Եռյակը խոստացավ նորից գործի անցնել

Եռյակը խոստացավ նորից գործի անցնել

Եռյակի վերջին հանրահավաքից եւ տեւական ընդմիջումից հետո Ազատության հրապարակում հավաքված ոչ իշխանական հանրությունն ագրեսիվ էր տրամադրված ոչ միայն իշխանության, այլեւ հենց եռյակի նկատմամբ: Այդ զգացումներն էլ ավելի սրվեցին, երբ հայտնի դարձավ, որ ՀԱԿ եւ ԲՀԿ լիդերներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցելու հանրահավաք-երթին: «Տեսնենք էսօր ի՞նչ են ասելու». շարքերում անհամբերությունն ու սպասումն այնքան մեծ էր, որ տարեցներին մի պահ նյարդայնացնող թվաց հանրահավաքի մեկնարկից առաջ երիտասարդների քոչարի պարելը:



Անհանգիստ մթնոլորտում տապալվեցին նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «պոլոզանալու» փորձերը, «Ժառանգության» կուսակցապետը խրոխտ հայացքով ու հպարտ քայլքով, միակ լիդերը լինելու պարծանքով շարժվեց դեպի հրապարակի կենտրոն, բայց հայտնվեց լրագրողների օղակում ու իր հայտարարություններով փչացրեց ամեն բան: Նախ լիդերների բացակայության մասին, չուզենալով, գնահատական տվեց. «Ես ուրիշի դատավորը չեմ: Ես կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ Աստված ուժ կտա, ես միշտ կլինեմ հրապարակում, ես լիդեր չեմ, շարքային քաղաքացի եմ: Ուրիշներն իրենց քաղաքական ամբիցիաները թող իրար մեջ ճշտեն», իսկ ինքն աթոռ չի ուզում, այլ ցանկանում է, որ հայ մարդը դառնա իր երկրի տերը: Հետո կուլիսային մանրամասներ բացահայտեց:



«Ժառանգության» կուսակցապետը հայտարարեց, որ մասնավոր զրույցներում Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը խոսում են Սերժ Սարգսյանի պաշտոնանկություն պահանջի մասին, բայց նաեւ չարախնդաց. «Պետք է ունենան տղամարդկություն եւ շիտակություն` ասելու, որ իշխանափոխություն են ուզում»: Իսկ հարցին, թե որքա՞ն կարող է սպասել, մինչեւ Ծառուկյանը եւ Տեր-Պետրոսյանն իշխանափոխություն պահանջեն, նախ դադար վերցրեց, այնուհետեւ ասաց, որ կսպասի եւ կպայքարի ժողովրդի հետ միասին: «Ես ոչ մեկի չեմ սպասելու, ես սպասելու եմ, որ ՀՀ քաղաքացին տիրանա հրապարակին»:



Եկավ նաեւ Րաֆֆիի անկեղծության ժամը, եւ նա խոստովանեց, որ հասարակության հիասթափության համար նաեւ ինքն է մեղավոր, բայց երբ ընդգծեց, որ, այդուհանդերձ, միասնական օրակարգը պետք է իրականացնեն ՀՀ բոլոր քաղաքացիներով, նրան ունկնդրող քաղաքացիների շարքերում ընդվզում առաջացավ: Քաղաքացին, ով չցանկացավ իր անունն ասել, հանկարծ պոռթկաց ու ստիպեց Րաֆֆի Հովհաննիսյանին պատասխան տալ իր խոսքերի համար. «Ի՞նչ անի քաղաքացին, եկանք, քեզ ընտրեցինք, կանգնեցինք էս հրապարակում, ասեցինք հետեւիցդ գալու ենք, բայց գնացիր էս արեցիր (ձեռքով խաչակնքում է): Հիմա՞ ինչի ես առանձնանում, իբր առանձին դու ճիշտ ես, մյուսներին էլ սխալ ես հանում, այ, տենց եք արել, որ միասնականություն չենք ունեցել»:



Րաֆֆիի դեմ համարձակ ընդվզող քաղաքացուն ձայնակցում էին նաեւ շատերը, որոնց Հովհաննիսյանը թախանձագին խնդրեց չվերադառնալ անցյալին, ապա բարեհամբույր ժպտաց ու արագ քայլերով իրեն դուրս գցեց ցուցարարների օղակից, հանրահավաքին արդեն հետեւեց հարթակի ներքեւից: Ի դեպ, հարթակում չկային նաեւ նրա կուսակիցները: Չնայած նախաձեռնությունը ՀԱԿ-ինն է, եւ արդեն 7 տարի, նույն օրը ՀԱԿ-ը նման երթ է կազմակերպում, բայց ՀԱԿ-ից նույնպես հաշված գործիչներ էին ներկայացել, ի տարբերություն ԲՀԿ-ի, որն ամբողջ թիմով նվաճել էր հարթակը: Հանրահավաքի մեկնարկից րոպեներ առաջ, երբ Լեւոն Զուրաբյանն արդեն բարձրախոսի մոտ էր, քաղաքացիները միաբերան բացականչեցին. «Շուտ արեք, շուտ, մի ձգեք»: Սրան հետեւեցին «Սերժիկ, հեռացիր» կոչերը, Լեւոն Զուրաբյանը հանդարտեցրեց ցուցարարներին՝ խոստանալով իրենց պահանջի մասին լավ լուր հայտնել: Բայց մինչ այդ նա ընթերցեց բանաձեւի նախագիծ, որը հրապարակում հավաքվածների հավանությանն արժանանալուց հետո ընդունվեց: Բանաձեւում ասվում է, որ երկրում շարունակում է գործել ընտրակեղծարարության մի ամբողջական համակարգ, որն աղավաղում է ընտրությունների միջոցով ժողովրդի կամարտահայտությունը, չեն բացահայտվել 2008թ. մարտի 1-ի սպանությունների եւ այլ բռնությունների պատասխանատուները, կազմակերպիչները եւ իրականացնողները: Երկրում կան քաղբանտարկյալներ, որովհետեւ 2013թ. նոյեմբերի 5-ի միջադեպի մասնակիցների նկատմամբ քաղաքական նկատառումներով անհամաչափ պատժաչափ է կիրառվել, եւ այդ գործով կալանավորները, ԵԽԽՎ 1900 բանաձեւի համապատասխան, քաղբանտարկյալներ են:



Բանաձեւում կոչ է արվում անհապաղ ազատ արձակել այդ գործով դատապարտված Շանթ Հարությունյանին եւ եւս 11 կալանավորի: Նշվում է նաեւ քաղաքացիների սոցիալական իրավունքների ոտնահարման մասին: Վերջապես հասավ նաեւ լավ լուրին. «Հետեւաբար, Համաժողովրդական շարժումն առաջիկայում կներկայացնի համատեղ գործողությունների ծրագիր՝ ներառյալ հանրային զանգվածային միջոցառումների ցանկը, որոնց նպատակը կլինի Հայաստանում ամբողջական իշխանափոխության իրականացումը եւ արտահերթ` ազատ եւ արդար ընտրություններով ժողովրդի իշխանության ձեւավորումը»:



Ելույթ ունեցան ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանը: Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, խոսելով վերջին երկու օրերի ընթացքում ազատամարտիկների նկատմամբ կիրառված բռնությունների մասին, հայտարարեց, որ իրենց հնարավոր չէ վախեցնել, եւ կոչ արեց բոլոր ազատամարտիկներին հավաքվել Եռաբլուրում` «մեր սրբատեղիում, որտեղ սկսվել, բայց չի ավարտվել մեր ազատամարտը», քննարկելու ստեղծված վիճակը: Վերջում երթով անցան մայրաքաղաքի մի քանի փողոցներով, իսկ երթի կեսից Լեւոն Զուրաբյանը դուրս եկավ շարքերից, որովհետեւ ոտքն արդեն մի քանի շաբաթ է՝ ցավում է: