Ինչից է առաջացել խառնաշփոթը

Ինչից է առաջացել խառնաշփոթը

Սերժ Սարգսյանի նախանշածի համաձայն, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ըստ նախատեսվածի, այսօր կքննարկվի ՀՀ ՍԴ-ում, եւ, ամենայն հավանականությամբ, ՍԴ որոշումը՝ այդ պայմանագրի սահմանադրականության համապատասխանության վերաբերյալ, կունենանք նոյեմբերի 17-18-ին կամ նույնիսկ դրանից մի քանի օր անց, որից հետո փաթեթը կուղարկվի ԱԺ հանձնաժողովների քննությանը, ապա նոր միայն կվավերացվի դեկտեմբերի սկզբին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում:



Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը, որը նա արեց Արմենպրեսին տված հարցազրույցում, բացահայտում էր այն առումով, որ ընդամենը շաբաթներ առաջ իր կուսակիցները եւ գլխավորապես ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարում էին, որ ԵՏՄ փաստաթուղթը նախատեսվում է ԱԺ վավերացմանը ներկայացնել նոյեմբերի 17-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում:



Բաղդասարյանը մի շարք լրատվամիջոցների հայտնել էր, որ եթե ՍԴ-ն հասցնի որոշում կայացնել նոյեմբերի 14-ին, ապա հենց հաջորդող երկուշաբթի էլ փաթեթը կմտնի ԱԺ արտահերթ նիստի օրակարգ: Որոշ տեղեկություններով, ի սկզբանե իշխանությունը ծրագրել է հենց այսպես՝ նոն-ստոպ տարբերակով հորով-մորով անել պայմանագրի վավերացման տարբերակը, քանի որ ի սկզբանե որոշված էր, թե ՍԴ-ն ինչ պետք է գրի իր որոշման տեքստում, էլ ի՞նչ իմաստ ունի անիմաստ ժամանակի վատնումը: Այդպիսով կարող էին օր առաջ Ռուսաց թագավորին ի ցույց դնել իրենց հնազանդությունը՝ վազն անցնելով ոչ իշխանական եռյակին: Բայց իշխանության խաղաքարտերը խառնվեցին այն ժամանակ, երբ միջազգային պայմանագրերի քննության ՍԴ ընթացակարգի վերաբերյալ հետաքրքրվողներ հայտնվեցին:



Բանն այն է, որ եթե նույնիսկ ՍԴ-ն այսօր ձեւական կողմը պահպանի, եւ որոշումը կայացվի ոչ թե նույն օրը, այլ հաջորդ շաբաթվա աշխատանքային առաջին օրը, միեւնույն է՝ ըստ կանոնակարգի, պայմանագիրն ԱԺ-ում պատշաճ շրջանառության մեջ պետք է դրվի, համապատասխան հանձնաժողովում քննարկվի եւ նոր միայն ներկայացվի ԱԺ վավերացմանը: Երեկ այս թեմայի վերաբերյալ մեր հարցերին ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է, թե հետաձգումը պայմանավորված է նրանով, որ ԱԺ-ն դեռ չի հասցրել քննարկել կառավարության ներկայացրած բյուջեի հարակից օրինագծերը, եւ երկուշաբթի հրավիրելիք արտահերթում հենց այդ հարցերն են քննարկվելու:



ԵՏՄ պայմանագիրը քննարկելու մասին Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման համաձայն՝ գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ անդամներ Վլադիմիր Հովհաննիսյանը եւ վերջերս Եվրադատարանից Հայաստան վերադարձած Ալվինա Գյուլումյանը, ով ՍԴ անդամի լիազորություններն ստանձնել է այս տարվա հոկտեմբերի վերջին: Մինչ այդ նա 10 տարի շարունակ եղել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի դատավոր, ՍԴ անդամի պաշտոնում վերանշանակվելուց հետո սա առաջին եւ կարեւոր փորձությունն է լինելու տարիներ շարունակ եվրոպական քաղաքակրթության բարձր դիրքերից ներկայացող տիկին Գյուլումյանի համար, որից այժմ պահանջվում է հիմնավորել, որ Ռուսաստանի մաս դառնալը չի հակասում ՀՀ սահմանադրությանը: