Եռյակը մեղմացրեց դիրքորոշումն իշխանության հանդեպ

Եռյակը մեղմացրեց դիրքորոշումն իշխանության հանդեպ

Քառյակի 12 կետերին վերադառնալու Սերժ Սարգսյանի «մեծահոգության» խայծը եռյակը կուլ չի տալիս, անգամ այն պարագայում, երբ երկխոսելու դժվարին գործը Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ դրվել է եռյակ-քառյակի պայքարի «հաղթական» արդյունք հանդիսացող Հովիկ Աբրահամյանի ուսերին: Կառուցողական մոտեցում ցուցաբերելու եւ 3 հոգանոց պատվիրակությամբ բանակցություններ սկսելու Հովիկ Աբրահամյանի՝ եռյակին ուղղված առաջարկը կյանքի կոչելու նպատակով երեկ ԱԺ շտապած Դավիթ Հարությունյանը ձեռնունայն վերադարձավ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:



Սերժ Սարգսյանի «հետողորմյան» թերեւս իր գործն արեց այն առումով, որ երեւան հանեց իշխանությունների հանդեպ եռյակի վերաբերմունքը: Ի տարբերություն մյուսների, ՀԱԿ-ը, արմատականություն դրսեւորելով, բոյկոտեց Գալուստ Սահակյանի աշխատասենյակում տեղի ունեցած քննարկումը: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունների հետ քննարկելու որեւէ բան չունեն, առավել եւս՝ բանակցելու: Մինչդեռ հանդիպումից հետո ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչների հայտարարություններից ակնհայտ դարձավ, որ նախկին կտրուկ ուլտիմատումն իր տեղը զիջել է ավելի ռեալ պահանջների: Թեպետ քննարկումից հետո եռյակի մյուս գործընկերները նույնպես արդարացան, թե չեն գնացել բանակցելու, այլ գնացել են լսելու, թե ինչ է ասում իշխանությունը:



«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ իրենք կառավարությանն առաջարկել են, որպես վստահության հավաստիք, քայլ կատարել եւ փոխել Ընտրական օրենսգիրքը՝ անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի եւ հրապարակել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները: «Մենք ասացինք, որ մեր մոտեցումը հստակ է. մենք չմասնակցեցինք բանակցություններին, բովանդակային քննարկմանը: Պարզապես մեկ անգամ եւս հիշեցրինք, որ եռյակի վերջին նիստից հետո մենք առաջարկեցինք ճանապարհ, թե ինչպես կարող է անվստահության մթնոլորտը վերացվել»:



«Բովանդակային քննարկում մենք չենք արել, ընդամենը գնացել ենք մեր մոտեցումը հայտնելու»,- իր հերթին մեզ հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը՝ պատմելով իշխանության ներկայացուցչի հետ տեղի ունեցած զրույցն ավելի մանրամասնորեն. «Մենք ասել ենք, որ կառավարությունը ժամանակ ուներ այդ կետերը կատարել, հիմա էլ ունի, դրանցից մի քանիսը, որոնք ժամանակ եւ ներդրումներ չեն ճանաչում, երեք-չորս-հինգ կետեր կատարի, նոր հասկանալի կլինի, իսկ եթե դու որեւէ կետ չես կատարում, ինչի՞ պետք է մենք քննարկենք»: Իսկ եռյակի համար շարունակո՞ւմ է նախապայման մնալ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կետը, Մելքումյանն անակնկալ հայտարարեց. «Ոչ, մեզ համար բոլոր կետերն էլ սկզբունքային են, էլի կետեր կան, մենք ասել ենք դրանցից մի քանիսը…»: Բայց անցած շաբաթ Ռուբիկ Հակոբյանը եռյակի անունից հայտարարեց, որ նախապայմանը ԸՕ-ն փոխելու 12-րդ կետի կատարումն է, իշխանության ներկայացուցիչներն էլ հայտարարեցին, որ դա մոտ ապագայում լուծելի խնդիր չէ, հիմա ցանկացած մի քանի կետի կատարո՞ւմն է բանակցությունների սեղան բերվում, չի՞ ստացվում, որ եռյակը մեղմացնում է իր դիրքորոշումը, հարցրինք Մելքումյանին: «Ռուբիկ Հակոբյանն էլ է այսօր նույն բանն ասել: Մենք որեւէ նախապայման չենք ներկայացրել, էլի եմ կրկնում՝ ասել ենք, որ այդ կետերի պահանջատերը ժողովուրդն է, այն այլեւս դուրս է եկել քաղաքական օրակարգից, եւ պետք է անպայման կառավարությունը ցույց տա, որ ինքն անում է: Իսկ կառավարությունը դեռ ցույց չի տալիս, ինչի՞ շուրջ քննարկենք, մենք լծակներ ունե՞նք, որ կատարենք, այդ կետերի կատարողը կառավարությունն է, այ, եթե ինքը ցույց տա, որ կատարում է, մենք զգանք, որ վեկտորը փոխվում է, այդ ժամանակ կմտածենք»: Կերկխոսե՞ք: «Հենց անեն, նոր կպատասխանենք»,- խույս տվեց Մելքումյանը:



Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը, ով հրաժարվեց տեսակետ հայտնել, քանի դեռ խմբակցությունում հարցը չեն քննարկել: Ինչպես նաեւ ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ դրական են վերաբերվում. «Մենք խնդիր չունենք համատեղ աշխատելու: 12 կետերի իրականացման հեռանկարի հետ կապված՝ ցանկացած մոտեցումներ էլ կարող ենք քննարկել եւ փորձել դա դարձնել իրական ծրագիր, որովհետեւ մեր խնդիրն այդ կետերի կատարումն է: Անտրամաբանական կլինի, եթե դու մի հարց բարձրացրել ես, ու քեզ առաջարկում են նպաստել դրա լուծմանը, դու հրաժարվես»:



Դիտարկմանը` ճիշտ չէ՞ այն մտահոգությունը, որ, այսպիսով, իշխանությունը փորձում է ժամանակ շահել, Արմեն Ռուստամյանը հակադարձեց. «Մենք պիտի թույլ չտանք, որ ժամանակ շահեն: Պետք է սեղմ ժամկետներ դնել ամեն կետի հետ կապված»:



Այն դիրքորոշումը, որը որդեգրել է եռյակը, Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ կարող է հանգեցնել նրան, որ ոչինչ չարվի: