Լյուստրացիան շարունակվո՞ւմ է

Լյուստրացիան շարունակվո՞ւմ է

Ոչ իշխանական դաշտը լյուստրիացիայի ենթարկելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը (Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու) երեկ խորհրդարանում տապալվեց, սակայն Փաշինյանն ըստ ամենայնի մտադրություն ունի ոչ իշխանական դաշտում լարվածությունը դեռ երկար պահել: Նա հայտարարեց, որ նախագիծը մնալու է ԱԺ-ում, որոշակի լրամշակումից հետո այն օրենսդրական նախաձեռնության կարգով կդրվի շրջանառության մեջ: Սա նշանակում է, որ հարցն առնվազն պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում եւ քվեարկության դրվի ԱԺ լիագումար նիստում՝ օրակարգում ընդգրկվելու համար:



131 պատգամավորներից ընդամենը 3-ի ստորագրությունը դրվեց նախագծի տակ, որով առաջարկվում էր ՀՀ նախագահի պաշտոնանկության հարցը դարձնել ԱԺ քննարկման նյութ: Չնայած քառօրյայի նիստում մի վերջին անգամ Փաշինյանը հորդորեց պատգամավորներին օգտվել իրենց իրավունքից եւ մինչեւ ժամը 1:30-ը միանալ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է փոփոխություններ կատարել որոշման նախագծում, սակայն պատգամավորի հորդորը որեւէ ազդեցություն չգործեց: Ստորագրողներն էին «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Արտաշես Գեղամյանն անգամ «առիթավորվեց»: «Եթե 131 հոգուց 3 հոգի է ստորագրել, նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահի քաղաքականությունն այս դժվարին պահին, երբ տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, օգտվում է լիարժեք վստահությունից Ազգային ժողովի կողմից»,- ասաց նա:



Խորհրդարանի նիստի մեկնարկից առաջ ոչ իշխանական բոլոր խմբակցություններում նիստ էին հրավիրել: Նախաձեռնությանը չմիանալու պատճառները հետեւյալն էին:



«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսպես բացատրեց. «Ակնհայտ էր՝ խնդիր դրված չէր իսկապես իմպիչմենթի հարց կազմակերպել, այլապես Փաշինյանը պետք է նախապես զրուցեր այն քաղաքական ուժերի հետ, որոնց ստորագրությունն ակնկալում էր: Նման բան չի եղել: Ես կարծում եմ՝ եթե փաստաթուղթը նախապես քննարկվեր քաղաքական ուժերի կողմից, լուրջ առաջարկություններ կլինեին: Օրինակ, ես մտածում եմ, որ ամենահամոզիչ փաստարկներից մեկը պետք է լիներ առաջին կետում, եւ դա 2013 թվականի նախագահական ընտրությունների կեղծումն էր, որը չկա այդ փաստաթղթում»: Հակոբյանի խոսքով, Փաշինյանն ընդամենը ոչ իշխանական դաշտում լյուստրացիա անելու նպատակ էր հետապնդում:



«Բարգավաճ Հայաստանը», որը խորհրդարանում 36 պատգամավոր ունի, եւ, ըստ էության, այս ուժից էր կախված, թե Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կդառնա՞ր, չմիանալու իր բացատրությունն ունի: Պարզվում է՝ ԲՀԿ-ն կիսում է նախագահին պաշտոնանկ անելու Փաշինյանի որոշման նախագծում տեղ գտած մտահոգությունները, բայց չի միանում դրան, քանի որ վստահ է՝ այն որեւէ արդյունք չի ունենալու: «Այն բոլոր մտահոգությունները եւ երկրում առկա վիճակի նկատմամբ վերաբերմունքը, որն արտահայտել է իր նախագծով պատգամավոր Փաշինյանը, կիսում ենք եւ ընդունում ենք: Բայց վիճակն իրատեսականորեն հետեւյալն է՝ այդ նախաձեռնությունն ապահովելու է ընդամենը մեկ քայլանոց գործողություն եւ այդ իսկ քայլով ավարտվելու է անհաջողությամբ»,- կուսակցության դիրքորոշումը փոխանցեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:



Իսկ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Մարտուն Գրիգորյանն էլ ավելի անկեղծացավ ու մեզ փոխանցեց, որ «այդ հարցն» իրենց օրակարգում չունեն: «Իսկ ո՞ւմ փոփոխությունն եք պահանջում իշխանափոխություն պահանջելով» մեր հարցից պատգամավորը ժպտաց. «Ես նորից եմ կրկնում՝ այս պահին մենք այդ հարցը չենք քննարկում, եթե քննարկենք, կհայտարարենք, իսկ մենք ասել ենք, թե ինչ ենք պահանջում»: «Ո՞ւր ա ընդեղ իմպիչմենթ: Ես կարդացել եմ, ու այդ տեքստն ինձ ավելի շատ հիշեցնում է դպրոցական տարիների գովասանագիր»,- ասաց ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը:




ՀԱԿ խմբակցության մերժման «սեւ թուղթը» տարածվեց ՀԱԿ փորձագետ Արմեն Խաչատրյանի անունից: Վերջինս գրավոր հայտարարության մեջ նշել է, թե Սերժ Սարգսյանին խորհրդարանում պաշտոնանկ անելու գործընթացի համար անհրաժեշտ մեծամասնություն չկա, հետեւաբա, այն «դատապարտված է անփառունակ տապալման եւ կարող է ծառայել ժողովրդի հիասթափմանն ու ռեժիմի դիրքերի ամրապնդմանը»:



Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիրը» նույնպես մերժեցին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: Սերժ Սարգսյանը չէր սխալվում ՕԵԿ-ին «բարոյականների» շարքը դասելով, Մհեր Շահգելդյանը հայտարարեց, թե բարոյական չէ՝ 6 տարի կոալիցիայի շրջանակներում համագործակցել են Սերժ Սարգսյանի հետ: Անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ իմաստ չի տեսնում միանալ, նրա խոսքով, ոտքի վրա տեղի ունեցող գործընթացին, պետք է քննարկումների փուլ լիներ, իսկ իրեն երեկ առավոտյան են ներկայացրել: Իսկ որպես չմիանալու պատճառ՝ ԱԺ պատգամավորն ընդգծեց Նիկոլ Փաշինյանի նշած նախագծում ԵՏՄ անդամակցության փաստի բացակայությունը:



Նիկոլ Փաշինյանը նախագծի տապալումից հետո ասուլիս տվեց, ասաց, որ այս դեպքում եռյակի դիրքորոշումը խոսուն է: «Մենք վերջին շրջանում անընդհատ լսում ենք, որ իշխանական բուրգը ճաքեր է տալիս, որ իշխանությունները երբեմն նաեւ խուճապի մեջ են:



Այդ 88 ձայն, որ ասում են, պետք է հաշվի առնել, որ երկրորդ փուլում նախատեսվում է փակ-գաղտնի քվեարկություն: Եվ եթե մենք պնդում ենք, որ հիմա քաղաքական պրոցեսներ են գնում իշխանափոխության համար, եւ այն պետք է իրականացվի սահմանադրական ճանապարհով, ուրեմն սահմանադրական ճանապարհն ԱԺ-ում հենց այդ հարցը բարձրացնելն է»:



Փաշինյանը պատասխանեց, որ եռյակը, այդ թվում՝ ՀԱԿ-ը, խորհրդարանում շրջանառության մեջ են դրել մի քանի նախագծեր՝ նախապես իմանալով, որ դրանք չեն անցնելու, որովհետեւ չկա անհրաժեշտ թվով ձայն: Նա հիշեցրեց մարտի 1-ի մասին ԱԺ հանձնաժողով ստեղծելու հարցը, որը մի քանի անգամ տարվել է մինչեւ վերջ եւ դրվել քվեարկության՝ նախապես իմանալով, որ չի անցնելու:




«Ուրեմն հարց՝ ինչի՞ համար է դա արվել: Ես այն ժամանակ կողմ եմ արտահայտվել, ինձ համար շատ կարեւոր է եղել, որ խորհրդարանի մակարդակով ֆիքսվի, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ընդհանրապես ՀՀ օրակարգում կա մարտի 1-ի հարց, այդ հարցը դուրս չի եկել շրջանառությունից: Այս պարագայում էլ կա խնդիր, որ ֆիքսվի, որ Հայաստանի Հանրապետությունում կա Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին հարց, եւ այդ հարցն օրակարգից դուրս չի եկել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:




Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի այն հայտարարությանը, թե այս նախագծի նպատակն էր ընդամենը լյուստրացիայի ենթարկել ընդդիմությանը՝ Փաշինյանն ասաց. ««Լյուստրացիա» տերմինը վերաբերել է խորհրդային պետական անվտանգության համակարգի գործակալներին եւ նրանց հետ համագործակցած անձանց»: Նա նշեց նաեւ, որ ցանկացած պատգամավոր կամ քաղաքական ուժ, որը հանդես կգա Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ ուրիշ նախաձեռնությամբ, ինքը պատրաստ է ստորագրել: