«Եվ-եվ»-ի քաղաքականությունը նորից առաջ է մղվում

«Եվ-եվ»-ի քաղաքականությունը նորից առաջ է մղվում

Սերժ Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայում ապացուցելու, որ իր որդեգրած «եւ-եւ»-ի քաղաքականությունը հնարավոր է, եւ այդ ուղղությամբ կրկին քայլեր են արվում: Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանն ավարտեց իր անդամակցության գործընթացը եւ դարձավ ԵՏՄ անդամ, ու մինչ Մոսկվայում Սերժ Սարգսյանն իր ելույթով շնորհակալություն էր հայտնում մեզ ԵՏՄ ընդունելու համար, գրեթե միաժամանակ այստեղ՝ Հայաստանում, իշխանական պատկան այրերն «ավետեցին» նաեւ, որ Հայաստանը բանակցություն է սկսում Եվրամիության հետ նոր համաձայնագրի շուրջ, որը կներառի այն ամենը, ինչը հնարավոր է ԵՏՄ-ի անդամակցության պարագայում եւ չի սահմանափակվում այդ կազմակերպության կանոններով:



Մոտ ապագայում ստորագրվելիք համաձայնագիրը, ըստ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանի, ներառելու է նախկինի տնտեսական այն դրույթները, որոնք չեն հակասում ԵՏՄ-ին, իսկ դրան զուգահեռ էլ` բանակցվելու է համաձայնագրի քաղաքական մասը: 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի Հայաստանի եւ Եվրամիության պաշտոնյաներն անդրադառնում էին նոր համաձայնագրին, որը մեր առջեւ դրվեց անցած տարվա նոյեմբերին՝ Վիլնյուսում կայացած Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, մասնավորապես Հայաստանը Եվրամիությանը կոչ էր անում ստորագրել համաձայնագրի քաղաքական մասն առանձին, ինչը Բրյուսելը մերժում էր` ասելով, որ չեն կարող տարանջատել տնտեսական ու քաղաքական բաժինները, որովհետեւ համաձայնագիրը մեկ ընդհանուր փաթեթ է: Եվրամիությունը հայտարարում էր, որ սպասում են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, որպեսզի հասկանան, թե ինչի շուրջ կարող են ասոցացվել:



Սակայն բոլորովին վերջերս Եվրամիության հետ առեւտրային համագործակցությունը շարունակելու, խորացնելու մասին արդեն սկսեցին խոսել նույն եվրոպացի գործընկերները, կոնկրետ՝ Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան: Քաղաքագետ Սարո Սարոյանը բնական է համարում Արեւմուտքի հետողորմյան. Ռուսաստանի դեմ պայքարի շրջանակներում Եվրամիությունը ցանկացած քայլի պատրաստ է գնալու, միայն թե իր կողմը քաշի Ռուսաստանի տնօրինության տակ գտնվող երկրներին:



«Հնարավո՞ր է իրականություն դառնա «եւ-եւ»-ի քաղաքականությունը, եւ որքանո՞վ է հնարավոր խորացնել առեւտրային համագործակցությունը Եվրոպայի հետ՝ հաշվի առնելով, որ Հայաստանի արտաքին առեւտուրն այսուհետ համակարգվելու է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» մեր հարցին ի պատասխան, քաղաքագետը նախ նկատեց, որ «եւ-եւ»-ի քաղաքականությունը, համենայնդեպս, շարունակվում է. «Հայաստանը, օրինակ, շարունակում է կատարել առեւտրային պարտավորությունները», ապա վերլուծեց՝ ցույց տալու համար, որ նպաստավոր պայմաններ կան այդ քաղաքականությունն իրականություն դարձնելու համար:



Սարոյանի գնահատմամբ, անգամ մեզ՝ շարքային քաղաքացիներիս է ակնհայտ, որ Արեւմուտք-Ռուսաստան պայքարում ուժեղ են առաջինի դիրքերը, մինչդեռ Ռուսաստանն անընդհատ նահանջում է. «Բելառուսի, Ղազախստանի նախագահների գործողություններն արդեն իսկ վկայում են այդ մասին: Այսինքն՝ խոշոր խաղացողները, որոնք պետք է խանդավառված լինեին ԵՏՄ-ով, հակառակը՝ վախեր ունեն եւ նախընտրում են «ոսկե միջինի» քաղաքականությունը: Հայաստանի իշխող վերնախավը նույնպես հասկանում է բոլոր խաղաքարտերը մի տեղ կուտակելու վտանգավորությունը ու առաջիկայում ավելի սերտացնելու է հարաբերություններն Արեւմուտքի հետ: Ռուսաստանի՝ անընդհատ ճահճի մեջ խորանալը դրդում է մեզ նման պետություններին ընտրել «ոսկե միջինը»»:



Մինչդեռ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Արամ Կարապետյանը վստահ է՝ մեծ հաշվով ոչինչ չի ստացվելու, համենայնդեպս, Եվրամիության հետ ասոցացումը բոլորովին չի լինելու այն, ինչ բանակցվել էր ավելի քան 3 տարի եւ հասցվել ավարտին: «Իմ տպավորությամբ՝ «եւ-եւ»-ը վերջիվերջո չի լինելու, այսինքն՝ գլոբալ առումով չի լինելու, գուցե որոշակի հարցերում համագործակցություն ստացվի»:



Քաղաքագետի խոսքով, հատկապես դժվար է պատկերացնել առեւտրային համագործակցությունը Եվրամիության հետ՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում Եվրամիությունը եւ Ռուսաստանը՝ ԵՏՄ-ի հիմնական անդամներից մեկը, միմյանց նկատմամբ սանկցիաներ են գործադրում. «Սերժ Սարգսյանի ու իր վարչախմբի մտածածը մի քիչ բարդ է հասկանալ, առավել եւս տնտեսական խնդիրների շուրջ աշխարհում մեծ տարակարծություններ կան, նույն Եվրամիությունում խնդիրներ շատ կան, գիտեք, անգլիացիներն ուզում են դուրս գալ ԵՄ կազմից, այսինքն՝ անգամ տնտեսական բլոկի հետ կապված բազում խնդիրներ կան, իսկ քաղաքական հատվածը չեմ նայել ու չեմ էլ նայելու: Անգամ ԵՏՄ-ի ներսում գնացող տնտեսական պրոցեսներն եք տեսնում, թե ինչպիսին են, ինչպիսի տարբեր կացություններ են ստեղծվում եւ բավականաչափ բախումներ լինում: Աշխարհի տնտեսությունը գնալով ռեպրեսիայի մեջ է մտնելու, դրա հետ կապված ինչ լուծումներ կգտնվեն, դա ժամանակի խնդիր է: Ուստի դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է պրոյեկտվել»: