Համամասնականից վախեցող չկա

Համամասնականից վախեցող չկա

Եռյակում կարծես չեն կողմնորոշվում ինչ անել` ընդունե՞լ իշխանության մեկնած ձեռքը, թե՞ թողնել օդում:



Դեռ նախօրեին ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում նշել էր. թող կառավարությունն իրենց ներկայացրած 12 կետերից մի քանիսը կատարի, հետո կխոսեն: Իսկ երեկվա նիստից հետո Լեւոն Զուրաբյանը եռյակի անունից հայտարարեց, թե իրենք խոսելու բան չունեն եւ մերժում են իշխանությունների հետ 12 կետերի շուրջ բանակցելու առաջարկը: Եռյակը կարծում է, որ իշխանությունները նման նախաձեռնությամբ ցանկանում են ընդդիմությանը ներքաշել երկարաժամկետ բանակցությունների մեջ, որի նպատակը համաժողովրդական շարժման թափը կոտրելն ու ժամանակ շահելն է: Ըստ Զուրաբյանի՝ իշխանություններն առանց եռյակի հետ բանակցությունների էլ կարող են կատարել այդ 12 կետերը, եւ դրա համար հավելյալ բանակցություններ կամ աշխատանքային խմբեր ստեղծելն անիմաստ է: Զուրաբյանը տեղեկացրել է նաեւ, որ եռյակը, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով, մտադիր է արտահերթ նստաշրջան հրավիրել, իրենք այդ նիստի օրը դեռ չեն հստակեցրել, քանի որ ցանկանում են բանակցել նաեւ մյուս խմբակցությունների, առաջին հերթին՝ ՀՅԴ-ի հետ:



Ըստ Լեւոն Զուրաբյանի, դրանով իրենք կստուգեն՝ արդյոք Սերժ Սարգսյանի խոսքերն արժեք ունե՞ն, թե՞ ոչ: Հարցին, թե ինչ կանեն, եթե իշխանությունները մերժեն ԸՕ-ում փոփոխություն կատարելու առաջարկը, Զուրաբյանը պատասխանեց, որ իրենց համար այդ հարցը որեւէ սկզբունքային նշանակություն չունի, քանի որ իրենք ունեն ռազմավարական ծրագիր` իշխանափոխության իրականացում, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, եւ ԸՕ հարցով նստաշրջանի արդյունքն այդ ռազմավարական նպատակի իրականացման վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Սակայն խոսում են նաեւ, որ ամբողջովին համամասնական ընտրակարգին անցում կատարելու առաջարկը նախապայման է իշխանությունների հետ երկխոսելու համար, իսկ այդ պահանջի լուծման եւ մեծամասնական պատգամավորներին կրճատելու ու որակապես այլ խորհրդարան ձեւավորելու նպատակն այն է, որ մեծամասնականով խորհրդարան մտած պատգամավորներն ընդվզեն եւ անջատվեն ՀՀԿ-ից: Ինչ են մտածում այս մասին մեծամասնականով ընտրված պատգամավորները:



Մնացական Մնացականյան, Թալինից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր



- Թող բերեն այդ նախագիծը, քննարկեն, գուցե ստացվի ընդհանուր որոշում կայացնել: Բայց կոնկրետ ինձ համար միեւնույն է՝ բացարձակ մեծամասնական կմնա, թե կփոխվի ամբողջովին համամասնականի: Եվ հետո՝ այն, ինչ ակնկալում է եռյակն այդպիսով, ես չեմ կարծում, որ այդ առաջարկությունով կարող է ամեն ինչ իդեալական դարձնի: Բացի դրանից, ես կարծում եմ, որ մեծամասնական ընտրակարգը, անկախ նրանից՝ ես կլինեմ թե մեկ ուրիշը, անհրաժեշտություն է, որպեսզի ընտրողներն ուղիղ կապ ունենան, եւ ռեգիոնները ճիշտ ներկայացված լինեն: Հիմա, եթե կգա ժամանակը, որ կմշակվի նոր կարգ, համաձայն որի ռեգիոններն էլ ներկայացված կլինեն, ի՞նչ տարբերություն՝ մեծամասնական կլինի՞, թե՞ համամասնական: Ցանկացած պատգամավոր, եթե տեղերում ունի այդ ռեսուրսը, այդ հարգանքը, վստահությունը, կարող է նույն համամասնականի դեպքում ընդգրկվել ցուցակ ու նորից փորձի… Նույն ԲՀԿ-ն նախորդ ընտրություններին այդ սկզբունքն էր կիրառում. որ թեկնածուն ավելի շատ էր ձայն բերում կուսակցությանը, նրան ավելի առաջ էին տանում: Դա նորմալ է: Նույնը կարող է կիրառվել այդ դեպքում: ՀՀԿ-ն տեղերում եւ համայնքներում ավելի մեծ ներկայացվածություն ունի, եւ բնական է, որ ամեն ինչ ընտրություններով է լուծվելու:



- Եթե որեւէ տարբերություն չկա, ապա ի՞նչն է խանգարում ՀՀԿ-ին ընդունել եռյակի առաջարկները:



- Ուրեմն թող շարունակեն իրանց շարժումը, ստացվում է, որ մի օր էլ կասեն, թե այս խնդիրը չեք լուծում, ուրեմն մենք տնից դուրս չենք գալիս, եւ այլն: Ես չեմ ընդունում նախապայմանները: Պետք է քննարկել ու մի քիչ էլ համբերություն ունենալ: Ես էլ շատ կուզենայի, որ ամեն ինչ մեր երկրում շատ իդեալական լիներ, նվազագույն աշխատավարձն էլ շատ բարձր լիներ, թոշակն էլ, ամեն ինչը, բայց սա է մեր հնարավորությունը:



- Իրենք ասում են, որ դրա համար հնարավորություն պետք չէ:



- Ուրեմն թող բերեն, կընդունի մեր կուսակցությունը, ես այդ դեպքում խնդիր չեմ տեսնում:



Թիվ 2 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, խոսելով 12 կետերից, նկատեց, որ դրանք հիմնականում հասարակությանը հուզող խնդիրներ են, «որոնց ուղղությամբ նույնիսկ եթե եռյակը, քառյակը, հնգյակը (արդեն Կարապետիչի միանալուց հետո) պահանջ չի ներկայացնում, կառավարությունը պարտավոր է դա քննարկել»:
- Այնտեղ կան այնպիսի կետեր, որոնք նույնիսկ քննարկման հարց էլ չեն, օրինակ՝ կարմիր գծերի հարցը, եւ ես, օգտագործելով առիթը, կառավարությանը նորից եմ հորդորում՝ գնալ այդ ուղղությամբ կոնկրետ լուծումների: Բայց կան հարցեր, որոնք իսկապես քննարկման հարցեր են: Դրանք ավետարանչական ճշմարտություն չեն, եւ ոչ էլ մեր եռյակի գործընկերներն են ավետարանիչներ: Մասնավորապես, համամասնական-մեծամասնական ընտրակարգի դիլեման լրջագույն խնդիր է:



- ԸՕ-ն փոխելու եւ որակապես այլ խորհրդարան ունենալու վերաբերյալ եռյակի առաջարկները, որպես մեծամասնականով ընտրված պատգամավորի, ընդունելի՞ են:



- Իմ կարծիքով, հարցն արհեստական է եւ շեղում է գոյություն ունեցող խնդիրներից: Ինչու, որովհետեւ յուրաքանչյուրի համար ակնհայտ է մի բան, որ կարելի է ե՛ւ համամասնական ընտրակարգով ունենալ շատ որակյալ ներկայացուցչական մարմին՝ իր առաքելությունն իրականացնող, ե՛ւ մեծամասնական, ե՛ւ խառը, որովհետեւ, իմ կարծիքով, պատճառը ոչ թե ընտրակարգն է, այլ, խոշոր հաշվով, քաղաքական ընտրանու՝ քաղաքական կուսակցությունների ղեկավարների, առաջնորդների, միեւնույն ժամանակ, համաժամանակյա չդրսեւորվող կամքն է: Մեր խորհրդարանական գործընկերները տեղին հիմնավորում են մեծամասնական ընտրակարգի թերությունները, դրանցից շատերի հետ վիճել հնարավոր չէ, բայց մեծամասնական ընտրակարգի թերություններ թվարկելը դեռ չի նշանակում ապացուցել համամասնականի առավելությունները: Որովհետեւ, եթե մենք թվարկելու լինենք համամասնական ընտրակարգի թերությունները, ապա կհասկանանք, որ խնդիրը, ցավոք սրտի, շատ ավելի լայն է: Ես, որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, համարում եմ, որ անհրաժեշտ է քննարկել հարցը, բայց իբրեւ ելակետ պետք է ընտրել ազնվությունը, բոլոր այն իրողությունների արձանագրումը, որ մեր քաղաքացիների համար ակնհայտ է: Բայց, չգիտես ինչու, մեր մի մասը խոսում է մի կողմից, մի մասը՝ այլ, եւ ամբողջ ճշմարտությունը չի ասվում:



- Որո՞նք են համամասնական ընտրակարգի թերությունները մեծամասնականի համեմատությամբ:



- Քաղաքական կուսակցության առաջնորդն (քանի որ Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարությունը, մեղմ ասած, կաղում է) ինքն է կազմում համամասնական ցուցակը: Եվ նույնիսկ կուսակցության նախագահի տեղակալը չգիտի՝ ինքն այդ ցուցակում լինելու է, թե չի լինելու կամ որերորդ տեղն է լինելու: Սա նորմա՞լ է, բացարձակ նորմալ չէ: Կամ՝ պրակտիկայում տեսնում ենք, որ համամասնական ցուցակներ կազմելիս, իհարկե, ոչ բոլոր կուսակցությունների դեպքում, ի սկզբանե հրաժարականի դիմումի ստորագրություններ են վերցնում, որպեսզի քաղաքական կուսակցությունների առաջնորդներն անհնազանդ պատգամավորների մանդատը ձեռքներից վերցնեն: Հայաստանում եթե կգտնվի մեկը, որ կասի՝ սա խնդիր չէ, ես պատրաստ եմ հետը վիճել: Նայեք խորհրդարանի կազմին, ինձ համար այդքան էլ ակնհայտ չէ, որ համամասնականով ընտրված բոլոր պատգամավորներն օրենսդրական բուռն գործունեությամբ են զբաղված, իսկ մեծամասնականները՝ ոչ: Բնավ չեմ կարծում, որ իրենք ազնիվ են իրենց մղումներում, բայց դա պետք է շարունակել մինչեւ վերջ, որպեսզի լուծումները կոնսենսուսային եթե գտնվեն, բխեն ժողովրդի շահերից: Եռյակի համամասնականներով ընտրված պատգամավորներից չկա՞ն այնպիսիները, որոնք կլորիկ գումարներ են ներդրել, որպեսզի դառնան պատգամավորներ, եթե կասեն, որ չկան, թող գան՝ ես ցույց կտամ: