Ռոբերտ Նազարյանը՝ «քավության նոխա՞զ»

Ռոբերտ Նազարյանը՝ «քավության նոխա՞զ»

Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը խորհրդարանի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում, ամենայն հավանականությամբ, կրկին կերկարացնի իր գործունեության ժամկետը, մինչեւ հաջորդ նստաշրջանի ավարտը՝ 2015թ. հունիսը: Հիշեցնենք, որ արդեն մեկ անգամ՝ հունիսի 18-ի ԱԺ արտահերթ նիստում գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովը ներկայացրել էր միջանկյալ հաղորդում, որտեղ ամփոփվել ու գնահատվել էին կատարված աշխատանքները, եւ առաջարկվել էր երկարացնել հանձնաժողովի գործունեության ժամկետը՝ դրանք ավարտելու նպատակով:



Որոշ տեղեկություններով, ձեւավորված 4 ենթահանձնաժողովներից 3-ը, որոնք զբաղվում են պարտքի ձեւավորման, ստուգաչափերի, ջերմատվության, գազի որակի ուսումնասիրություններով, ավարտին են հասցրել իրենց աշխատանքները: Բայց ամենակարեւոր՝ սակագնի հարցն ուսումնասիրող հանձնաժողովը դեռեւս անելիքներ ունի, որի պատճառով հնարավոր է երկրորդ անգամ երկարացվի հանձնաժողովի ժամկետը: Իսկ աշխատանքները երկարացնելն արդյունք տալի՞ս է, ոլորտում առկա չարաշահումները բացահայտվո՞ւմ են, իմաստ ունի՞ արդյոք նորից երկարացնել:



Հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ քաղաքական ուժերն էլ դեռ մտածում են՝ արժե՞ երկարացնել, թե՞ ոչ: Եթե նույնիսկ երկարացնելու որոշում կայացվի, միեւնույն է՝ հանձնաժողովն ամփոփիչ հաշվետվություն է ներկայացնելու մյուս երեք հանձնաժողովների կատարած աշխատանքների եւ բացահայտումների վերաբերյալ, որոնք, ըստ մեր զրուցակցի, քիչ չեն: Թեեւ նա մի քանիսն է հպանցիկ թվարկում՝ ամբողջը թողնելով ամփոփիչ նիստից հետո. «Օրինակ, գազի կորստի վերաբերյալ, սակագնի մեջ նորմատիվային կորուստ է հաշվարկված 5.37 տոկոս, բայց ընդունենք՝ այլ գերատեսչություններ սահմանել են 8.67, այսինքն՝ սակագնից դուրս մոտ 3 տոկոսից ավելի կորուստներ կան, որը, բնականաբար, մեծ գումար է կազմում: Բացահայտումներ կան ամորտիզացիայի, ներդրումների, գնումների վերաբերյալ, մի խոսքով՝ շատ բաներ կան, որոնք կներկայացվեն ամփոփիչ հաղորդման մեջ»: Վերջին օրերին քաղաքական շրջանակներում խոսվում է, որ գազի հանձնաժողովի աշխատանքների վերջնական ամփոփումից հետո «պայթյուններ» են տեղի ունենալու՝ պաշտոնանկությունների տեսքով:



Հատկապես քավության նոխազի կարգավիճակում է հայտնվելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, որի վրա է կոտրվելու ոչ հիմնավոր գնագոյացման եւ ոլորտում հանելուկային դարձած մեծ պարտքերի կուտակման հարցը:



Ի՞նչ բացահայտումներ են եղել գազի գնի գոյացման ոլորտում, ամեն ինչ նորմա՞լ է: «Սակագինն օդից չի ձեւավորվել, այն մեթոդաբանություն ունի, ինքն այդ մեթոդաբանությամբ հաստատվում է, որովհետեւ տարբեր բաղադրիչներ կան, օրինակ՝ ներկրման ծախսեր, բաշխման ծախսեր, ամորտիզացիա, ներդրումներ, շահութաբերություն, ծախսեր, աշխատավարձ: Ամենամեծ կոմպոնենտը՝ վերջին ծախսերի աճի, կապված է եղել աշխատավարձի աճի հետ, եթե չեմ սխալվում՝ 120 հազարը դարձել է 220 հազար, այսինքն՝ տարբեր ծախսեր կան, որ ձեւավորել են: Եկեք առաջ չանցնենք, չեմ կարող ասել՝ ամեն ինչ նորմա՞լ է, թե՞ ոչ, մենք մոտեցումներ ունենք, որոնք կներկայացնենք»,- եզրափակեց Մելքումյանը: