Չէին հրավիրել, բայց եկան

Չէին հրավիրել, բայց եկան

Դեռ նոյեմբեր ամսին «Ցորենի ալյուրի հարստացման մասին» նոր օրենքի նախագիծն արդեն խուճապ էր առաջացրել հասարակության մեջ: Այն միտքը, թե Հայաստանում ցորենի ալյուրի մեջ ինչ-որ միկրոտարրեր եւ վիտամիններ են ավելացվելու, մարդկանց մոտ վախ էր առաջացրել: Առաջին արձագանքները կապված էին վերջին ժամանակներս լայն տարածում գտած քաղցկեղ հիվանդության հետ, թե այս հավելումները քաղցկեղածին են, իսկ հետո էլ դաշտում թեւածում էր այն միտքը, որ հայերիս փորձաքննության են ենթարկում լաբորատոր ճագարների նման, եւ ամենասարսափելին՝ այդ չարաբաստիկ վիտամին կոչեցյալներն անպտղություն կառաջացնեն:



Առողջապահության նախարարությունը դեռ 2 օր առաջ մի խումբ լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հրավիրեց Ծաղկաձոր՝ ավելի «մոտիկից ճանաչելու» երկաթին եւ ֆոլաթթվին եւ ցրելու այն միֆերը, որոնք խանգարում են ծրագրի իրականացմանը: Ի դեպ, չմոռանանք հիշեցնել, որ ծրագրի իրականացմանն աջակցում է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:
«Հետազոտության արդյունքում պարզվել էր, որ բնակչության բավականին մեծ թվերի մոտ նկատվել է ֆոլաթթվի եւ երկաթի պակաս: Սա հատկապես շատ կարեւոր է վերարտադրողական տարիքում գտնվող կանանց համար, որովհետեւ միկրոտարրերի պակասն անցնում է նաեւ պտղին: Հայաստանի դեպքում, եթե ուսումնասիրում ենք նախադպրոցական տարիքի երեխաների խումբը, ապա սակավարյունության տարածվածությունը կազմում է 37 տոկոս, հղի կանանց մոտ կազմում է 40 տոկոս:



Հարստացման գործընթացով մենք առաջարկում ենք վերադարձնել այն բաղադրիչները, որոնք բնությունն ի սկզբանե տվել է ցորենին»,- նշեց Հենրիետ Արենսը: Երեւի այդ ելույթներն այդքան հետաքրքիր չլինեին, եթե քննարկման կեսից «հանկարծ» դահլիճ չներխուժեին «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանն ու «Սպառողների ազգային ասոցիացիայի» ներկայացուցիչ Մելիտա Հակոբյանը: Պարզվեց, որ առողջապահության նախարարությունը նրանց չէր հրավիրել, եւ նրանք սրանց «պորտը տեղը դնելու» համար ելել ու առանց հրավերի հասել էին Ծաղկաձոր:



«Ես կարծես թե օպոզիցիա չեմ եղել այս հարցի վերաբերյալ, ընդհակառակը՝ ես ողջունել եմ այս ծրագիրը, բայց՝ մասամբ: Երեւի վրդովմունք անվանեմ, բայց ինչի՞ պետք է ուրիշից իմանամ, որ այստեղ կատարվում է այսպիսի քննարկում, եւ մենք ուղղակի վեր կենանք ու գանք: Եթե դուք ուզում եք իսկապես թափանցիկ քննարկումներ անցկացնել, 10-ից ավել կազմակերպություններ կան, որոնց դուք չեք հրավիրել: Ես հայտարարում եմ, որ դուք խախտում եք սպառողների ընտրության իրավունքը»,- ասաց Մելիտա Հակոբյանը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ ի պատասխան ասաց. «Հավատացնում եմ ձեզ՝ բոլորին ներգրավել շատ դժվար է, պետք է շահագրգիռ կողմերին հրավիրել, ով որ հետաքրքրված է այս ծրագրի իրականացմամբ: Եվ երբեք չի դրվել հարց, որ հարյուր տոկոս ամբողջ արտադրանքը չի մակնշվելու, եւ լինելու է ընտրության սկզբունքի խախտում»: Ի դեպ, նախարարն այդ մի քանի ժամվա ընթացքում երեւի 100 անգամ կրկնեց «կառուցողական մոտեցում» արտահայտությունը եւ բազմիցս նկատողություն արեց լրագրողներին, թե «ապակառուցողական մոտեցում եք ցուցաբերում»:



Ուղիղ կապի միջոցով կապվեցինք նաեւ Կանադայի միջազգային փորձագետի հետ, ով պնդում էր, որ ոչ հացի համը կփոխվի, ոչ էլ վիտամինների եւ միկրոտարրերի ավելցուկից առողջական խնդիրներ կառաջանան: