Գուրգեն Եղիազարյանն ուզում է պրծնել «այս Հայաստանից»

Գուրգեն Եղիազարյանն ուզում է պրծնել «այս Հայաստանից»

Մեր տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, նախկին ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստանալու: Եղիազարյանը մեզ հետ զրույցում իր ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին ասաց. «Եթե տան, մեծ սիրով կդառնամ ՌԴ քաղաքացի, միայն թե պրծնեմ այս Հայաստանից»: Նա տեղեկացրեց, որ իր որդիներից մեկն արդեն հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից եւ ՌԴ քաղաքացի է, մյուս որդին էլ այդ գործընթացի մեջ է, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն պես կդիմի ՌԴ քաղաքացիության համար: «Որդիներիցս մեկն արդեն 8 տարի չի աշխատում, իսկ մյուսը՝ 6 տարի:



Մեկն աշխատանքից ազատվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, մյուսը՝ Սերժ Սարգսյանի, որովհետեւ իրենց հայրն ընդդիմադիր է»,-ասաց նա: Թե երբ է ինքն էլ դիմելու ՌԴ քաղաքացիություն ստանալու համար կամ արդեն դիմել է, ԱԱԾ պետի նախկին տեղակալը չասաց՝ նշելով, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը նախագահ է, չի ուզում քաղաքականության մասին խոսել: Նա հույս ունի, որ Սերժ Սարգսյանը հրաժեշտ կտա այս ամենին, եւ իր ընտանիքը նորից կդառնա ՀՀ քաղաքացի: Ի դեպ, Եղիազարյանն օրերս հայտարարել էր, թե դիմում է գրել ԲՀԿ-ին անդամագրվելու համար, իսկ երեկ պարզվեց, որ չի գրել, նման մտադրություն չունի էլ, ուղղակի այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ դրանով «իր «ոչ»-ն ասելով Սերժ Սարգսյանի ելույթին»: