Եռյակը վստահության պակաս ունի, ու իմ համալրմամբ վստահություն կգա

Եռյակը վստահության պակաս ունի, ու իմ համալրմամբ վստահություն կգա

Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցության անունից երեկ հայտարարություն տարածվեց եռյակին «ձեռք մեկնելու» մասին: Կուսակցությունը «մտահոգված է երկրում տիրող իրավիճակով, ողջունում եւ համագործակցության ձեռք է մեկնում եռյակին՝ համոզված լինելով, որ համաժողովրդական հզոր շարժումը կլուծի մեր երկրի զարգացման ուղին: Օր առաջ պետք է այս իշխանությունը հեռանա, որպեսզի նոր ուժը կարողանա տեղ տալ նոր, համազգային ներուժի ապահովման, ծրագրերի մշակման եւ դրանք կյանքի կոչելուն: Ազգովի պետք է որոշենք ապրելու, ստեղծագործելու, հզորանալու, արդար երկրում ապրելու առաքելությունը»: Առաջին հայացքից այս հայտարարությունը կեղծ թվաց այն պատճառով, որ բոլորովին վերջերս ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը քարը քարին չէր թողնում: «Ես եռյակին չեմ համարում ընդդիմադիր, որովհետեւ այնտեղ կա նախկին նախագահ, նախարար, չեմ հավատում, որ չինովնիկական վերնախավի կողմից լինի հեղափոխություն, նման դեպքերում լինում է պայմանավորվածություն»,- օրերս ասել էր Տիգրան Կարապետյանը՝ եզրակացնելով. «Հանրահավաքներ են անում, որ տեղը թափուր չմնա, իրենք վախենում են նոր ուժից»: Բայց մեր զրույցի ժամանակ Կարապետիչն այլ շեշտադրումներ արեց:



- Պարոն Կարապետյան, հայտարարությունն իսկապե՞ս Ձեր կուսակցության անունից է, որովհետեւ մի փոքր անհավատալի է, ընդամենը օրեր առաջ Դուք այլ կարծիք ունեիք, չէիք հավատում եռյակին ու նրա սկսած գործին, ասում էիք՝ անարդար ընդդիմություն է, հիմա կարծես աջակցություն եք հայտնում:



- Էլի չեմ հավատում, բայց դա ի՞նչ կապ ունի, եթե իշխանափոխություն է լինելու, մենք կողմ ենք, շուն-գել՝ ով ուզում ա անի:



- Այսինքն՝ հիմա Դուք հավատո՞ւմ եք, որ նրանց նպատակն իշխանափոխությունն է:



- Ես չեմ հավատում, բայց եթե հայտարարում են իշխանափոխություն, մենք ո՞նց կարանք մնանք անտարբեր, եթե մարդիկ հայտարարում են:



- Շատ մարդիկ շատ բան են հայտարարում, ինչո՞ւ նրանց չեք արձագանքում, Դուք առաջիններից մեկն էիք, որ ասացիք՝ եռյակը «տինտիրիտներ» է անում, մի հավատացեք, դաշտը փակում են, որ ուրիշ ուժեր չգան:



- Այսօր էլ եմ քննադատում, բայց այնտեղ Գագիկ Ծառուկյան կա, ես չեմ հավատում Րաֆֆիին, չեմ հավատում Լեւոնին, հավատում եմ Ծառուկյանին: Ծառուկյանը ժողովրդի համար լումա ունի ներդրած, ամեն օլիգարխ չի, որ կիսվում ա ժողովրդի հետ, ինքը եթե կիսվում է, ուրեմն ժողովրդի մասին է մտածում: Փող ծախսելն այդքան հեշտ չի, դե թող ծախսեն, միլիարդներ ունեն: Համենայնդեպս, դրական գործոնն այն է, որ անձը մտածում է ժողովրդի մասին, իր մասին է մտածում, բայց որոշակիորեն ռիսկի է գնում: Եթե դա անկեղծ է, մենք կտեսնենք: Բա ժողովուրդը ո՞նց կընկալի, եթե չմիանամ, կասի՝ հեղափոխություն են անում, Տիգրան Կարապետյանն էլ չի միանում: Ես ասել եմ, որ յուրաքանչյուր շարժմանը կողմ եմ, բայց ես վերապահումներ ունեմ, ոչ թե քոռ-քոռ ասում եմ… Հիմա եթե իրենք ընդունեն մեր մեկնած ձեռքը, մենք կպահանջենք, որ առաջնորդ լինի, էս վիճակը, որ իրենք առաջնորդ չունեն, եռյակ է, քառյակ է, մեզ ձեռ չի տալիս:



- ԲՀԿ-ն վաղուց չէ՞ լիդերությունն իր ձեռքը վերցրել, Գագիկ Ծառուկյանն էլ քաղխորհրդի նիստում ընդունած որոշումով հասկացրեց, որ պատասխանատվությունը վերցնում է իր վրա:



- Չէ, դե պետք է համաձայնեն հետը: Ծառուկյանին ես հավատում եմ, որովհետեւ ուրիշ ճար չունի:



- Շատերը շարժման պասիվացման եւ հանրահավաքների դադարեցման «մեղքը» հենց ԲՀԿ-ի ու Ծառուկյանի վրա են դնում, ու, ընդհանրապես, խորը կասկածներ կան, որ օլիգարխն իշխանափոխության համար է պայքարում, բայց շարունակում է մնալ օլիգարխ, մինչդեռ նախկինում մենք տեսանք, թե որոշ գործարարներ ինչպիսի ճակատագրի արժանացան, ինչպես խլեցին նրանց ունեցվածքը՝ համաժողովրդական շարժման շարքերն անցնելու համար:



- Շատ ներողություն, իսկ ո՞վ չի արժանանում այդպիսի ճակատագրի, ես չարժանացա՞, թե՞ ով չարժանացավ: Ես մի քիչ ավելիին եմ տեղյակ, որ, ենթադրենք, Ծառուկյանի բոլոր հայաստանյան ֆիրմաները տակ տված են աշխատում, դրսից ա փող բերում, նույն մոմենտն ա՝ նեղում են, այդ ես գիտեմ, ես չեմ հավատում Րաֆֆիին… ոչ թե չեմ հավատում, տարակարծություն կա, էլի, մեջները, Ծառուկյանը կողմ է Մաքսային դաշնությանը, Րաֆֆին՝ դեմ: Խնդիրներ կան, բայց դա չի նշանակում, որ ես պետք է անտարբեր մնամ, ո՞նց կլինի բա, բա ինձ մեկնումեկը չի՞ ասի՝ Կարապետյան, էս իշխանափոխություն են մարդիկ ուզում, դու յա՞ն ես տված:



- Բայց իրենք ոնց որ թե դադար են վերցրել, ակտիվ գործողություններ չկան, հանրահավաքների հարցն անորոշ է, գուցե համբերեիք՝ «ջրերը զուլալվեին»:



- Հենց դա է, էլի, մեր հայտարարությունը մի քիչ էլ պրովոկացիա է, տեսնենք իրենք կուզենա՞ն, որ ուրիշ ուժ գա հետները, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ին համարում է միակ ընդդիմությունը, մենք ուզում ենք իմանանք, էլի, ի՛նչ են ասում, ի՛նչ անում, համենայնդեպս, չմիանալ էլ չի լինի, վաղը կմեղադրեն, կասեն՝ չեկան-չմիացան: Ես համոզված եմ, որ իրենք կմերժեն, այ, էդ վախտ ես խոսելու տեղ կունենամ:



- Ինչո՞ւ եք կարծում, որ Ձեզ կմերժեն:



- Դե, կտեսնենք: Բայց ես գիտեմ, որ ժողովուրդը հավատում է, որ մենք արդար ենք, մեր կուսակցությունը, Կարապետյանն արդար է, իսկ եռյակը վստահության պակաս ունի, ու իմ համալրմամբ վստահություն կգա, ես արդար եղել եմ, արդար էլ կմնամ մինչեւ վերջ։



- Դուք Ձե՞ր նախաձեռնությամբ եք ձեռք մեկնելու առաջարկով հանդես գալիս, թե՞ իրենց կողմից է նման առաջարկ եղել:



- Չէ, որոշակիորեն եղել է, որոշակիորեն, ոչ թե, ասենք, լիարժեք, հասկացնել են տվել, մենք էլ մեր կողմից արել ենք այն, ինչ որ պետք է անեինք, որ իրենք չասեն. տեսեք՝ մենք ասացինք, իրանք դեմ են: Ես չեմ ուզում տեղիք տանք, որ իրենք իրենց ձեւով անեն:



- Իսկ Ձեզ համար ընդունելի՞ է եռյակի ներկա մարտավարությունը՝ մարզերում աշխատանքներ իրականացնելու եւ հանրահավաքները հետաձգելու մասին, թե՞, այդուհանդերձ, կողմ եք ակտիվ հանրահավաքներ անելու տարբերակին: Ի դեպ, որոշ նախապայմաններով, նրանք չեն բացառում նաեւ 12 կետերի լուծման նպատակով երկխոսության մեջ մտնել իշխանության հետ:



- Ոչ, ոչ, անարդարը մնում է անարդար, եւ ինձ համար ընդունելի են հանրահավաքները, ի վերջո, ժողովուրդը պետք է կողմնորոշվի, ժողովուրդը պետք է որոշի, մենք հայտարարություն ենք տվել, որ պատրաստ ենք համագործակցել, որ իշխանությունները գնան, որպեսզի դրանից հետո արդար իշխանություն լինի:



Հ.Գ. Ուշ երեկոյան ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն տարածեց, որով ողջունում էին Ժողովրդական կուսակցության պատրաստակամությունը միանալու շարժմանը եւ օգնելու ժողովրդի խնդիրների լուծմանը: «Բնական է, որ սեղմում ենք իրենց մեկնած ձեռքը եւ կարեւորում ենք լայն կոնսոլիդացիայի այս փուլում Ժողովրդական կուսակցության միանալու պատրաստակամությունը»: