Պետք է նաև վիճեն, որ շոու լինի

Պետք է նաև վիճեն, որ շոու լինի

«Հայաստանի ձայնը» նախագծի 3-րդ եթերաշրջանը նույնպես հայտնվել է շատերի ուշադրության կենտրոնում. նախ ժյուրիի անդամներից Եվա Ռիվասի՝ ոտքով քվեարկելու հանգամանքը, որը մեծ քննարկման թեմա դարձավ, հետո էլ Շուշան Պետրոսյանի տված գնահատականը, թե ժյուրիում պետք է նստեն միայն պրոֆեսիոնալ մարդիկ, էլ ավելի սրեցին հետաքրքրությունը ոչ այնքան նախագծի, որքան ներկուլիսային իրարանցումների վրա:



Երաժիշտ, երգահան Արտավազդ Բայաթյանի դիտարկմամբ, նախագիծը շոու է, եւ, հետեւաբար, ժյուրիի աշխատանքն էլ շոուի դիտանկյունից պետք է նայել. «Որովհետեւ այն ժյուրին, որ նստում է «Հայաստանի ձայներում», չէի ասի, որ լավագույն ներկայացուցիչներն են: Գուցե որպես երգիչ-երգչուհիներ շատ լավն են, բայց ժյուրին մի քիչ ավելի մասնագիտական պետք է լինի, բայց քանի որ «Հայաստանի ձայնը» շոու է, նշանակում է՝ ինչքան տեսողականին ազդող բաներ լինեն, այնքան ավելի լավ է, եւ ընտրում են այն մարդկանց, ովքեր ինչ-որ բանով կհիշվեն եւ մի քիչ էլ շոումեն կլինեն»:



Բայաթյանի կարծիքով, կա նաեւ ընտրության եւ որակի խնդիր, բայցեւայնպես, բավականին հետաքրքիր երգիչներ կան, ովքեր անհայտ է, թե «Հայաստանի ձայնը» ճանաչվելուց հետո ինչ ընթացք են ունենում, որովհետեւ, ըստ նրա, միայն ձայն ունենալը քիչ է, պետք է նաեւ ասելիք, բովանդակություն ունենալ. «Եթե հայտնվեն հմուտ ձեռքերում, գուցեեւ լավ բան ստացվի, որովհետեւ հիմնականում լավ ձայնով երգիչ-երգչուհիներ են ընտրվում:



Բայց այդ մարդկանց պետք է տեսնել բեմերում, եթե չենք տեսնում, ուրեմն նշանակում է, որ հեռուստատեսությամբ ցույց տվեցին, ու անցավ-գնաց, բացի այդ, մեր երկիրը շատ փոքր է մարդկանց ասպարեզ հանելու համար»:
Ինչ վերաբերում է հարցին՝ ժյուրիի ներսում այդ կոնֆլիկտներն արհեստականորե՞ն են ստեղծվում, թե ոչ, ապա, ըստ Բայաթյանի, դրանք ցուցադրական բաներ են, որ գուցե ուղղորդվում են նախագծի ռեժիսորի կամ խմբագրի կողմից, որովհետեւ պետք է նաեւ վիճեն, որ շոու լինի. «Այդ մարդիկ իրար հետ աշխատում են, ու շատ կասկածում եմ, որ ինչ-որ առիթով իրար կպնեն»:



Ինչ վերաբերում է Ռիվասի կողմից ոտքով քվեարկելուն, ապա, երաժշտի կարծիքով, մենք ամեն ինչին շատ մեծ նշանակություն ենք տալիս, բայց արտասահմանյան շատ ծրագրերում նմանատիպ շատ բաներ են արվում, որն անցնում է. «Հիմա թող մեզ մոտ էլ մեկը անի նման բան, ի՞նչ անենք: Էդ ամեն ինչին շատ լուրջ վերաբերվել պետք չէ, որովհետեւ դա հեռուստատեսային շոու ծրագիր է, դա դեռ ոչ մի բան չի ասում»:
Բայաթյանի կարծիքով, մեզ նման փոքր երկրում նման երաժշտական նախագծերը մի քիչ շատ են, ինչ խոսք, կարելի է խթանել, բայց այդ տիպի նախագծեր անում են մեծ երկրներում. «Ռուսաստանում, Ամերիկայում, որովհետեւ նրանք այնքան մեծ շուկա ունեն, եթե նույնիսկ 20 հոգու ընտրեն լավ ձայնով, այդ 20 հոգին իրենց բեմը կգտնեն երգելու, բայց մեզ մոտ չկա, լավագույն դեպքում ինչ-որ մի ակումբում կգնա կերգի:



Հեռանկարի առումով փոքր երկրներում հնարավորությունները շատ փոքր են, եւ մեր երկրում համապատասխան համերգասրահներ չկան, նույնիսկ այդ քանակի հանդիսատես չկա, ու եթե անգամ սիդի եւ տեսահոլովակ թողարկի, շատ քիչ թվով մարդիկ կարող են լսել ու դիտել: Ամեն դեպքում շոու է, ժամանց, որի շարունակությունն այդքան չեմ պատկերացնում, որովհետեւ դրա համար պետք է ունենանք շատ հզոր շոու ինդուստրիա, պրոդյուսերական կենտրոններ: Լավագույն դեպքում մեր ճանաչված մարդիկ դուրս են գալիս Ռուսաստան, բայց այնտեղ էլ պետք է աշխատեն ռուսալեզու հանդիսատեսի համար»:



Բայաթյանը նաեւ նկատեց, որ այս տեսակ մրցույթներում հատուկ շեշտ չի դրվում ազգային տեսակը զարգացնելու վրա, հետո՝ գուցե այդքան շատ հայկական նյութ էլ չկա, որը լինի ոչ թե դասական, այլ փոփ, էստրադային արվեստ: