Համախմբվում են ընդդեմ Արկադի Ղուկասյանի վերադարձի

Համախմբվում են ընդդեմ Արկադի Ղուկասյանի վերադարձի

Արցախում կանխատեսված նշանակումներն այս օրերին իրականություն են դառնում: Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Արթուր Մոսիյանը երեկ դարձավ գլխավոր դատախազ: ԼՂՀ Ազգային ժողովը նրա օգտին գրեթե միաձայն քվեարկեց (24 կողմ, 2 դեմ, 2 անվավեր): Ոչ ՎՊ նախագահը, ոչ էլ գլխավոր դատախազը, ԼՂՀ օրենսդրությամբ, չեն կարող կուսակցական լինել, իսկ Մոսիյանը հայտնի է ՀՅԴ-ին իր պատկանելությամբ: Փոխարենը դաշնակցականներն առանցքային ուժային լծակ ձեռք բերեցին: Հոկտեմբերի 28-ին նախկին գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ով հին ոստիկան է եւ ԼՂՀ նախագահի մտերիմ մարդկանցից, հրաժարական ներկայացրեց եւ երեկ նախագահի հրամանով նշանակվեց ԱԱԾ տնօրեն՝ փոխարինելով այդ աթոռին Ռոբերտ Քոչարյանի քենակալ (բաջանաղ) Վիկտոր Քոչարյանին: Ազգանունների նույնությունը պատահական չէ, քանի որ Վիկտոր Քոչարյանը նաեւ ՀՀ երկրորդ նախագահի համագյուղացին է եւ հեռավոր ազգակցական կապ ունի նրա հետ: Սակայն Վիկտոր Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահի շնորհիվ չէ հայտնվել ԱԱԾ համակարգում: Նա խորհրդային կադր է: Անկախությունից ի վեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել համակարգում, աշխատել է 30 տարի: Հայտնի է նաեւ որպես Բակո Սահակյանի թիմակից: Երբ Բակոն ԱԱԾ տնօրեն էր, Վիկտոր Քոչարյանը նրա տեղակալն էր: Այժմ նա տեղափոխվում է Անվտանգության խորհուրդ՝ որպես ԱԽ քարտուղար: Իսկ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, որը նախկինում նաեւ ԱԽ քարտուղարն էր, այսուհետ պաշտոնավարելու է միմիայն որպես աշխատակազմի ղեկավար: Երեկ հայտնի դարձավ նաեւ Վերահսկիչ պալատի նախագահի անունը՝ Էռնեստ Ավանեսյան, ով 2008 թվականից ՎՊ պետի տեղակալն էր, իսկ մինչ այդ երկար տարիներ աշխատել է Ղարաբաղի «շեստոյի» պետ՝ ոստիկանության տնտեսական եւ պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ: Ավանեսյանը գնդապետ է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ, Բաքվից եկած փախստականներից: Նրա մասին խոսում են որպես ոլորտի պրոֆեսիոնալի: Այնուամենայնիվ, Ղարաբաղի հասարակ բնակիչների համար նոր նշանակումներն անհասկանալի են:



Ո՞րն է դրանց նպատակը: Արդյոք սրանով Բակո Սահակյանը հզորացնո՞ւմ է իր թիմը ընտրություններին ընդառաջ: «Էական նշանակություն չեմ տալիս Բակո Սահակյանի կադրային փոխատեղումներին,- հարցին պատասխանելով՝ ասաց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:- Արցախում ստեղծվել է մի կոռումպացված համակարգ, որի նպատակը պետական բյուջեի գումարները բարձրաստիճան պաշտոնյաների բիզնեսներին ծառայեցնելն է: Բակո Սահակյանի կադրերը, ինչ պաշտոն էլ նրանք զբաղեցնեն, ծառայում են այս համակարգի կենսագործունեությունն ապահովելուն»: Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի փոխանցմամբ, այս կադրային փոփոխությունները բոլորի համար էլ անհասկանալի են, եւ դեռ լիարժեք ինֆորմացիա չկա՝ դրանց բուն նպատակն ընկալելու համար: «Երեւի Բակո Սահակյանն իրոք ընտրությունների է պատրաստվում, փորձելով նաեւ սիրաշահել Դաշնակցությանը, ՀՅԴ դիրքերն ամրապնդել: Մի բան է պարզ, որ ԼՂՀ ներքին էլիտան փորձում է դիմակայել Արկադի Ղուկասյանի հնարավոր վերադարձին»: Քաղաքագետին մի քանի հարց տվեցինք:



- Ի՞նչ դիրքերում է այժմ Արկադի Ղուկասյանը: Արդյոք նա համախոհներ ունի՞ Արցախում:



- Ղուկասյանի դիրքերը թուլացել են: Նույնիսկ պրողուկասյանական համբավ ունեցող Արցախի ժողովրդավարական կուսակցությունն է անցել ներքին ուժերի կողմը: Արկադի Ղուկասյանն այստեղ ներկայում շատ քիչ հավատարիմ մարդիկ ունի, չունի քաղաքական հենք, նա չի խառնվում հասարակական եւ քաղաքական կյանքին: Նա ընկալվում է որպես Սերժ Սարգսյանի թեկնածու: Եթե դա այդպես է, ապա Հայաստանի նախագահի համար շատ դժվար է լինելու առաջ տանել նրան՝ որպես իշխանական թեկնածուի: Նույն այս կադրային փոփոխությունները ներքին կոնսոլիդացիա են Արկադի Ղուկասյանի հնարավոր գալստյան դեմ, սա փորձ է՝ հակադրվել այս «նշանակմանը»:



- Իսկ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ազդեցություն ունի՞ Արցախում, ըստ Ձեզ:



- Ունի, եթե պրակտիկ բաների մասին ենք խոսում: Միգուցե հեղինակություն ունի: Ղարաբաղում մարդկանց ահռելի զանգված կա, որոնք Քոչարյանի օրոք պաշտոններ են զբաղեցրել, եւ այս իմաստով նա, իհարկե, ազդեցություն ունի, բայց նա չունի ինստիտուցիոնալ հենարան՝ կուսակցություն, կազմակերպված ուժեր, որոնք պաշտպանեն նրան, իսկ իշխանությունը, հասկանալի է, որ Քոչարյանի հետ գործ չի բռնելու, քանի դեռ նրանք Հայաստանի իշխանությունների շարունակությունն են: Իսկ դրանում կասկած չկա: Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի, որ այստեղ էլ փոխվի: