Արծվիկ Մինասյանը ևս ողջունում է կառավարության նախաձեռնությունը

Արծվիկ Մինասյանը ևս ողջունում է կառավարության նախաձեռնությունը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ողջունում և բարձր է գնահատում կառավարության նախաձեռնությունը սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարները մասնակի փոխհատուցելու վերաբերյալ:



Այս մասին նա հայտարարեց այսօր Ազգային ժողովում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ։



Նա նշեց, որ վերջին շրջանում պատգամավորները և կառավարության ներկայացուցիչները այցելել են սահմանամերձ համայնքներ, որտեղ բնակիչներին խոստումներ են տվել, և կառավարությունը, ներկայացնելով այս նախագիծը, արդարացնում է սահմանամերձ համայնքների բնակիչների սպասումները, որոնք ձևավորվել են այդ այցերից հետո: «Այս առումով ես ողջունում եմ այս նախաձեռնությունը և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կառավարությանը այս օրենքի նախագիծը ներկայացնելու համար»,-իր գոհունակությունը հայտնեց պարոն Մինասյանը:



Դիմելով կառավարությանը՝ Արծվիկ Մինասյանը նկատեց, որ խորհրդարանի ամբիոնից ցանկացած առաջարկ կամ քննադատություն ուղղված է լինելու նրան, որպեսզի ներկայացված նախագիծն ավելի բարելավվի՝ նշելով, որ սա այն նախագծերից է, որ կարող է միասնականության շատ լավ խորհրդանիշ լինել։



Պատգամավորը նաև նշեց, որ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է նաև սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու մասին օրենքի նախագիծը երկրորդ և եռրրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը՝ նկատելով, որ ճիշտ կլիներ, եթե այս երկու նախագծերը միավորվեին մեկ միասնական փաթեթի մեջ, քանի որ խոսքը տարբեր համայնքների մասին չէ:



«Կարևոր է, որ այս երկու կարևոր նախագծերը լինեն մեկ միասնական փաթեթի մեջ: Սա մի կողմից հնարավորություն կտարչ նպատակային դարձնել մեր գործողությունները, մեր ծրագրերը, մյուս կողմից հնարավորություն կտա նաև խորհրդարանին տարվա մեջ առնվազն երկու անգամ անդրադառնալ այս խնդրին: Ես առաջարկում եմ, որ կառավարությունն այս օրենքի նախագծի մեջ նաև ֆիքսի, որ նշված ծրագրի վերաբերյալ կառավարությունը տարվա մեջ երկու անգամ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողովին: Սա հնարավորություն կտա, որպեսզի խորհրդարանը ոչ միայն քվեարկի և անցկացնի օրենքի նախագիծը, այլ ներգրավված լինի դրա կատարման գործընթացքում»,- ընդգծեց ՀՅԴ պատգամավորը:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ