Թեև մենք ածու ենք փոքր…

Թեև մենք ածու ենք փոքր…

Երբ Մաշտոցը Պուգաչովայի կրծքերը, իսկ Խորենացին ՙՅախք՚ Բաբուխանյանի կուրծքն է զարդարում, ակամա մտածում ես` մի՞թե վերջինը ավելին չի արել մեր ժողովրդի համար, քան ռուսական էստրադայի պրիմադոննան: ՙԻրավունքը՚ մեզ մեղադրել է չկամեցողության և նախանձ լինլու մեջ: Ահա և նախանձում ենք` պահանջելով ՙՅախք՚ Բաբուխանյանի համար ավելի լավ մեդալ:



Երկու խոսք ՙՅախքի՚ մասին: Մովսես Խորենացու մեդալակրին սազական չէ մարդկանց անունները աղավաղելը: Մի առիթով ՙՀրապարակի՚ գլխավոր խմբագրի հասցեին նման բան իրեն թույլ է տվել դատարկահռչակ Արտաշես Գեղամյանը, որից հետո, քանիցս, ՙԻրավունքի՚ էջերում փորձել են կապկել նրան` կրկնելով նրա ապուշությունները: Հանդուրժվել ու դատի չեն տվել զուտ մեկ նկատառումով` սիրուն չի, երբ մամուլն է դատի տալիս մամուլին: Բայց և դա հիմք չպիտի տա, որ երես առնեն:



Մեր վերջին հրապարակումներից մեկը (Մեզի բմբուլ պետք չի, Հրապարակ, 28 հոկտեմբեր, 2014թ.) նվիրված էր հայ իրականությանը քաջ հայտնի մի կիսաքաղաքական երևույթի Մովսես Խորենացի մեդալով պարգևատրելու արտառոց դեպքին, որին, իբրև պատասխան, ՙԻրավունքում՚ (29 հոկտեմբեր, 2014թ.) հայտնվեց ոմն Հ. Տեր-Վահանյանի իբր թղթակցությունը, որի բուն հեղինակը, մեր կարծիքով, ոչ այլ ոք է, եթե ոչ Հայկ Բաբուխանյանը` Տեր-Վահանյան ազգանունը որպես պահպանիչ փափախ գլխին քաշած: Ահա այսքան քաջ է Մովսես խորենացի մեդալակիրը և այսպիսի ակնառու ներդրում ունի ՙԻրավունք՚ թերթի կայացման գործում: Մեր հաստատ համոզմամբ` ուրիշի ազգանվան տակ թաքնվելը, թերթի աշխատակիցներին աղտեղություններ գրել տալը նրա աշխատաոճն է, որի դեմ ոչինչ անել չես կարող: Ինչևէ, Հ. Տեր-Վահանյանը գրել է, թե իրենց սիրունին նախանձում ենք: Քավ լիցի, պարոնայք, իմ դարդը Հայկ Բաբուխանյանը չի, Մովսես Խորենացին է, որի դեմքը, պատկերացնում եմ, թե ինչպես է ծռմռվել, երբ իր անվամբ մեդալը կախել են Բաբուխանյանի դոշից: Ավելին ասեմ` ընթերցողներից մեկն իմ հոդվածի տակ արձագանք է թողել. ՙԱվելի լավ կլիներ, որ գրեքիք` մեդալը տվել են հետմահու: Դե լավ էլի, սիրելի ընթերցող, ինչպե՞ս կարելի է: Նախանձում ենք` չենք պրծնում, այդպիսի բան գրե՞նք` ինչ կլինի:



Հ. Տեր-Վահանյանը ինձ ասում է` դու որ դադարես գրել, ոչ ոք չի նկատի, քանզի արդեն 100 տարի է գրում ես, ու մեջը բան չկա, բանի չես հասել: Խոցված եմ: Նայում եմ իմ անցած ճանապարհին ու տեսնում, որ, իրոք, ոչ մի ակնառու բան չեմ արել. դատարաներում սուտ վկայություններ չեմ տվել, քննիչներին սխալ ուղղությամբ չեմ տարել, ընկերներիս նեղ պահին կասկածելի վարքագիծ չեմ ցուցաբերել, կուսակցապետիս չեմ դավաճանել, նրա աթոռը չեմ խլել, իմ կուսակցությունը լեյտենանտ Շմիդտի զավակի կարգավիճակի չեմ հասցրել, ուրիշի ցուցակով պատգամավոր չեմ դարձել, հարբած վիճակում փախստական երեխայի ու նրա մորը չեմ ծեծել, լրատվամիջոցի դատի չեմ տվել, ուրիշ կառույցի գործակալ չեմ եղել, Դիմա Կիսելյովի կոշիկը չեմ մաքրել, ռուսալեզ սրիկա չեմ եղել: Փոխարենը` համալսարանում դասերս թողել, ասպիրանտուրայում դիսերտացիաս թողել, պատերազմի օրերին էշ-էշ գնացել եմ հայկական բանակ, երկիր պաշտպանել, որ պոլիտեխնիկի որոշ լաբորանտներ կարիերա անեն ու վերջն էլ այսպիսի խայտառակություն` Մովսես Խորենացու մեդալ ստանան` իրենց, չգիտեմ որ, ակնառու ներդրումների համար: Այսքանից հետո, մտածում եմ, ավելի լավ չէ՞, որ մարդիկ չնկատեն գրիս բացակայությունը, քան թե հետևիցս ասեն` ՙօֆ է, սրանից պրծանք՚:



Ակնհայտ է, որ որոշ մարդկանց ընդամենը մի քանի տարի է մնացել իշխանության մեջ քարշ գալու: Նմաններին, սովորաբար, շնորհակալություն են հայտնում մատուցած ծառայությունների ու արժքավոր ստոաքրշության համար, և, որպես կանոն, ի նշան երախտագիտության, մի կողմի վրա ձրի ուղեգիր, մեդալ ու նման բաներ են տալիս: Պոտենցիալ գնացողը, եթե խելք ունի, պիտի գլխի ընկնի, թե ինչու են իր հանդեպ այդքան սիրալիր դարձել:



Եվ վերջում նախանձի մասին: Խստորեն չճշտված վիճակագրությունը ասում է, որ 2008 թվականից այսկողմ Մովսես Խորենացի մեդալով պարգևատրվել է 415 + 1 մարդ` աշխարհի տարբեր երկրների, այդ թվում նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ: Նրանցից 289 + 1-ը տղամարդ է, 140-ը` կին: Ըստ տարեթվերի` նշված մեդալի կավալեր է դարձել` 2008-ին` 16, 2009-ին` 49, 2010-ին` 38, 2011-ին` 110, 2012-ին` 54, 2013-ին` 64 և 2014-ին, հոկտեմբերի 25-ի դրությամբ` 84 + 1 մարդ: Այսպիսով` 2008 թվականից այսկողմ 415 + 1 մարդ դարձել է Մովսես Խորենացու մեդալակիր, մենք եկել, մեկին ենք նախանձում: Դասականը կասեր` հիմա դու եկել, այդ մեկին նախանձում ես, հոդված ես գրում, որ ի՞նչ անես: Է~, մեծարգո դասական, իբր ես գիտե՞մ ինչու եմ հոդված գրում: Եթե գրելով բան փոխվեր, և, եթե, ինչպես Գևորգ Էմինն է ասել, բառը արճճի գնդակի պես լիներ մեզանում, հիմա շատ բան ուրիշ կերպ կլիներ: Հա, Խորենացին էլ ասում էր` թեև մենք փոքր ածու ենք, բայց մեզանում էլ երևելի շատ գործեր կան, որոնք պիտի գրի ու հիշատակի արժանանան: Էս է` արժանացնում ենք...