Ես քո համար օբեխեզե՞ եմ

Ես քո համար օբեխեզե՞ եմ

Գեներալ Սեյրան Սարոյանը չի ընդունում օրեցօր թռիչքային գնաճի պատճառով հանրության անհանգստությունը: «Մեծ աղջիկ էս, դու խի չգիտե՞ս, որ ամեն Նոր տարի էլ լինում ա ըտենց բան, հընչի ինչ նոր բան կա՞ որ, էլի կէժանանա»,- վրդովվեց նա:



Փորձեցինք բացատրել, որ գնաճը փոխարժեքի լողացող կուրսով է պայմանավորված, ինչպես նաեւ Ռուսաստանի անմխիթար վիճակով, այլ ոչ թե Նոր տարվա հանգամանքով, ուրեմն ի՞նչ խղճով կողմ քվեարկեցիք ԵՏՄ պայմանագրին: «Մազալու մարդիկ եք… լավին տեր ենք, վատին տե՞ր չենք: Հիմա բարեկամ մարդիկ ենք, էսօր վիճակներն այնքան էլ լավ չէ, էգուց լավ կլինի: Կօգնենք, հայ ենք, ոնց էլ լինի, կֆռցնենք, դուրս կգանք: Ռուսը, որ էդքան մտածեց, դուրս եկավ, մենք ավելի շուտ դուրս կգանք: Բայց մեր անվտանգությունը հերիք ա, որ ունենք: Պիտի լավատես լինենք, որ սկի հեչ լավ բան չլնի էդ միությունից, մեր ժողովուրդը կգնա Ռուսաստան, փող կաշխատի, դա արդեն մեծ բան ա: …Կվերադառնան, կվերադառնան, ճժեր, կնիկն էստեղ են»,- հանգստացնում է նա, որ Հայաստանը չի դատարկվի:



- Իսկ իշխանությունն ինչի՞ պիտի վատ աշխատի, մեզ մոտ աշխատատեղեր չստեղծի, նորմալ կյանք չստեղծի, որ մեր տղամարդիկ գնան խոպան:



- Ես ի՞նչ անեմ, գամ ձեր տուն աման-չամա՞ն լվամ, ի՞նչ անեմ, ձեր բոստան գամ փորե՞մ, ի՞նչ անեմ, ասա. ասում ես լավ աշխատի:



- Դուք պատգամավոր եք…



- Հա, պատգամավորն ի՞նչ պտի անի, ասա՛:



- Լավ օրենքներ ընդունեք, մի քիչ ժողովրդի մասին մտածեք:



- Բա հմի էս լավ օրեն չի՞ (նկատի ունի ԵՏՄ պայմանագիրը). խնդրեմ, լավի վրա խոսում եք, վատը խոսում եք, լավ, ես ի՞նչ անեմ, գամ ձեր տուն բոստա՞ն փորեմ:



- Լավ, հիմա շոշափելի գնաճ ունենք, Դուք տեղյա՞կ եք, թե ինչու են բոլոր ապրանքները թանկանում, ու ինչ պետք է անի ժողովուրդը:



- Նոր տարի ա, նոր տարի, ընգեռուհի, էսի խո առաջին տարին չի՞, ըտենց Նոր տարի էղե՞, որ չթանկանա, մի հատ հիշի: Առեւտրականի հոգեբանություն ա, երբեք չենք կարա փոխենք:



- Օրինակ Դուք Ձեր Նոր տարվա սեղանին գրեչկա՞ եք դնում, գիտե՞ք, անգամ հնդկաձավարն է թանկացել:



- Ինչի մենք քյասի՞բ ենք, ի՞նչ ենք, որ գրեչկա դնենք: Համ էլ ես ի՞նչ անեմ, գնացեք առեւտրականներին հարցրեք:



- Բա ժողովրդի կեսից ավելին անգամ էդ քյասիբի կերակուր գրեչկան չի կարողանում առնել:



- Ես ի՞նչ անեմ, ասա՛, ես ի՞նչ անեմ: Կեսը պտի հարուստ էղնենք, կեսը՝ ընենց:



- Իսկ դոլար-դրամ տատանումները, Ձեր կարծիքով, ինչո՞վ են պայմանավորված:



- Գնա բանկի կառավարիչին հարցրա:



- Կառավարության անդամներն ասացին, որ դա սպեկուլյացիա է, ո՞վ է անում նման բան:



- Ախչի ջան, ես ի՞նչ իմանամ, հլը դու ասա, ես քո համար օբեխեզե՞ եմ: Ես էկանամիստ չեմ, բանկիր չեմ, չեմ իմանում: Իշխանության ձեռն ի՞նչ կա, դոլար տպողն իշխանությո՞ւնն ա:



- Լավ, բա որ Դուք չգիտեք, ո՞վ գիտի՝ ի՞նչ անի ժողովուրդը:



- Պետք ա շատ աշխատի, մի բան ստեղծի, յոլա գնանք:



- Յոլա չեն գնում, ժողովուրդը լքում է երկիրը, դատարկվում է:



- Այ մարդ, սաղ տեղերից էլ լքում են, ընդից գնում են ընդե, ընդից՝ ընդե, Ուկրաինան նայի: