ԱԺ-ում մեկնարկեց արտահերթ նիստ՝ փոփոխված օրակարգով

ԱԺ-ում մեկնարկեց արտահերթ նիստ՝ փոփոխված օրակարգով

Ազգային ժողովում մեկնարկեց կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նիստի մեկնարկին տեղեկացրեց, որ վաղվանից՝ նոյեմբերի 18-ից, արտահերթ նիստերը կմեկնարկեն ժամը 11:00-ին։ Բացի այդ, նիստի առաջին օրը, այսինքն՝ այսօր, խորհրդարանը կառավարության առաջարկով կանցկացնի մեկուկես ժամ տևողությամբ երեք նիստ։ Առաջին ընդմիջումը կլինի մեկ ժամ տևողությամբ, երկրորդը՝ կես ժամ։




Նոյեմբերի 18-ից օրական կանցկացվի մեկուկես ժամ տևողությամբ 4 նիստ, իսկ ընդմիջումները կլինեն կես ժամ։ Կանոնակարգում այս փոփոխությունը քվեարկությամբ հաստատելուց հետո ԱԺ նախագահը հայտարարեց մի շարք նախագծերի՝ առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ քվեարկություն, որոնք ձայների մեծամասնությամբ ընդունվեցին։
Այնուհետև հայտարարվեց «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» նախագծի քննարկումը։ Որպես նախագծի հիմնական զեկուցող հանդես է գալիս Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը։




Տերտերյանի զեկուցումից հետո հայտարարվեց հերթագրում, որպեսզի պատգամավորները կարողանան հարցեր ուղղել։ Հերթագրվածների քանակը, սակայն, Գալուստ Սահակյանին դուր չեկավ, ով նկատեց․ «Մի քիչ շատ եք հերթագրվել»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ