Ինչու չհաստատվեց ՎՊ 2015 ծրագիրը

Ինչու չհաստատվեց ՎՊ 2015 ծրագիրը

Ազգային ժողովի 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանն ավարտվեց, բայց Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրն այդպես էլ քվեարկության չդրվեց: Ավելին, հերթական նստաշրջանից հետո խորհրդարանը եւս երեք արտահերթ նստաշրջան գումարեց, բայց այդ ընթացքում, փաստորեն, չկարեւորեց ՎՊ հաջորդ տարվա ծրագրի հաստատումը, իսկ դա կնշանակի, որ ՎՊ-ն եկող տարի «բորդյուրից» կախ կմնա ու չի կարող գործունեություն ծավալել այնքան ժամանակ, քանի դեռ ԱԺ-ն չի հաստատել 2015 թվականի գործունեության ծրագիրը: «Վերահսկիչ պալատի մասին» օրենքը սահմանում է, որ ՎՊ տարեկան գործունեության մասին ծրագիրը հաստատվում է Ազգային ժողովի որոշմամբ, ինչը նշանակում է, որ ծրագիրը պետք է նախ ԱԺ քննարկման, ապա քվեարկությանն արժանանա:



Հենց այդ քվեարկությամբ է խորհրդարանն ընդունում իր որոշումը ՎՊ-ի տարեկան ծրագիրը հաստատելու կամ չհաստատելու մասին: ԱԺ կանոնակարգի համաձայն՝ ՎՊ գործունեության տարեկան ծրագրի նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ: Պալատի 2015 թվականի գործունեության տարեկան ծրագիրը նոյեմբերի 3-ին արդեն իսկ ընդգրկվել էր ԱԺ նստաշրջանի օրակարգ, սահմանված ժամկետներում քննարկման դրվել տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում: Իսկ դրանից հետո տպավորություն կար, թե խորհրդարանը մոռացել է այդ ծրագրի մասին եւ միայն ԱԺ լիագումար նիստի վերջին քառօրյայի վերջին օրը ափալ-թափալ մեյդան բերեց այն, գուցե չբերվեր, եթե օրենքի պահանջով պարտադիր չլիներ մինչեւ նոր տարի ապահովել ծրագրի քննարկումը:



Քննարկումը եղավ, բայց խորհրդարանը չհասցրեց քվեարկել: Արտահերթ նիստերի օրակարգում էլ հարցը տեղ չգտավ, թեպետ խորհրդարանական մեծամասնությունը ծրագրի քվեարկության հարցը կարող էր առաջարկով ընդգրկել կառավարության նախաձեռնած արտահերթ նստաշրջանի օրակարգ եւ այդ նիստից ընդամենը մի քանի րոպե «խլել»: Փաստն այն է, որ առանց ծրագրի ՎՊ-ն պետք է որ չկարողանա գործունեություն ծավալել, քանի որ չունի ԱԺ-ի կողմից հաստատված փաստաթուղթ: Ի դեպ, ՎՊ-ի նկատմամբ քամահրական վերաբերմունքն այսքանով չի ավարտվում:



ՎՊ-ի գործունեությանը վերաբերող մեկ այլ փաստաթուղթ՝ 2013 թվականի տարեկան հաշվետվությունը, դեռ 2014թ. ապրիլի 1-ից գարնանային նստաշրջանի օրակարգում էր, հետո տեղափոխվեց քառօրյայի օրակարգ, բայց այդպես էլ չքննարկվեց: Ասում են, որ խորհրդարանական մեծամասնությունն Իշխան Զաքարյանից «վրեժ» է լուծում իր 2013 թվականի աղմկահարույց զեկույցի համար, որի հաշվետվությունն ԱԺ-ում հարուցել է նաեւ ՀՀԿ-ականների վրդովմունքը, քանի որ ՎՊ-ն «խայտառակել» էր իշխանություններին՝ ջրի երես հանելով մի շարք ոլորտների «թալանը»:



ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կոչ է անում զերծ մնալ այլ մեկնաբանություններից: Ծրագրի չհաստատման հարցին ի պատասխան էլ հիշեցնում է ԱԺ գերհագեցած աշխատանքը: ՀՀԿ-ական պատգամավորին հարցրինք՝ գուցե անհամաձայնությո՞ւն կա ՎՊ ներկայացրած ծրագրի հետ կապված, եւ փոփոխությունների առաջարկներո՞վ են հանդես գալու ու նոր միայն հաստատեն կամ չհաստատեն Պալատի գործունեության ծրագիրը: «Պատգամավորների կողմից հարցադրումները, ելույթները եւ քննարկումներն ինքնին առաջարկություններ են»,- ասաց նա, բայց այդպես էլ որեւէ կոնկրետ առաջարկի մասին չխոսեց: Թեեւ նախորդ տարիներին նման նախադեպ չի գրանցվել, բայց Սահակյանը հորդորեց հարցը չքաղաքականացնել: