Ծառուկյանի որոշումը ուժեղ մարդու մոտեցում էր, ու կարևոր չէ՝ հանդիպում եղել է, թե ոչ

Ծառուկյանի որոշումը ուժեղ մարդու մոտեցում էր, ու կարևոր չէ՝ հանդիպում եղել է, թե ոչ

Մենք ինչ ասել ենք, հրապարակավ ենք ասել, և ինչ որ կատարում էինք, դրա մասին հայտարարել ենք։ Այս երկու օրը մենք իսկապես մեր բոլոր ջանքերն ու հնարավորությունները օգտագործել ենք, որպեսզին հարցին հանգուցալուծում գտնվի, և բոլորի համար դա բավարար պայմաններ ստեղծվի իրենց նպատակներն իրականացնելու առումով։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը, որի մաիսն իրենք էին հայտարարել։
Ինչ վերաբերում է հանդիպման փաստին ու արդյոք եղե՞լ է, իսկապես, նման հանդիպում, Ռուստամյանն ասաց․ «Մեր տեղեկություններով՝ այդ հանդիպումը կայացել է, ամենայն հավանականությամբ այդ հանդիպումը եղել է, որ այսպիսի շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել։ Հիմա էդքան կարևոր չէ՝ տեղափոխել այն դաշտ, թե հանդիպում եղե՞լ է, թե՞ չի եղել, կարևորն այն է, որ ինչ որ հայտարարվում է այս ընթացքում, կարծում եմ՝ շատ ողջունելի է, և մենք հենց այդ մտահոգություններն էինք հայտնում ու շատ ուրախ ենք, որ առողջ տրամաբանությունը հաղթանակել է, և ունենք մի վիճակ, որ իսկապես լավ նախադրյալներ են ստեղծված, որպեսզի հետագա քայլերն ուղղվեն այն խնդիրների լուծմանը, որոնք երկրի առջև կանգնած են։ Բնականաբար, սրանով բոլոր հարցերը լուծված չեն»։



Ըստ Ռուստամյանի՝ սա պետք է բոլորին սթափության համար լուրջ ահազանգ լինի, իշխանություններին՝ մասնավորապես, որովհետև շատ լուրջ պատասխանատվություն այս հարցում ունեն նաև իշխանությունները։



Նա նաև նշեց, որ սա չպետք է դիտվի որևէ մեկի կողմից հաղթանակ կամ պարտություն՝ ընդգծելով, որ մեզ նոր Մարտի 1 հարկավոր չէր, և հիմա խորը հիասթափություն կապրեն նրանք, ովքեր փորձում էին այս թեժացած կրակի վրա իրենց ձեռքերը տաքացնել ու մի բան էլ ավելի էին բորբոքում այն։ Գագիկ Ծառուկյանի այս քայլը, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, ողջունելի է ու ցույց տվեց, որ դա մեծ մարդու, ուժեղ մարդու մոտեցում էր, քանզի նա գիտակցեց, որ հնարավոր է այս հակամարտության զարգացումը աղետալի հետանքների հանգեցներ ու չմտավ այդ պատասխանատվության տակ։



Hraparak.am-ի հարցին, եթե հանդիպումը կայացել է իրենց տեղեկություններով, այսինքն՝ չի՞ բացառվում նաև, որ իրենց տեղեկությունները հավաստի դուրս չգան, Արմեն Ռուստամյան ասաց․ «Լավ, թող մենք սուտ դուրս գանք, բայց էս գործընթացը տրամաբանական ավարտին հասցվի»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ