Քաղաքագրություն․ Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցը

Քաղաքագրություն․ Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցը

Այսօր էլ Հայաստանում տիրապետող տղամարդկային հասարակությունում կինը, նրա դերն առանձնակեցության մեջ այդպես էլ չի դիտարկվում: «Երեւանի հայ հասարակությունը կազմող պարոնները» նույնիսկ դար առաջ չէին մասնակցում կանանց գործունեությանը վերաբերող իրադարձություններին: Ահա, «Երեւանի հայտարարություններ» պարբերականում լույս տեսած հավաստումը՝ Երեւանի Գայանյան օրիորդաց դպրոցում տեղի ունեցած մի մրցանակաբաշխության մասին:



Գայանյան Օրիորդաց Դպրոցը հիմնվել է 1866-ին, Էջմիածնի Սինոդի հրամանագրով, առաջադեմ հայ մտավորականների նախաձեռնությամբ, մասնավոր տան մեջ: Նպատակն էր հայ աղջիկներին տալ տարրական կրթություն, սովորեցնել կարուձեւ: 1877-ին այն տեղափոխվեց Պողոս-Պետրոս եկեղեցու գավիթը: 1884-ին փակվեց եւ վերաբացվեց 1886-ին՝ «Երեւանի իգական երկդասյան հոգեւոր Գայանյան դպրոց» անունով: 1896-ին դարձյալ փակվեց, բայց նույն թվականին վերաբացվեց եւ անցավ ուսվարչության տնօրինությանը: Ուսուցումը տարվում էր ռուսերենով, դասավանդվում էր նաեւ հայոց լեզու: 1905-ին կրկին հանձնվեց Հայկական եկեղեցական վարչությանը: Սկզբում երկդասյան էր, իսկ 1911-12 ուստարվանից դարձավ միջնակարգ՝ 9 դասարանով: Գործեց մինչեւ 1921-ը, ապա, միանալով Մեսրոպյան դպրոցին, դարձավ երկրորդ աստիճանի դպրոց:



 



Ամսի 14-ին Ս. Գայանյան տոնին, զկնի պատարագին Գայանյան դպրոցի օրիորդաց ձեռագործներով զարդարված դահլիճում կատարվեց Ս. Կուսանաց նահատակության եւ ավարտական օրիորդաց մրցանակաբաշխության հանդեսը` դպրոցի տոնի հետ:



Հանդեսին ներկա էին քառասնաչափ տիկիններ եւ օրիորդներ, դպրոցի հոգաբարձությունը, տղ. եւ օր. դպրոցների ուսուցիչներն իրենց տեսուչներով, իսկ բացակա էին, ինչպես միշտ, այս անգամ եւս Երեւանի հայ հասարակությունը կազմող պարոնները:



Տոնին պատշաճ հոգեւոր երգասացությունից հետո Սրբ. Գէորգ Սուրենյանցը տոնին հարմար մի համառոտ ճառ ասեց, ուր իմիջիայլոց հայտնեց, որ` «Երեւանի հայ հասարակության մեջ նկատելի է մի աչքի զարնող պակասություն մյուս քաղաքների համեմատ. այդ այն է, որ նա թե՛ դեպի հոգեւոր եւ թե՛ ազգային հանդեսների հանդեպ միշտ մի շատ զգալի սառնասրտություն է ցուցաբերում:



Գնաս եկեղեցի, ասաց Սրբազանը, հոգեւոր հանդեսների ժամանակ, գնաս դպրոց ազգային հանդեսներին, միշտ միեւնույն եկեղեցական դասին կտեսնես` տիրացուների հետ, միշտ ուսումնարանաց վարչությունը աշակերտներով, կարծես հայ հասարակություն ասած բանը այստեղ գոյություն չունի:



Ես կխնդրեի, ավելացրեց Սրբազանը, որ այսօր այստեղ ժողոված համեստաբարո տիկինները սրա մասին իմ արդարացի դժգոհությունները հասցնեն իրենց հարգելի ամուսիններին»:



Այնուհետեւ Սրբազանը բարեմաղթություններից հետո իր շնորհակալությունը հայտնեց դպրոցի վարչությանը, հիշեց նրա բարերարներին (պ. Ղ. Ղազարյանին եւ Յ. Ք. Մելյանին) եւ կատարեց մրցանակաբաշխությունը: Այստեղ եւս Սրբազանը, դառնալով դեպի 5 ուսումնարանները, համառոտ եւ գեղեցիկ ցանկություններ հայտնեց:



Դպրոցի օրիորդները իրենց մեղմ եւ ներդաշնակ երգերով շքեղացրին իրենց ավարտող քույրերի հանդեսը:



Սրբազանը փակեց հանդեսը` հայտնելով, որ Սեպտեմբերի 1-ին օրիորդաց դպրոցում տեղի կունենա Ս. Գայանեի պատկերի օծումը եւ կկարդացվի դպրոցի վարչության կողմից հաշիվ հասարակության:



Արդարությունը ստիպում է մեզ ասել, որ այդ օրվա հայ հասարակության զգալի պակասի մեջ մեղավոր է եւ դպրոցի վարչությունը, որ օր առաջ չէր հայտարարել հանդեսի մասին:



 



«Երեւանի հայտարարություններ», 1883 թիվ, 18 հունիսի