Խորհրդարանում խառը կրքեր են

Խորհրդարանում խառը կրքեր են

Երկրում շրջող սոցիալական բունտի ուրվականը եւ քաղաքական բռնության նոր ալիքը, թվում է, պետք է նպաստեին իշխանության դեմ պայքարն ուժեղացնելուն ու ոչ իշխանական եռյակին նորից դուրս բերեին հրապարակներ, բայց խորհրդարանական ընդդիմության պայքարը միտում չունի խորհրդարանի պատերից դուրս գալու: Երեկ, մեր հարցին ի պատասխան, «նոր քառյակի» (ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն») ասուլիսի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ դեռեւս հանրահավաքներ անելու եւ իշխանության վրա հրապարակավ ճնշումներ գործադրելու հարց չեն քննարկել:



Մինչդեռ երկուշաբթի օրվանից ոչ իշխանական 4 խմբակցությունները խորհրդարանում իրարանցում էին առաջացրել եւ հայտարարում էին, որ այլեւս չեն հանդուրժելու իշխանության նման պահվածքը: Նույն օրը նրանք բոյկոտեցին արտահերթ նիստը, քանի որ, ինչպես նոր քառյակի ներկայացուցիչները համատեղ ասուլիսում բացատրեցին, ԱԺ ղեկավարությունը նիստի հենց սկզբում չէր անդրադարձել երկրում ծայր առած բռնություններին եւ չէր դատապարտել իրենց գործընկեր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստը, իսկ օրվա վերջում էլ մերժել էր ոչ իշխանականների նույն հարցով արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը, քանի որ նրանց առաջարկած տեքստում դատապարտելուց բացի փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանին պաշտոնանկ անելու պահանջ է բարձրացվել, ինչը, ըստ օրենսդիր մարմնի ղեկավարության, իրենց լիազորությունների շրջանակներում չէ:



Հիշեցնենք, որ Մանվել Եղիազարյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի նկատմամբ բռնություններից հետո Երանոսյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանին հայհոյողների ականջը կկտրի: Ու չնայած երեկ առավոտյան՝ նիստի մեկնարկին, ՀՀԿ-ն նույնպես միացավ տեղի ունեցած բռնությունները դատապարտող Գալուստ Սահակյանի նախօրեի հայտարարությանը, այդուհանդերձ, ԱԺ ոչ իշխանականները չկասեցրին բոյկոտը եւ սկսեցին դռնփակ քննարկումներ կազմակերպել՝ լրագրողներին մեկ այս, մեկ այն ֆրակցիայի դռան մոտ տանելով ու խոստանալով հայտնել առաջիկա անելիքների մասին: Նախ չորս ուժերը, առանց Դաշնակցության, ԲՀԿ-ում հանդիպեցին եւ մոտ մեկ ժամ տեւած քննարկումից հետո ոչինչ չասացին, ասելիքը թողնելով առաջիկա ասուլիսին:



Քիչ անց պատվիրակներն արդեն ՀՅԴ խմբակցությունում էին, այստեղ էլ կես ժամ տեւած դռնփակ նիստից հետո լսելի դարձավ Արմեն Ռուստամյանի վրդովված ձայնը, ով ինչ-որ բան չէր կիսում Ռուբիկ Հակոբյանի հետ: Հետո պարզվեց, որ դաշնակցականներն առաջարկել են մեկ անգամ եւս արտահերթ նիստ հրավիրել, բայց բոլորովին այլ տեքստով ու առանց հրաժարականի պահանջի, ինչի շուրջ էլ մյուս ուժերը համաձայնության չեն եկել: Իսկ խոստացված ասուլիսի ընթացքում, որին, ի դեպ, մասնակցում էին Գագիկ Ջհանգիրյանը, Ռուբիկ Հակոբյանը, Մհեր Շահգելդյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, կրկին Երանոսյանի պաշտոնանկության պահանջ բարձրացվեց՝ պնդելով, որ ԱԺ-ն լավ էլ իրավասու է նման հայտարարություն ընդունելու, իսկ հետո հայտարարվեց այսօր նոր, արտահերթ նիստ նախաձեռնելու մասին՝ կապված երկրի տնտեսությունում ստեղծված իրավիճակի հետ:



Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ թե հայկական դրամը, թե ռուսական ռուբլին կանգնած են կրախի առաջ: Պետք է կառավարության անդամները փորձեն բացատրել, թե ուր է դա տանում: Նրանք հորդորեցին ՀՀԿ-ին նախորդ նախաձեռնության պես չտապալել նիստը: Ի դեպ, այս հարցով արտահերթ նիստ հրավիրելու մասին հայտարարեց նաեւ Հրանտ Բագրատյանը: Պատգամավորները հերքեցին իրենց բոյկոտի մասին այլ խոսակցությունները: Հիշեցնենք, որ արտահերթ նիստում կառավարությունը ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրից բխող օրենսդրական փոփոխությունների փաթեթ էր ներկայացրել, եւ, տարածված խոսակցությունների համաձայն, ռուսասիրությամբ ՀՀԿ-ին չզիջող ոչ իշխանականների բոյկոտն իրենց դեմքը փրկելու եւ ընդդիմության դիրքերը վերջնականապես չլքելու նպատակ էր հետապնդում:



«Եվ քանի որ ոչ իշխանականները չեն կարողանում խորհրդարանի պատերի ներսում դարձի բերել իշխանություններին, հնարավո՞ր է ստեղծված նպաստավոր պայմաններից օգտվեն եւ ժողովրդին կրկին փողոց հանեն» մեր հարցին ասուլիսի ներկաներից միայն պարոն Ջհանգիրյանը պատասխանեց՝ ասելով, որ դեռ դա չեն քննարկել: Ասուլիսից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ ոչ իշխանականների առաջարկած հայտարարության տեքստն արդեն ժամանակավրեպ է. «Պարզապես նրանք փորձում են միտինգային տրամադրությունները տեղափոխել Ազգային ժողով, մանավանդ՝ իրենց մեղադրում են, որ հանրահավաք չեն անում»:



Այնուամենայնիվ, ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի համատեղ ուժերով նիստից հետո արտահերթ նիստ կայացավ, եւ ընդունվեց Արամ Մանուկյանի վրա հարձակում իրականացնելու միջադեպը դատապարտող հայտարարություն: Դրան չմիացավ Նիկոլ Փաշինյանը. «Եթե այդ հայտարարության հեղինակ է նաեւ ՀՀԿ-ն, ուրեմն ես կասկածում եմ այս տեքստի անկեղծության վրա: Սա արվում է բռնության հետեւում կանգնած մի խումբ մարդկանցից եւ ուժերից մեղադրանքը շեղելու համար: Երեկվանից այս տեքստը ՀՀԿ-ն շրջանառության մեջ է դնում, այնինչ այսօր ականատես ենք լինում, որ սպիտակ մազերով 70-ամյա մարդը չորս երեխայի մոր՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին անհարգալից հայտարարություն է անում, բայց մեկը չկա, որ նրան շշպռի:



Էս դահլիճում ով ասելու բան ունի, պատգամավոր ա, բարձրախոս ունի, թող միացնի, խոսի: Թե՞ վախենում են բառապաշարի ինսուլտ ստանան, չկարենան մինչեւ վերջ արտահայտվեն: Երեք բառ են միայն անգիր արել: Եթե այդ մարդիկ նույնիսկ իրենց անուն-ազգանունի քննություն հանձնեն, բավարար չեն ստանա»: ՀՀԿ-ՀՅԴ հայտարարության տեքստին չմիացան նաեւ ոչ իշխանական մյուս խմբակցությունները՝ համարելով դա անհասցե, իշխանությունների շահերից բխող հայտարարություն: Այնուամենայնիվ, հայտարարությունը ուշ երեկոյան ընդունվեց: