Իշխանափոխությունը «տակից» առաջ են տանում

Իշխանափոխությունը «տակից» առաջ են տանում

Հովիկ Աբրահամյանի՝ եռյակն իշխանափոխություն չի անում հայտարարությանն ի պատասխան Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ շարժումն ընթացքի մեջ գտնվելու եւ Ծառուկյան ազգանունը չվաճառվելու մասին, ամենեւին էլ սին խոսքեր չեն, համենայնդեպս՝ շարժման մասով: Միայն թե եռյակի հռչակած համաժողովրդական շարժումն ու իշխանափոխության գործընթացն ընթանում են «տակից»՝ ոչ բացահայտ:



Հոկտեմբերի 24-ից շարժումն Ազատության հրապարակից մարզեր տեղափոխած շարժման նախաձեռնողները փուլառփուլ առաջ են շարժվում: Սկզբում հայտարարվեց համաժողովրդական շտաբներ հիմնելու մասին, մի երկուսի բացման արարողությունն էլ յուրային լրատվամիջոցներով ցուցադրեցին: Իսկ հիմա էլ շարժման մասին շքեղ բուկլետներ են կազմել, որոնք Համաժողովրդական շարժման գրասենյակի «սուրհանդակների» միջոցով տունառտուն բաժանում են, քաղաքացիներին կոչ անելով միանալ շարժմանը՝ «հանուն իրական փոփոխությունների», քանի որ յուրաքանչյուրիցս է կախված շարժման հաջողությունը: «Հաղթանակ» վերնագրված այս բուկլետը նախընտրական թռուցիկ է հիշեցնում, որը լի է լոզունգային ձեւակերպումներով՝ տեղ չթողնելով կոնկրետ անելիքների իրազեկման համար: «Սկիզբ առած համաժողովրդական շարժումը, համակված երկրի առաջ ծառացած խնդիրներով, իր առաջ խնդիր է դրել հասնել արմատական փոփոխությունների եւ նոր իշխանությունների ընտրության»:



Նշված է նաեւ, որ շարժման ղեկին են կանգնած Հայաստանում հեղինակություն վայելող առաջնորդներ եւ քաղաքական կուսակցություններ: Իսկ քիչ ավելի ներքեւում գայթակղիչ խոստումներ են՝ իբրեւ այլընտրանք ներկա իրավիճակին, որը, ի դեպ, բավական մեղմ ու անհասցե է բնութագրվել այս բուկլետում: «Միասին կարող ենք աղքատությունը հաղթահարել, փոքր ու միջին բիզնեսին տալ աշխատելու իրական հնարավորություն, պաշտպանել բիզնեսն անբարեխիղճ պաշտոնյաներից, կասեցնել արտագաղթը, որի արդյունքում տարեկան մոտ 60 հազար մարդ է հեռանում, վերականգնել Հայաստանի արժանավայել տեղն ու դերը միջազգային թատերաբեմում» եւ այլն, եւ այլն: Իսկ վերջում հորդորում են այցելել շարժման գրասենյակներ, ներկայացնել սեփական առաջարկները, քանի որ «անհրաժեշտ է համախմբվել եւ հնարավորինս շուտ պատրաստ լինել այն օրվան, երբ մենք հարյուր հազարներով դուրս կգանք փողոցներ, հրապարակներ եւ կապահովենք խաղաղ իշխանափոխություն»:



Ի դեպ, բուկլետների բաժանման գործն իրականացնում են շարժման գրասենյակի ՀԱԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչները, որովհետեւ, ինչպես ՀԱԿ-ից Արամայիս Ասլանյանը մեզ հայտնեց, «Ժառանգությունն» այդքան ներկայացուցիչներ չունի: «Իրենք չկան, երեւի թե թիմ չունեն, համենայնդեպս, չեն երեւում»,- ասում է Ասլանյանը, ով բուկլետները բաժանում է դեռեւս ծանոթ-բարեկամների շրջանում: Պարոն Արամայիսը պատմեց, որ յուրաքանչյուրն այցելում է իր բնակության վայրի հասցեներով եւ իրեն ծանոթ միջավայրում էլ փորձում ագիտացիա անել. «Զրուցում ենք, նախ ներկայացնում ենք եռյակը՝ որպես քիչ թե շատ կայացած ընդդիմադիր կառույց, թե ինչ է արել, ինչու եւ ինչպես ձեւավորվեց, որն է ընդհանուր նպատակը: Այն է, որ այս երկրի նախագահը փոխվի, համակարգը փոխվի: Անգամ անձնական դժվարություններից ենք պատմում, որպեսզի համոզենք, որ այդ դժվարություններին Կոնգրեսում ծանոթ են: Իսկ վերջում էլ բուկլետից թողնում ենք որպես հիշատակ, որ հետո ծանոթանան»:



Իսկ ի՞նչ պատասխան են տալիս հանրահավաք չանելու պատճառների մասին հարցերին. «Օրինակ, ասում ենք, որ վաղը (այսօր) հանրահավաք է լինելու, կարճ հանրահավաք եւ մեծ երթ՝ նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան»: Երեկ, ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի անունից հայտարարություն էին տարածում. «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի թերություններն ու բացերը բարձրաձայնելու նպատակով դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու երթ: Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորիս մասնակցությունն առավել քան կարեւոր է: Եկե՛ք մեր միասնականությամբ ցույց տանք, որ տեր ենք մեր իրավունքներին, ցույց տանք, որ չե՛նք համակերպվում երկրում կատարվող ամենաթողության եւ անարդարությունների հետ»: