Թուրքիայում հայերի փրկության ճամբարը․ «Մեր Ատլանտիդան»

Թուրքիայում հայերի փրկության ճամբարը․ «Մեր Ատլանտիդան»

«Մեր Ատլանտիդան». այսպես է կոչվում ռեժիսոր Արթուր Սուքիասյանի առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որը պատմում է 1960-ականներին Ստամբուլում հայ որբերի կողմից կառուցված Թուզլայի հայկական ճամբարի ու նրա սաների ճակատագրի մասին:



Ահա նա՝ Պոլսի հայկական ճամբարի սաներից մեկը. հայկական արծվաքթով, հուզական դիմագծերով ու դարերի թախիծն աչքերի մեջ կրող տղամարդը, նա կանգնեցնում է մեքենան, թուրքերեն մի քանի հարց տալիս, ապա շարունակում դեպի ճամբար` իր մանկություն տանող ճանապարհը: Ցանկապատով պատված մուտք, մի քանի պտղատու այգի ու կիսավեր մի շենք. ահա այն ամենը, ինչ մնացել է այսօր Թուզլայի հայկական ճամբարից, փոխարենը դեռ կենդանի են Թուզլայում ապրածների հիշողությունները, որ աստիճանաբար ֆիլմի ընթացքում վերհանում են ժամանակի դեպքերն ու փաստերը` գծագրելով ճամբարի պատմությունը:



Հերոսներից յուրաքանչյուրի հուշերում պատմությունը տարբեր կողմերից է բացվում ու օգնում է հասկանալ, թե ովքեր էին այդ մանուկները, ինչ արժեք ուներ նրանց համար ճամբարը, եւ ով էր Հրանտ Գյուզելյանը: «Խիստ մարդ էր, բայց փափուկ սիրտ ուներ, եթե այդ փափուկ սիրտը չունենար, ոչ մեկ երեխային համար Պոլիսեն չէր էրթա Անատոլու ու չէր փնտրեր մնացորդացներու զավակները»,- այդպես են հիշում Պոլսի հայկական ճամբարի հիմնադիր Հրանտ Գյուզելյանին նրանք, ովքեր ճամբար գալով՝ պահպանեցին իրենց հայությունը: Հրանտ Գյուզելյանն էր, ով դպրոցական արձակուրդների ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներից Թուզլայի հայկական ճամբարում հավաքում էր հայ մանուկներին ու նրանց սովորեցնում հայերեն գրել-կարդալ եւ, ինչպես հերոսներից մեկն է ասում, «ճամբարը դարձնում նրանց համար հայի տուն»: Ֆիլմում ամեն մի անձնական պատմության հետեւում տեսանելի է մարդկային կորստի ցավը, այն, թե ինչն է այսքան տարիներ ապրեցրել հայրենիքից կտրված, բայց իրենց հայությունը պահպանածներին: Տեսախցիկի առաջ մարդկանց հուշերը կենդանանում են, կան բաներ, որ երբեք չեն մոռացվում, ու հենց այդ գիտակցությունն էլ ավելի է սրում հուզմունքը. մեկի դեպքում դա խոհանոցից եկող ոսպով ճաշի հոտն է, մյուսի համար՝ իր ընկեր Ծաղիկի հետ ճամբարում խաղացած 5 քարը, որ հավասարապես երկուսին էլ պատրանքի թեւով վերադարձնում է ճամբար:



Ֆիլմում արխիվային լուսանկարների միջոցով միաժամանակ ամբողջանում են ճամբարի անցյալն ու ներկան, տեսանելի դառնում ճամբարի թե այսօրվա ու թե վաղվա օրը: Այդ լուսանկարների մեջ տեսնում ես նաեւ Հրանտ Դինքի կնոջը` Ռաքել Դինքին: Ինքը` Հրանտ Դինքը, նույնպես եղել է այս ճամբարի սաներից: «Մեր Ատլանտիդան». այդպես է տարիներ հետո Դինքն «Ակօսում» տպագրված իր հոդվածներից մեկում կոչում Թուզլայի հայկական ճամբարը, իբրեւ մի փոքրիկ հայկական կղզյակ, որտեղ 1500 հայ մանուկներ կարողացել են պահպանել իրենց ինքնությունը:



Ֆիլմն արժեքավոր է ոչ միայն նրանով, որ վեր է հանում անցյալի փաստերի խրոնոլոգիական վավերագրությունը, այլեւ նրանով, որ վավերագրում է ճամբարի ու նրա սաների ներկա օրը՝ դարձնելով դրանք նաեւ ապագայի համար հարուստ արխիվային նյութ: Ճամբարի մասին հիշողությունների կողքին ֆիլմում տեղ են գտել նաեւ այսօր Ստամբուլում ապրող հայերի մտահոգությունները՝ կապված թուրքական կառավարության ներկայիս քաղաքականության հետ, որը, հերոսներից Կարապետի կարծիքով, թվում է, թե բաց է, բայց «նորեն փայտը ձեռքն է, եւ երբեմն այդ փայտն անկյունեն կցուցնե ու կհիշեցնե՝ հանգիստ կեցիր»:



«Մեր Ատլանտիդայում» Հայոց ցեղասպանությանն ուղղակիորեն անդրադարձ չկա, բայց ավելի քան պարզ է, որ մարդկային պատմությունների կծիկն սկիզբ է առնում այդ տարեթվից, ու հենց ճամբարն էլ ցեղասպանության անհերքելի փաստերից մեկն է, որ այսօր մոռացության ու ավերման եզրին է կանգնած, ինչը գիտակցում են անխտիր բոլորը՝ թե ֆիլմի հերոսները եւ թե թուրքական կառավարությունը:



Ու թեպետ ֆիլմի վերջում ճամբարում հավաքված նախկին սաները քոչարի են պարում ու երգում «Բարով բացվի բարի լույս, ախ Նարե յար, Նարե յար…», բայց վաղվա բացվող լույսին դժվարությամբ ես հավատում, որովհետեւ բոլորի համար էլ ակնհայտ է, որ թուրքական կառավարությունը հայերի ձեռքից խլած հայկական ճամբարը երբեք չի վերադարձնի նախկին տերերին, ու քանի դեռ չի բացվել մի նոր էջ 100 տարվա լռությունից հետո, չես կարող վստահ լինել՝ «Մեր Ատլանտիդան» պատմության մեջ կմնա ապրո՞ղ, թե՞ անհետացող մի հուշ:



Արթուր Սուքիասյանի՝ Հայաստանի, Ֆրանսիայի եւ Թուրքիայի համատեղ արտադրության «Մեր Ատլանտիդան» ֆիլմն արդեն ներկայացվել է Կառլովի Վարիի եւ Իհլավայի միջազգային կինոփառատոններում: Ֆիլմն ստեղծվել է Հայ -թուրքական կինոպլատֆորմի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Հրանտ Դինք» հիմնադրամի եւ Ֆրանսիական կինոկենտրոնի աջակցությամբ: «Մեր Ատլանտիդան» կցուցադրվի նաեւ ֆրանսիական հեռուստատեսությամբ, իսկ Հայաստանում այն նախատեսված է ցուցադրել 2015-ին։