Իսկ ո՞վ փչացրեց ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները

Իսկ ո՞վ փչացրեց ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները

Եռյակում վերջին օրերին հարաբերությունների անակնկալ վերափոխման եւ միմյանց հետ մամուլով «երկխոսելու» իրողությունը երեկ թեպետ կոտրվեց, ու երեք ոչ իշխանականները նախկինի պես հարցերը քննարկեցին մեկ սեղանի շուրջ՝ եռյակի հերթական նիստում՝ հիասթափեցնելով եռյակի պառակտմանն սպասողներին, բայց անորոշության մեջ մնաց, թե ինչ են անելու նրանք հետագայում, ու եռյակի որ ուժի մոտեցումներն են որդեգրվելու հետագա պայքարի ծրագրում: Երեւի այս անորոշության պատճառով էր, որ խորհրդարանի հերթական քառօրյայի մեկնարկին եռյակի գործընկերների եւ հատկապես ՀԱԿ-ԲՀԿ շարքերում չկային նախկին «շակալադնի» հարաբերությունները, ԱԺ տարածքում ցուցադրաբար միասին զբոսանքները, ելույթներով միմյանց աջակցելը:



Շարքերում լարված էին, բայց, ի տարբերություն քաղաքական հասունություն ունեցող ՀԱԿ պատգամավորների, ԲՀԿ-ականներն իրենց անհավասարակշիռ էին պահում: Նիստն սկսելուց առաջ խմբակցությունում նախ իրար գլխի հավաքվեցին, իսկ հետո բերանները ջուր առած լրագրողներից փախչում էին կամ էլ անտեղյակ ձեւանում: Օրինակ, ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը քիչ էր մնում մեզ մեղադրեր եռյակում տարաձայնություններ սերմանելու եւ իրենց «կռվացնելու» մեջ: Այս թեմայով մեր հարցերին ի պատասխան, միայն զարմացած բացականչում էր. «Բայց ի՛նչ տարաձայնություններ, բոլոր հարցերը միասին ենք քննարկում, միասին համաձայնությամբ որոշում կայացնում, ես չգիտեմ, թե Դուք ինչ տարաձայնությունների մասին եք խոսում, ինչ եք ուզում»:



Մինչդեռ հայտնի է, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստում կայացրած որոշումից հետո, երբ հայտարարվեց, որ ԲՀԿ-ն շարժման շտաբներ է ձեւավորում, եւ հանձնարարականներ իջեցվեցին ԲՀԿ ղեկավար կազմին, ՀԱԿ-ը մի քանի օրվա լռությունից հետո կիրակի օրը հայտարարություն տարածեց: Հայտարարության համաձայն, ընդդիմությունը, «զբաղվելով շտաբների ձեւավորմամբ եւ անորոշ ժամկետով հետաձգելով ակտիվ քաղաքական գործողությունները, կարող է ճակատագրական սխալ թույլ տալ, քանի որ իշխող վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ուժերն առավելագույնս մոբիլիզացնելու եւ շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար», ինչին ԲՀԿ խոսնակի արձագանքը եւս չուշացավ՝ ՀԱԿ-ն ազատ է ինքնուրույն հանրահավաք անել, երբ եւ որտեղ ցանկանա: Այլ կերպ ասած, ՀԱԿ-ին մատնանշել են, որ իրենք են որոշում. եթե ձեռք չի տալիս՝ բարի ճանապարհ:



ՀԱԿ-ում խուսափեցին սրել իրավիճակը, եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն սկսեց վստահեցնել, որ իրենց մեջ ոչ մի հակասություն չկա, կա մտահոգություն, որպեսզի համաժողովրդական շարժումը հաջողության հասնի. այս դեպքում ո՛չ ՀԱԿ-ի, ո՛չ էլ ԲՀԿ-ի հարցն է լուծվում, կարող են լինել բնական տարբերություններ շարժման մեթոդոլոգիայի, պայքարի ձեւերի շուրջ: Զուրաբյանն ընդգծեց, որ ոչ ոք չի ցանկանում, որ սխալ որոշումների պատճառով շարժումը տապալվի: Իրենք ոչ որեւէ մեկին են մեղադրում, ոչ էլ «մուննաթ» են գալիս. «Նման բան գոյություն չունի, մենք մեր տեսակետներն ենք ներկայացնում: Համոզված ենք մեր տեսակետների մեջ եւ ցանկանում ենք, պնդում, որ մեր տեսակետը հաղթի»:



Թե ինչու է ԲՀԿ-ն հետ կանգնում ակտիվ գործողությունների պլանից, Զուրաբյանը զարմացավ. «Իսկ ո՞վ ասաց, թե հետ է կանգնում»: Այդ դեպքում ինչո՞ւ է ՀԱԿ-ը նման հայտարարություն տարածելու անհրաժեշտություն տեսել, Զուրաբյանը նորից խուսափեց հստակությունից, ինչպես նաեւ նորմալ համարեց ԲՀԿ-ի արձագանքն իրենց հայտարարությանը. «Այո՛, դա շատ նորմալ է, դաշնակցային հարաբերություններ են, իսկ դաշնակցային հարաբերություններում մոտեցումների տարբերությունները նորմալ են»: Նա անգամ բերեց Ստալինի եւ Չերչիլի օրինակը, նշելով, որ նրանք նույնպես բանավիճում էին, մեկն ասում էր, օրինակ, որ նացիստների դեմ հակահարձակումը Բալկաններից սկսել, մյուսը համոզված էր, որ դա կխանգարի պատերազմին: Արդյո՞ք ԲՀԿ-ի՝ այս փուլում ակտիվ գործողություններից հրաժարվելը կապ ունի Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպման հետ, ինչի մասին վերջերս հրապարակումներ եղան, Զուրաբյանն ասաց, որ ինքը ԲՀԿ-ից կոնկրետ հաստատում չի ստացել, որ նման հանդիպում տեղի է ունեցել:



Գագիկ Ծառուկյանը նստացույց կանի՞



«Որեւէ խորքային տարաձայնություն չկա, մշտապես կապի մեջ ենք մեր գործընկերների հետ: Այնպես չէ, որ սուր առճակատման ինչ-որ խնդիր է դրված: Մշտապես կապի մեջ ենք մեր կողմից, ինչպես նաեւ մեր գործընկերների, այդ թվում եւ ՀԱԿ-ի հետ: Բոլոր հարցերը քննարկվում են աշխատանքային մթնոլորտում»,- իր հերթին փորձեց վստահեցնել ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանը: Նա ասաց, որ ԲՀԿ-ն դեմ է ինքնանպատակ հանրահավաքներ անցկացնելուն: Իսկ ավելի ուշ՝ եռյակի նիստից հետո, ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը մեր հարցին ի պատասխան հայտարարեց, թե հանրահավաքների անցկացումը բոլորն են հույժ կարեւոր համարում, ԲՀԿ-ն ոչ թե հրաժարվել է հանրահավաքային պայքարից, այլ պարզապես կարծում են, որ հանրահավաք անելու դեպքում պետք է լուրջ թիկունք ունենալ, որին իրենք նախապատրաստվում են:



Ի հեճուկս Լեւոն Զուրաբյանի, ով երեկ խոստացավ, որ ՀԱԿ-ն ամեն ինչ անելու է, որ մինչեւ տարեվերջ հանրահավաք լինի, Ստեփան Մարգարյանն այդպես էլ չասաց, թե երբ է լինելու եռյակի հաջորդ հանրահավաքը: «Շարժումը բավականին լուրջ փուլ է թեւակոխել, եւ այստեղ լուրջ քննարկումներ, անելիքներ կան, բոլոր հարցերը պետք է ստանան լուծումներ»,- ասաց Մարգարյանը: «Մենք մեծացնում ենք ճնշումները, փողոցային ակցիաները, նստացույցները, պիկետները եւ դրանով ստիպում ենք ռադիկալ քայլերի գնալ»,- ասաց նա՝ չբացառելով, որ եթե պահը գա, Գագիկ Ծառուկյանը եւս նստացույց կանի: