Փոստանջյանից պրծում չկա

Փոստանջյանից պրծում չկա

Երբ Զարուհի Փոստանջյանը վեց ամսով գտնվում էր ԱՄՆ-ում, ԱԺ նիստերն այնքան էլ լարված չէին անցնում: Միացյալ Նահանգներից վերադառնելուց հետո, շատերը կարծիք հայտնեցին, որ խորհրդարանին, մասնավորապես դահլիճի իշխանական հատվածին, ծանր օրեր են սպասվում: Եվ նրանք, ովքեր համարում էին, որ Փոստանջյանը ՀՀԿ-ին օր ու արեւ չի տալու, կարծես թե չէին սխալվում: Երեկ նիստի հենց սկզբում, օրակարգի հաստատման ժամանակ, Փոստանջյանը ձայն խնդրեց՝ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալու համար, սակայն ելույթ ունեցավ Շանթ Հարությունյանի թեմայով: Անգամ երբ Շարմազանովն անջատեց խոսափողը, Փոստանջյանը շարունակեց խոսել, մինչեւ որ նրա ձայնը խլացրեցին այլ ելույթներով:



Կարճ ժամանակ անց նա նորից ձայնի իրավունք ստացավ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին խնդրելով պարզաբանել, թե ինչով կապ չունի Շանթ Հարությունյանի ու նրա որդու ազատազրկման հարցն այսօրվա օրակարգի հետ: Փոստանջյանը նշեց, որ նրանք քաղբանտարկյալ են, եւ ավելացրեց, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նախապես գնահատական է տվել եւ ուղղորդել դատավարության ընթացքը՝ ընդգծելով, որ Շանթը սովորական հանցագործ է, այլ ոչ թե քաղբանտարկյալ: Գալուստ Սահակյանը պարզաբանեց. «Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահն է, այդ դեպքում նաեւ Ձեր նախագահն է եւ Հայաստանի քաղաքացիների նախագահն է: Այնպես որ, ցանկացած հարց կարելի է քննարկել, բայց ոչ օրակարգի հետ կապված, առավել եւս՝ հայտարարությունների ժամին, հարցուպատասխանի ժամանակ եւ այլն»: Փոստանջյանն արձագանքեց. «Սերժ Սարգսյանը Ձեր խմբակի ղեկավարն է, ոչ թե ՀՀ նախագահը»:
Այսքանով, սակայն, «կինոն» չավարտվեց: Օրվա վերջում՝ ՄԻՊ-ի զեկույցի վերաբերյալ ելույթների ժամանակ, Փոստանջյանը նորից օգտվեց ելույթ ունենալու իր իրավունքից՝ այս անգամ արդեն ԱԺ ամբիոնից, եւ նշելով, որ Հայաստանում դատական համակարգը չի գործում, շեղվեց թեմայից եւ, օգտվելով առիթից, որոշեց կարդալ մի դատավճիռ` «հանուն հայ ժողովրդի ու ազատ, անկախ, միացյալ Հայաստանի»: «Սերժ Սարգսյանը, ով բնակվում է Բաղրամյան 26-ի պալատում…»,-իր դատավճիռն այսպես սկսեց տիկին Փոստանջյանը, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարազանովն ականջները սրած դրան էր սպասում, որ խոսափողն անջատեր: «Տիկի՛ն Փոստանջյան, ես ստիպված եմ արդեն երրորդ անգամ Ձեր խոսափողն անջատել»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը: Սակայն տիկին Փոստանջյանը շարունակեց ընթերցել «դատավճռի» տեքստը, բայց արդեն անջատված խոսափողով: «Տիկի՛ն Փոստանջյան, Ձեր խոսափողն անջատված է: Ձեզ ոչ ոք չի լսում»,- հիշեցրեց Շարմազանովը, բայց Փոստանջյանը շարունակում էր կարդալ: Փորձեց տեղից գործին միջամտել ՀՀԿ-ականներից առավել ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը: «Պարո՛ն Գեղամյան, խնայե՛ք Ձեր նյարդերը»,-հորդորեց Շարմազանովը նրան: Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց, թե սա կարգազանցության վառ օրինակ է: «Խնդրում եմ, գրի՛ առեք, չնայած` անբուժելի է... Բարի՛ եղեք պահպանել Ձեր իսկ ներկայացրած օրինագիծը»,-ասաց ԱԺ նախագահը՝ հիշեցնելով օրեր առաջ Փոստանջյանի ներկայացրած օրինագիծը կարգազանց պատգամավորներին պատժելու վերաբերյալ: Ընդհանրապես Փոստանջյանին «կարգի հրավիրողների» պակաս երեկ չէր զգացվում, հատկապես ակտիվ էին Գեղամյան-Բաբուխանյան-Հարությունյան եռյակի անդամները:



Իսկ «կուլմինացիան» ապահովեց Հայկ Բաբուխանյանը, ով իրեն հատուկ ոճով սկսեց գործընկերոջը վիրավորել ամբիոնից՝ ակնհայտ անտեսելով Շարմազանովի՝ կոռեկտություն պահպանելու կոչերը: Բայց Բաբուխանյանին կասեցնելն անհնարին էր: Նրա կարծիքով, Փոստանջյանն «անբուժելի է», «թող բուժվի, նոր խոսի» եւ այլն, ապա սկսեց մեղադրել նաեւ համասեռամոլներին ու Կոնչիտային իբրեւ թե պաշտպանելու մեջ՝ կրկին հիշեցնելով, որ ինքն ավանդական արժեքների կողմնակից է, ուստի թող գրողի ծոցն անցնեն բոլոր կոնչիտաները: Փոստանջյանին պաշտպանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ով շեշտեց, որ Փոստանջյանի խոսափողն անջատելն ակնհայտ կանոնակարգ-օրենքի խախտում է:



ՀԳ. ՀՀԿ-ականներին արժե հիշեցնել, որ օրեր առաջ ԵԽԽՎ դահլիճում նույն պահվածքով աչքի էր ընկել նաեւ իրենց խմբակցության անդամը՝ Հերմինե Նաղդալյանը, երբ խոսափողն անջատելուց հետո շարունակել էր խոսել, ինչը բացասական հետեւանքներ ունեցավ մեր երկրի իմիջի վրա: