Երբ Վաչագան արքայազնին «ստիպում են» ռուսերեն արտասանել

Երբ Վաչագան արքայազնին «ստիպում են» ռուսերեն արտասանել

Դեռ մի քանի ամիս առաջ հայ հանդիսատեսն անհամբերությամբ սպասում էր «Անահիտ» մուլտֆիլմին, պետք է վերջապես տեսնեինք այդքան սիրելի հեքիաթի էկրանավորումը: Եվ վերջապես դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ մուլտֆիլմի պրեմիերան, և հայ հանդիսատեսն արդեն կարող է վայելել այն:



Չնայած դեռ տոները շարունակվում են, այնուամենայնիվ Մոսկվա կինոթատրոնն աշխատում է, և երևանցիներն էլ ամանորյա «բլինչիկ-բուդից» հետո գալիս են ֆիլմեր դիտելու: Դահլիճում չէր կարելի ասել տեղ ու դադար չկար, բայց բավականին մարդ էր եկել: Հիշեցնենք միայն, որ մուլտֆիլմի ռեժիսորները Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանց են: Մուլտֆիլմում դուք կարող եք տեսնել այնքան հայկականություն, բայց միևնույն ժամանակ, գեղեցիկ հայերենի հետ միասին կարելի էր լսել ռուսական արտահայտություններ, որոնք մարդիկ օգտագործում են առօրյայումը: Ֆիլմի հեղինակները նույնիսկ Վաչագան արքայազնին «ստիպել էին» ռուսերեն բանաստեղծություն արտասանել, որը մշակութային կադրերից ստիպում էր վերադառնալ ժամանակակից Հայաստան՝ «Մաքսային Հայաստան»:



Ֆիլմի ավարտից հետո մի փոքրիկ հարցման արդյունքում պարզվեց, որ դահլիճում չի գտնվել և մեկ մարդ, ով չի հավանել մուլտֆիլմը: «Շատ լավն էր, ընկերներիս անպայման խորհուրդ կտամ դիտել այն». ասաց մի ուսանող: Ի դեպ, դահլիճում գտնվող փոքրիկները նույնպես սիրեցին մուլտֆիլմը: Սակայն լավ ժամանակ անցկացնելուց զատ, մեծահասակ հանդիսատեսներից ոմանք նույնպես «բողոքեցին» ռուսերենից. «Չհնչի սա որպես ծայրահեղ ազգայնականություն,կամ ռասիզմ, բայց երբ հայկական մուլտֆիլմ են նկարում, համեմել այն ռուսերենով մի քիչ սխալ է, նամանավանդ հիմա, երբ հայերեն լեզվի հետ այդքան խնդիրներ կան: Բայց ընդհանուր առմամբ լավն էր, արժի երկրորդ անգամն էլ դիտել»: