայնքներում դրվեցին բեմեր եւ երգեցողության հարթակներ: Վերնիսաժի պուրակի մի հատվածը կայծակնային արագությամբ վերնորոգվեց, տեղ-տեղ կանաչապատվեց, կանաչը ցողվեց հայրենիքի քչքչան ջրով (այս պուրակը 25 տարվա ավերակների պատմություն ունի, ու, ասում են՝ Սերժ Սարգսյանը դիմացի շենքում բնակարան է ձեռք բերել, իսկ բնակարանի պատուհանները նայում են պուրակին):
Քաղաքին ներկայացնում են իր վսեմաշուք պատմությունը, հնչեցնում հերթական պատվավոր անդամների ցանկը, չեն ներկայացնում, թե պատվավոր անդամները քաղաքի համար ինչու են պատվավոր: Բաժանում են բնակարաններ, հուշանվերներ, դրոշակներ, ամենուր երգ ու պար է, ծափողջույններ են ու մեղրածոր փառաբանումներ:
Երկու կողմից, ավտոմեքենաների երթեւեկության համար, Մաշտոցի լայնարձակ պողոտան փակել են: Մարդիկ ազատորեն քայլում են փողոցով, շունչ քաշում, ժպտում են, հեծանիվ քշում: Երջանիկ են, որ մի օր քաղաքի փողոցներից մեկն իրենց է պատկանում:



Այս քաղաքը բանտարկությունից ազատագրվել է ուզում: