Որտե՞ղ կհանգրվանեն ԲՀԿ-ից հեռացածները

Որտե՞ղ կհանգրվանեն ԲՀԿ-ից հեռացածները

Չնայած հաշտությանը, խոսվում է, որ մի քանի այլ գործարար պատգամավորներ եւս առաջիկայում պետք է դուրս գան ԱԺ ԲՀԿ խմբակցությունից: Սերժ Սարգսյանը որոշել է. բոլոր նրանք, ովքեր իր ցուցումով են ժամանակին մտել ԲՀԿ, պետք է դուրս գան, եւ բացահայտ ընդգծվի ԱԺ դասավորությունը՝ հօգուտ մեծամասնության: Քննարկվում է խորհրդարանում գործարար պատգամավորների խումբ ստեղծելու հարցը, եւ որպեսզի նրանց դուրս գալն արժանապատիվ դիտվի, չի բացառվում, որ ՀՀԿ խմբակցությունից էլ մի քանի գործարար պատգամավոր դուրս գան եւ ընդգրկվեն այդ խմբում: Այս պահին ԲՀԿ-ից նշվում են ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի եւ Արշակ Մխիթարյանի անունները: Արդեն իսկ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան «պատերազմի» օրերին կուսակցությունից դուրս գալու հայտարարություններով հանդես էին եկել ԲՀԿ-ական 5 պատգամավորներ. առաջին ծիծեռնակը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն էր:



Հայտարարելով, որ դադարեցնում է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ Ախոյանը դա բացատրեց այսպես. «Ներկա պահին անթույլատրելի եմ համարում մասնակցել նման ներքաղաքական լարման տանող գործընթացներին, հաշվի առնելով ՀՀ եւ ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքս ունեմ իմ պատասխանատվության բաժինը»:



Այնուհետեւ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրեց Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո): Հետո դիմումներ ներկայացրին նաեւ Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, եւ Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը: Իսկ Մելիք Մանուկյանը՝ Շշերի Մելոն, մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, ապա լուր տարածվեց, որ «սխալվել է», ինչը թերեւս առաջիկա օրերին կուղղի՝ ոչ թե մանդատից հրաժարվելու, այլ խմբակցությունից դուրս գալու դիմում գրելով: Ղարագյոզյանը Գալուստ Սահակյանին ուղղված իր դիմումում նշել էր, որ հրաժարվել է ԲՀԿ անդամակցությունից, քանի որ «կուսակցությունն սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը»: Թեեւ դիմումները գրելուց հետո իրավիճակ է փոխվել, բայց պատգամավորները հետ չեն կանգնի իրենց դիմումներից եւ կանդամակցեն նոր ստեղծվելիք գործարար պատգամավորների խմբին:



Եթե հիշում եք, 2006 թվականին, երբ իշխանության շարքերում գտնվող ՕԵԿ-ը որոշեց ընդդիմադիր խաղեր տալ, իսկ նույն թվականի մայիսի 22-ին կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից, այն ժամանակ էլ ՕԵԿ-ում հանգրվանած գործարար-պատգամավորները, որոնցից շատերն այնտեղ հանգրվանել էին Սերժ Սարգսյանի ցուցումով, մեծ արագությամբ դուրս եկան կուսակցությունից, ու հենց նրանց համար խորհրդարանում ստեղծվեց «Գործարար» պատգամավորական խումբ, որն ակտիվորեն մասնակցում էր տնտեսական օրինագծերի մշակմանը եւ աջակցում իշխող կուսակցությանը: ՕԵԿ-ից դուրս եկած եւ այդ խմբում հանգրվանած պատգամավորներից էին Արտակ Սարգսյանը ( Սասի Արտակը), Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկը), Արշակ Մխիթարյանը (Բռլյանտի Արշակը), խմբի ղեկավարը Գրիգորի Մարգարյանն էր:



Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք խորհրդարանում գործարար պատգամավորների խումբ ստեղծելու մտադրություն կա՞: Բաղդասարյանը նախ վրդովվեց. «Եթե առանձին գործարարների խումբ են կազմում, թող կազմեն, բայց եթե խորհրդարանի մասին է՝ գործարար են, ապա ի՞նչ գործ ունեն խորհրդարանում, թող պառլամենտից դուրս գան, գնան խումբ կազմեն»: Ապա սթափվեց եւ գրեթե հաստատեց մեր տեղեկությունը: «Ուրիշ բան, որ գործարարությամբ զբաղվող օրենսդրական նախաձեռնություններով զբաղվող խումբ լինի: Ամեն խումբ էլ կարող է լինի, եթե դա նպաստելու է օրենսդրական աշխատանքների բարելավմանը»,- ասաց ՀՀԿ խոսնակը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ դեռ նման գործընթաց չի սկսվել: