Եռյակը լռում է ճգնաժամի հաղթահարման մեթոդների մասին, ՀՀԿ-ն բոյկոտի կոչեր է հնչեցնում

Եռյակը լռում է ճգնաժամի հաղթահարման մեթոդների մասին, ՀՀԿ-ն բոյկոտի կոչեր է հնչեցնում

Արտահերթ կարգով ԱԺ օրակարգում ընդգրկած երկու նախագծերի մասին եռյակի պատգամավորները չեն ցանկանում մանրամասնել: Հիշեցնենք, որ երեկ եռյակը` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները, 44 պատգամավորական ստորագրություններ են հավաքել եւ ՀՀԿ-ի դիմադրությունը ճեղքելով՝ խորհրդարանի օրակարգ են մտցրել հայտարարության եւ որոշման նախագիծ: Առաջինը վերաբերում է ՀՀ-ում ստեղծված կառավարման ճգնաժամին, մյուսը՝ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀԿ-ական պատգամավորների «պադդերժկայով» Գալուստ Սահակյանը փորձեց նշված երկու հարցերի ընդգրկումն օրակարգ թույլ չտալ՝ հայտարարելով, որ արտահերթ կարգով օրակարգ է մտցվում ՀՀ սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն ծավալելու վերաբերյալ կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված հարցը, բայց եռյակի համառության արդյունքում ՀՀԿ-ի փորձերը տապալվեցին:



«Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին» վերնագրով մոտ մեկ էջանոց հայտարարության նախագիծը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամին: Հայտարարության հեղինակները կառավարման ճգնաժամը բացատրում են կոռուպցիայով եւ մենաշնորհներով, աղքատության բարձր մակարդակով եւ արտագաղթով, ընտրական համակարգի նկատմամբ առկա անվստահությամբ եւ, որպես դրա հետեւանք, իշխանության լեգիտիմության կորստով ու բազմաթիվ այլ հանգամանքներով: «Հակակոռուպցիոն եւ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության մի շարք առանցքային ցուցանիշներով Հայաստանն անթույլատրելի ցածր նիշեր է զբաղեցնում, իսկ կոռուպցիոն բուրգի պատճառած վնասը կազմում է տարեկան ավելի քան 2.5 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան երկրի պետական բյուջեն է:



Երկրում չեն հաղթահարվում աղքատությունն ու գործազրկությունը: Պաշտոնական տվյալներով, վերջին հինգ տարիներին այն տատանվում է 32-35%-ի սահմաններում՝ միեւնույն ժամանակ չցուցաբերելով նվազման որեւէ միտում: Ամբողջությամբ վերացել է քաղաքացիների, քաղաքական ուժերի եւ ողջ հասարակության վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ, ինչի հետեւանքով կասկածի տակ են դրված բոլոր մակարդակի ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքները, եւ, հետեւաբար, ստեղծվել է իշխանության լեգիտիմության ճգնաժամ: Այս ամենի արդյունքում թափ է առել եւ սպառնալի չափերի է հասել երկրից քաղաքացիների արտագաղթը` վերջին չորս տարիներին կազմելով շուրջ 213 հազար մարդ»,- նշված է հայտարարության տեքստում: Դուրս չի մնացել նաեւ արտաքին քաղաքականության հարցը, հայտարարության հեղինակները կարծում են, որ «նախաձեռնողական» քաղաքականության ձախողումների արդյունքում տուժել է ՀՀ միջազգային վարկը: Սաստկանում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջազգային մեկուսացումը, որի հետեւանքով միջազգային կազմակերպություններում ընդունվում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դիրքերը թուլացնող անբարենպաստ որոշումներ: «Այսպիսով, երկրում առաջացել է կառավարման համակողմանի ճգնաժամ, եւ ՀՀ Ազգային ժողովն անհրաժեշտ է համարում այն հաղթահարելուն ուղղված հրատապ քայլերի իրականացումը»: Թե որոնք են «հրատապ քայլերը», եւ կոնկրետ ինչ պետք է արվի այդ ճգնաժամը հաղթահարելու համար, եռյակի պատգամավորները երեկ մեզ հետ զրույցում միաձայն հորդորում էին սպասել քննարկմանը: Նիստի վերջում՝ հայտարարությունների ժամին, Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այդ քայլերի մասին իրենք կտեղեկացնեն հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ: «Մենք հենց այնպես չէ, որ հանդես ենք եկել արտահերթ քննարկման առաջարկով՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի վերաբերյալ: Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ արձանագրել են, որ Հայաստանի իշխանությունները բոլոր ուղղություններով ձախողել են՝ ձեւավորել են կոռուպցիոն համակարգ, ստեղծել են արտագաղթ, ձախողել են արտաքին քաղաքականության հարցում: Ի վերջո, մենք ուզում ենք այս ամենն արձանագրել, քանի որ անհրաժեշտ է ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ: Ամբողջ ժողովուրդն սպասում է այս հարցի պատասխանին»,- նախօրեին էլ հայտարարել էր Լեւոն Զուրաբյանը: Մանուկյանի հայտարարությունից առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին հարցրինք՝ ի՞նչ քայլեր են առաջարկում, ենթադրենք, մենաշնորհները վերացնելու ուղղությամբ, նա զարմացած հարցրեց. «Ի՞նչ առումով», ապա բացատրեց, որ դա ընդամենը որոշում է, որը դեռ պետք է ընդունվի: «Մյուս նախագիծն էլ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ոչ օրենք է, ոչ էլ… խոսքն ընդամենը որոշման մասին է, նախ պետք է որոշումն ընդունվի, որ հետո փոփոխություններ առաջացնենք»,- մանրամասնեց ԲՀԿ-ականը:



Նշենք, որ Ընտրական օրենսգրքում եռյակն առաջարկում է, մասնավորապես, փոփոխել ընտրակարգը՝ այն դարձնելով 100 տոկոսանոց համամասնական: Մենաշնորհները եւ կոռուպցիան տնտեսության «չարիք» համարող եռյակի ներկայացուցիչները եւ հատկապես ԲՀԿ-ականները նույնպես դժվարանում են նշել, թե ինչ են առաջարկում դրա վերացման համար: Ինչպես նաեւ դժվարանում են իրենց կողմից արձանագրված կառավարման ճգնաժամի դեմ գործնականում պայքարել՝ ենթադրենք, բոյկոտելով խորհրդարանի աշխատանքները կամ վայր դնել իրենց մանդատները: Ի դեպ, այս մասին երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ուղիղ ակնարկ արեց նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ եռյակին հորդորելով. «Եթե ոչ լեգիտիմ ընտրություններ են եղել, ապա մի մասնակցեք ոչ լեգիտիմ խորհրդարանի աշխատանքներին, թե չէ տարին մեկ նման հայտարարություններ անելով՝ ոչինչ չեք ապացուցի»: