Ծառուկյանը «զադնի՞» է դնում, թե՞ Սերժ Սարգսյանն է մութ սենյակում կատու ման գալիս

Ծառուկյանը «զադնի՞» է դնում, թե՞ Սերժ Սարգսյանն է մութ սենյակում կատու ման գալիս

Ոչ իշխանական եռյակի տունն ընկած կռիվը դեռ չէր մարել, երբ կրակի վրա յուղ լցրեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ ուշադրությամբ հետեւում է ներքաղաքական զարգացումներին, ու հորդորելով կառավարությանը վերադառնալ ոչ իշխանական ուժերի առաջ քաշած 12 կետին եւ ուսումնասիրել լուծումների հնարավորությունը:



Դեռեւս սեպտեմբերի վերջին կառավարությունը բավական ծավալուն, բայց ջուր ծեծող հայտարարությամբ պատասխանել էր այդ պահանջներին ու մերժել անխտիր բոլորը: Սերժ Սարգսյանը որոշեց այն պահին հանձնարարել «փշերով չընդունել» այդ պահանջները եւ ճանապարհային քարտեզ կազմել յուրաքանչյուր կետի կատարման վերաբերյալ, երբ հաստատվեց Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպման լուրը, իսկ դրանից հետո գաղտնազերծվեցին ՀԱԿ-ԲՀԿ մարտավարական տարաձայնությունները: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից հետո ՀԱԿ-ին միացավ նաեւ «Ժառանգությունը». Ռուբիկ Հակոբյանը երեկ հայտարարեց, որ իրենք նույնպես կողմ են հանրահավաքային աշխուժությանը: Եռյակի ուժերը երեկ պարտիզանական լռություն էին պահպանում՝ անպատասխան թողնելով հարցերը, թե արդյոք Սերժ Սարգսյա՞նն է խորացնում ինտրիգը՝ մութ սենյակում կատու որոնելով եւ եռյակին սակարկումների դաշտ ներքաշելով, որով կարող է ժամանակ ձգել եւ չեզոքացնել իր իշխանությանն սպառնացող վտանգը, թե՞ ԲՀԿ-Սերժ Սարգսյան հանդիպումն ու սակարկություններն այլեւս իրողություն են: Դեռ նախօրեին եռյակը խոստացել էր իրենց տարաձայնությունների եւ հետագա անելիքների մասին խոսել այսօր՝ եռյակի հերթական նիստից հետո:



Բայց մինչ այդ քաղաքական շրջանակներում առավել հակված են երկրորդ տարբերակին՝ հղում անելով ՀԱԿ հայտարարության տողատակերին, որ թեեւ ԲՀԿ-ի՝ շտաբներ ձեւավորելու իդեան լավ բան է, բայց չի աշխատի, եթե նվազեն հանրահավաքային աշխուժությունը եւ ալիքը, որոնք իշխանությանը հնարավորություն կտան վերադասավորվել եւ պառակտել եռյակը: ՀԱԿ հայտարարությունից պարզ երեւում էր, որ ԲՀԿ-ն կարող է փոխհամաձայնության գալ իշխանության հետ:



Սերժ Սարգսյանի հայտարարությունն էլ ավելի խորացրեց այդ կասկածները, այլապես ինչո՞ւ պետք է նա 12 կետը հիշեր, եթե ոչ իշխանական եռյակը հոկտեմբերի 24-ից ասես ընդհատակ է անցել եւ նույնիսկ երրորդ հանրահավաքի օր չի որոշել: Ու մինչ այսօր պատասխան կտրվի, թե արդյոք Ծառուկյանը «զադնի՞» է դնում ակտիվ պայքարից՝ իր պայքարը հրապարակից տեղափոխում իշխանության հետ երկխոսության սեղան, փորձեցինք ՀՀԿ-ականներից պարզել, թե ինչու է ՀՀԿ ղեկավարը հանկարծ հիշել եռյակին ու նրա առաջարկները:



Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ իրենք երբեք էլ չեն անտեսել դրանք. «Այն խնդիրը, որը 12 թե 22 կետերի հետ է կապված, մենք միշտ պատրաստ ենք քննարկել եւ հնարավորության սահմաններում այն, ինչ այսօր թույլ է տալիս մեր բյուջեն, ինչ թույլ են տալիս մեր հնարավորությունները, պատրաստ ենք այդ խնդիրներին անդրադառնալ եւ դրական լուծումներ տալ»: Արդյոք Ս. Սարգսյանն իր այդ հայտարարությունն արեց եռյակի իշխանափոխության պայքարը լռեցնելու կամ այդ պայքարից զգուշանալո՞ւ պատճառով: «Եռյակի պայքար ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, դուք միասնական պայքար տեսե՞լ եք: Ի՞նչ հայտարարություն են արել այդ մարդիկ, ի՞նչ ծրագրով են հանդես եկել»,- հակադարձեց Բաղդասարյանը:



«Իշխանափոխության հիմքեր բացարձակ չկան: Ինձ թվում է՝ նրանք պատրաստվում են 2017թ. ԱԺ ընտրություններին, ինչը ողջունում եմ»,- ասաց նա: Իսկ բացառո՞ւմ եք արտահերթ ընտրությունները: «Ես դրանց համար հիմքեր չեմ տեսնում»: Ի դեպ, որոշ տեղեկություններով, պայքարը լռեցնելու գինը հաջորդ ամռանն արտահերթ ընտրություններ անցկացնելու խոստումն է, թեպետ կա կարծիք, որ այդ մասին արտահոսքն իրականացնում են ԲՀԿ-ականները, որ ժողովրդի մոտ պայքարի ստիմուլ առաջացնեն: Իսկ իշխանական կողմից հավաստիացնում են, որ ԲՀԿ-ն փորձելու է մանեւրելով հասնել 2017թ.:



ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Սերժ Սարգսյանի անդրադարձը պայմանավորում է նրանով, որ եռյակը շարունակում է այդ թեման արծարծել. «Նախագահն էլ, ճիշտն ասած, հարմար գտավ մեկ անգամ եւս քննարկել, անդրադառնալ դրանց: Երբ որ անընդհատ արծարծվում է, պետք է անդրադառնալ եւ սպառիչ պատասխան տալ, որ այլեւս չարծարծվի այդ խնդիրը, կամ էլ քննարկել շեշտադրումները եւ փորձել ժամանակի մեջ նայել այդ»: Այսինքն՝ կառավարությունը մատների արանքով է նայել այդ պահանջներին: «Ոչ, իհարկե, լիարժեք քննարկում է եղել, իսկ նորից հաշվի չնստել չենք կարող, որովհետեւ դա նաեւ քաղաքական մշակույթ է, երբ դու փորձում ես օպոզիցիայի առաջարկներին ականջալուր լինել»: Ավետիսյանը հստակ պատասխան չի կարող տալ՝ կկատարվե՞ն բոլոր կետերը: «Այնտեղ կետեր կան, որ արդեն կատարվել են, բայց կան կետեր, որոնք այս դրությամբ անլուծելի են, օրինակ՝ արտահերթ ընտրությունները եւ 100 տոկոս համամասնականին անցումը»:



ՀՀԿ քարտուղար Գագիկ Մելիքյանը զարմանում է մեր հարցից՝ 12 կետը ե՞րբ է օրակարգից դուրս եկել, այո, կառավարությունը պատասխանել է, բայց պատասխանը շարունակական բնույթ պետք է կրի. «Եվ ճանապարհային քարտեզը, որ կա մշակված կամ առաջիկայում պետք է մշակվի լուծման համար, դրանք պետք է ընթացքի մեջ լուծվեն»: Այսինքն՝ եռյակն ըստ էության հրաժարվել է 12 կետից եւ իշխանափոխության գործընթաց է սկսել: Մելիքյանն արձագանքեց. «Ո՞վ է ասում, որ հրաժարվել է, որեւէ մեկը չի հրաժարվել այդ կետերից»: Մինչդեռ հոկտեմբերի 10-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ 12 պահանջների թեման փակված է, եւ քառյակն այնքան միամիտ չէր, որ դրանք ներկայացնելիս հավատար, թե իշխանությունը կատարելու է:



Այս հայտարարությունից հետո թերեւս անհասկանալի կլինի նաեւ, որ ՀԱԿ-ը համաձայնի շարունակել ԲՀԿ-ի հետ ոչ հեղափոխական ճանապարհը: