Շուշանիկ Կուրղինյան. Մահին

Շուշանիկ Կուրղինյան. Մահին

Երբ աշխարհը կերտվեց՝ դու ոչինչ էիր: Եվ որովհետև դու ոչ մի կերտվածքի նյութ չես ունեցել տալու, աստղերին՝ փայլ, ծաղկիներին՝ բույր, քամուն՝ ուժ, մնացիր ոչինչ, աննյութ, անբովանդակ:



Տիեզերքում ամեն ինչ, ամեն շնչավոր թե անշունչ իր տեղը, իր կյանքը, ամբողջությունն ունի. Իսկ դու ոչինչ չունես: Ուզում ես, որ խլես տանես, լինես ոչինչ և մնաս ոչինչ...
Եվ խեղճ ու գետնաքարշ շրջում ես ինձ հետ. սպասում ընկնելուս, որ գրկես տանես...
Երբ հանդիպենք անկարող կլինեմ կռվելու քեզ հետ և հենց իմ այդ անկարողության մեջ է քո ոչնչության մեծ գաղտնիքը...



Դու եկար, երբ ես ծնվեցի. կգաս և մեռնելիս: Ես ապրելով եմ հերքել ոչնչությանդ գոյությունը...



Սակայն դու ինձ կտանես լոկ այն ժամանակ, երբ ես ցանկանամ:



Երբ ցանկանամ ժայռի գագաթից խորխորատը թռչելու ակնթարթը վայելել:
Երբ ցանկանամ ընկնել ալիքների գիրկը, ծածկվել հորձանքների մեջ:
Երբ ցանկանամ կտրել կյանքիս թելը ոսկի:
Երբ անցած ճամփիս փոշին իջնի մազերիս վրա:
Երբ կորցնեմ օրերիս հաշիվը, հոգուս թևերը, աչքերիս աստղերը:
Երբ չմնա ինձ համար էլ ոչ մի երգ աշխարհի հետ սիրտս պսակող:
Երբ էլ չցանկանամ ապրելու համար ապրել՝ հասիր:
Երբ երկնչեմ տառապանքի մրրիկներից՝ հասիր:
Երբ ատեմ նմանիս՝ վազիր:
Իսկ մինչ այդ սողա ոտքերիս տակ, գալարվիր, սպասիր, ով դու մահ, իմ պաղ ոսկորների բեռնակիր...



1904