Արդարադատության նախարարի տեղը «Արմքոմեդին» Է

Արդարադատության նախարարի տեղը «Արմքոմեդին» Է

Ինչքան պետք է կառավարության անդամը, նախարարը կորցնի իրականության զգացումը, զուրկ լինի իր ստանձնած պաշտոնի նկատմամբ պատասխանատվության զգացումից, որ իր բուն գործառույթներով զբաղվելու փոխարեն հումորի ցերեկույթներ եւ մամուլի հետ կապված զավեշտալի «մրցանակաբաշխություններ» կազմակերպի:



Երեկ արդարադատության նախարար Հովիկ Մանուկյանը որոշել էր դրսեւորվել «Արմքոմեդիի» ժանրում եւ, իր իսկ պատկերացմամբ, «կրեատիվ» ամանորյա հանդես էր նախաձեռնել: Ոչ, այս անգամ այդ հանդեսն իր աղջկան պատկանող կլուբում չէր կազմակերպել, այլ Նոտարական պալատում: Եվ լրատվամիջոցներին տրվող «մրցանակներն» էլ հայտարարում էր ոչ թե անձամբ ինքը, այլ իր մամուլի խոսնակը, իբր նախարարը տեղյակ չէ, իբր խոսնակի մտահղացումն է: Այդ թատրոնին հետեւողները, անշուշտ, լավ գիտեն, որ գերատեսչությունների մամուլի խոսնակներն ինքնուրույն անգամ բարեւ չեն տալիս լրագրողներին, ուր մնաց համարձակվեն որեւէ լրատվամիջոցի լավ կամ վատ անուն կպցնել, ծաղրել կամ սեւացնել: Բայց խնդիրը դա էլ չէ:



Արդարադատության համակարգը, որի մեջ ներառված են դատական համակարգը, քրեակատարողական հիմնարկները, նոտարական համակարգը, Դատական ակտերի հարկադիր ծառայությունը, ահռելի, բազում կարեւոր խնդիրներ ունեցող եւ բարդ համակարգ է: Իրականում մեր բնակչության դժգոհությունների գերակշիռ մասը պայմանավորված է հենց այս համակարգի անկանոն ու ապօրինի գործունեությամբ: Երկրից փախչողների, իշխանություններին հայհոյողների, իշխանության նկատմամբ ատելության մի հսկա հատված հենց այս համակարգի հետ է կապված, եւ համակարգի կառավարիչ-նախարարը ֆիզիկապես պետք է շունչ քաշելու ժամանակ չունենար, իսկ հոգեպես պետք է ամաչեր հանրության աչքին երեւալուց, էլ ուր մնաց հումոր աներ ու իր բուն պարտականություններից դուրս բեմադրություններ:



Ինչքան պետք է անամոթ ու անհանդուրժող լինի պետական պաշտոնյան, որ փորձի փակել հատուկենտ լրատվամիջոցների բերանը, ովքեր ցույց են տալիս թերությունները, գրում-լուսաբանում այն կոռուպցիայի ու անօրինականությունների, այն ցինիզմի ու ապաշնորհության մասին, որ տիրում է Մանուկյանի ղեկավարած համակարգում: Մեզ, անշուշտ, շոյում է այն «պատվոգիրը», որ շնորհել է վճռաբեկի նախկին նախագահը, Վրաստանում նախկին դեսպանը, ով բոլոր նախկին պաշտոնները ձախողելուց հետո հանկարծ հայտնվեց արդարադատության նախարարի աթոռին:



Եվ բնական է, որ Մանուկյանին ու իր համակարգը քննադատած լրատվամիջոցը պետք է արժանանար ոչ թե «օբյեկտիվ լրատվամիջոց», այլ, ասենք՝ «ամենակրեատիվ բամբասանք» «մրցանակին», քանի որ նախարարի քիմքին հաճո չեն մեր հրապարակումները: Օբյեկտիվը, նրա կարծիքով, պետական, իշխանական ԶԼՄ-ներն են, որոնք երբեւէ չեն ասում՝ նրա աչքի վերեւ հոնք կա: Ինչեւէ, մրցանակաբաշխությունից հետո մենք մի քանի հարց տվեցինք նախարարին:




- Պարո՛ն նախարար, նախ մի ստանդարտ, ոչ կրեատիվ հարց. ինչպե՞ս կամփոփեք տարին:



- Տարին բարդ էր, տարին դժվարություններով լի էր ոչ միայն համակարգի համար, այլ, ընդհանրապես, նաեւ երկրի համար, բայց, միեւնույն ժամանակ, պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ, մեծ հաշվով, տարին դրական էր: Բայց կարծում եմ, որ 2015 թվական մենք պիտի մտնենք ու 2015-ը փորձենք ավարտել ավելի մեծ արդյունքներով:



- Որպես տարվա ամենաարդար դատական ձեռքբերում՝ ո՞րը կնշեք, բացի Շանթ Հարությունյանի կամ Վոլոդյա Ավետիսյանի «արդար» դատապարտումից:



- Արդար դատական ձեռքբերում… գիտե՞ք, իմ գործունեությունը դատական գործունեություն չէ: Ճիշտ է, պաշտոնը կոչվում է արդարադատության նախարար, բայց ես դատական, մասնավորապես արդարադատական գործառույթի հետ չեմ առնչվում:



- Այդուհանդերձ, Դուք այդ՝ արդարադատության ոլորտի պատասխանատուն ու ղեկավարն եք, խնդրում եմ հարցիս պատասխանել՝ որպես Ձեր պաշտոնի անվան բացատրությունից բխող դիրքերից:



- Եթե Ձեր հարցը հռետորական է, ես ինձ թույլ եմ տալիս Ձեր հարցին չպատասխանել:



- Շատ խոսվեց այն մասին, որ կրեատիվ նախարար եք: Հիմա Դուք Ձեզ կրեատիվ նախարար համարո՞ւմ եք:



- Ես ինձ նորմալ մարդ եմ համարում, որը փորձում է կոմպլեքսներ քիչ ունենալ, որը փորձում է ազատ հայացքներ ունենալ, որը փորձում է լավ ճաշակ ձեւավորել եւ թելադրել, թեկուզեւ ի հաշիվ նրա, որ կարող է քննադատվել հետո դրա համար:



- Ճաշա՞կը քննադատվի:



- Քայլը, երեւույթը: Ես պատրաստ եմ նույնիսկ քննադատվել, բայց եթե զգում եմ, որ դա ճիշտ է, ես պատրաստ եմ դա անել՝ ցույց տալու համար այլընտրանք, նույնիսկ եթե ես ճիշտ չեմ, նույնիսկ եթե ես լավ կամ ամենագրագետ ձեւով չեմ անում էդ ամեն ինչը: Դա շատ կարեւոր ա, ընդհանրապես, այլընտրանքը շատ լավ բան ա:



- Այդ ամենի անունը կարելի՞ է PR դնել: Առհասարակ, Դուք ակտիվորեն զբաղվում եք սեփական PR-ով, այդ թվում՝ Ֆեյսբուքի միջոցով:



- Բացարձակ գաղտնի բան չկա, այո, բնականաբար, PR-ը շատ կարեւոր բան է, եւ դրանով զբաղվել ա պետք:



- Այդ դեպքում ի՞նչ է PR-ը, եւ ի՞նչ դեր ունի այն Ձեզ համար՝ որպես նախարար:



- PR-ը դա հանրության լավ կարծիքն է համակարգի նկատմամբ, մասնավորապես: Այսինքն՝ հանրությունը պիտի քեզ ընկալի դրական, որ քո որեւէ քայլ հանրության կողմից ավելի ընկալելի, ավելի լեգիտիմ լինի:



- Դեռ քանի՞ արդարադատության նախարար պետք է փոխվի Հայաստանում, որ մեր երկիրը լիարժեք կայացած արդարադատության համակարգ ունենա:



- Ես կարծում եմ՝ ո՛չ նախարարի, ո՛չ դատարանի նախագահի փոխվել-չփոխվելն էս առումով որեւէ նշանակություն չունի: Մեր հասարակությունը, քաղաքացիական հասարակության ինստիտուտները պիտի ճիշտ ձեւավորվեն, թե չէ նախարար փոխելով՝ ոչ մի բան չի փոխվի: