Դուետ «Արս Լունգա» և տարվա հոբելյարներ

Դուետ «Արս Լունգա» և տարվա հոբելյարներ

Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի «Համերգ՝ ճեմասրահում» նախագծի եւ «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի շրջանակներում կայացավ համերգ: «Արս լունգա» դուետի եւ ջութակահարներ Մերի Մարգարյանի եւ Լուսինե Հարությունյանի կատարմամբ հնչեցին 2014թ. հայ հոբելյար կոմպոզիտորների ստեղծագործություններ. դուետներ` գրված թավջութակի եւ դաշնամուրի համար, եւ տրիոներ՝ ջութակի, թավջութակի եւ դաշնամուրի համար: Այս տարվա հոբելյարներն են` Կոմիտասը (145), Վլադիլեն Բալյանը (90), Ավետ Տերտերյանը (85), Գեղունի Չթչյանը (85), Տիգրան Մանսուրյանը (75), Էդուարդ Հայրապետյանը (65) եւ Արմեն Սմբատյանը (60):



«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի ստեղծման եւ իրականացման գաղափարը «Արս լունգա» դուետինն է` ի դեմս թավջութակահար Արամ Թալալյանի եւ դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի: Ծրագիրը ներառում է հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի եւ ավանդույթների լայն սպեկտոր` 20-րդ դարի սկզբից մինչեւ մեր օրերը: Այդ թվում՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, ովքեր, մասնակից լինելով ծրագրի ընթացքին, իրենց մի շարք ստեղծագործություններ նվիրել են «Արս լունգա» դուետին: «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:



«Արվեստի աշխարհում այս տարին նշանավորվում է հայ դասական երաժշտության մի շարք ակնառու գործիչների հոբելյաններով: Սա հիանալի առիթ է՝ եւս մեկ անգամ հիշատակելու եւ մեծարելու մեր դասականներին: Սակայն կարեւոր է նաեւ գնահատել եւ սատարել դասական երաժշտության մեջ նոր խոսք ասող ժամանակակից կոմպոզիտորներին: Այսօրվա համերգը համատեղել է այս երկու գաղափարները եւ հավաստում է, որ մեր ստեղծագործ միտքը կենդանի է եւ չի սահմանափակվում անցյալի ձեռքբերումներով»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից:
«Արս լունգա» դուետը «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի 1-ին մասում հավաքել է 20-21-րդ դդ. 60 հայ կոմպոզիտորների թավջութակի եւ դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել եւ ձայնագրել է ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփը (12 ձայնասկավառակ) ամփոփվում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:



Ներկայում «Արս լունգա»-ն աշխատում է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ձայնագրությունների շարքի 2-րդ մասի իրագործման ուղղությամբ, որը կներկայացնի հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոները (ստեղծագործություններ դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի համար):