«Մանդիլիոն»- ը՝ «Տարվա բեսթսելեր»

«Մանդիլիոն»- ը՝ «Տարվա բեսթսելեր»

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի համար իր «Մանդիլիոն» գիրքն ամենակարևոր և հաջողված ստեղծագործությունն էր:



«Արմենպրես»-ի մամուլի սրահում Մայրենի լեզվի խորհրդանշական օրը` փետրվարի 21-ին անցկացված «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց գրողի որդին՝ Հայկ Հովհաննիսյանը:



«Մանդիլիոն» գրքի համար Վահան Հովհաննիսյանը «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում հատուկ մրցանակի արժանացավ: Մրցանակը հանձնվեց հենց Հայկ Հովհաննիսյանին:



«Հայրս հումորով մարդ էր, կենսախինդ: Ավելի լավ է պատմեմ մի դրվագ: Մահվանից մի քանի ամիս առաջ զբավում էինք «Մանդիլիոն»-ի հայերեն և անգլերեն թարգմանություններով, և որոշել էինք անգլերեն տարբերակը թողարկել թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային տեսքով, և այն Amazon-ում վաճառել, որպեսզի մեր հայրենակիցներն ամեն տեղ հնարավորություն ունենան այն գնել: Ու մի պահ եկավ, որ մեկ շաբաթ ամեն օր հարցնում էր ինձ, թե ինչ եղավ անգլերեն թարգմանության հետ: Երբ երկու անգամ զանգահարեց, ասացի. «Գիտես, այնքա՜ն ես անհնգստանում, կարծես երրորդ զավակդ լինի»: Նա ասաց. «Երրորդի համար վստահ չեմ, բայց հաստատ ամենահաջողվածներից է: Դու գործդ արա»,- վերհիշեց Հայկ Հովհաննիսյանը:



Նրա համոզմամբ՝ Վահան Հովհաննիսյանի գիրքն իր հայրենիքի, ժողովրդի նկատմամբ ունեցած սիրո խտացումն է, իր լավատեսության և անցած ճանապարհի, պայքարի դրվագ, որը նա իր գնալուց առաջ հասցրեց թողնել մեզ: «Ամենակարևոր ժառանգությունը, որ թողել է, հենց այս գիրքն է, և եթե ուզում ենք նրա հիշատակը վառ պահել, պետք է զբաղվենք գրքի թարգմանությամբ և տարածմամբ: Ես դա ընդունում եմ որպես իմ անձնական պարտավորություն, և կզբաղվեմ դրանով»,- հավելեց նա:



«Արմենպրես» լրատվական գործակալության` Հայաստանի ամենապահանջված գրքերը ներկայացնող «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագիծն արդեն երկրորդ անգամ յուրահատուկ նախաձեռնությամբ ամփոփեց տարին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում Մայրենի լեզվի խորհրդանշական օրը` փետրվարի 21-ին անցկացվեց «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը, և մի շարք անվանակարգերում հայտարարվեցին հաղթողները: Մրցանակաբաշխության նպատակն է արժանին մատուցել տարվա ընթացքում ամենապահանջված գրական ստեղծագործությունների հեղինակներին, թարգմանիչներին, հրատարակիչներին: