«Բըրդմեն». Մեքսիկացի ռեժիսորի Ամերիկյան «Օսկարը»

«Բըրդմեն». Մեքսիկացի ռեժիսորի Ամերիկյան «Օսկարը»

Փետրվարի 23-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ կինոաշխարհի ամենակարեւոր իրադարձություններից մեկը` «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությունը: Այս տարի 24 անվանակարգերում, ընդհանուր առմամբ, հավակնում էր 60 ֆիլմ, որից 8-ը` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Տարվա լավագույն ֆիլմ ճանաչվեց մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն»-ը, որը ներկայացված էր 9 անվանակարգում եւ արժանացավ նաեւ «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն սցենար» եւ «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգերին:



«Բըրդմենից» հետո ամենաշատ՝ 4 «Օսկար»-ներն ստացավ ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց» ֆիլմը` «Լավագույն կոստյումներ», «Լավագույն գրիմ», «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» եւ «Լավագույն երաժշտություն» անվանակարգերի համար:
Լավագույն դերասան ճանաչվեց Էդի Ռեդմայնը՝ «Ամեն ինչի տեսություն»-ը ֆիլմի համար, իսկ լավագույն դերասանուհի` Ջուլիանա Մուրը՝ «Դեռեւս Էլիս» ֆիլմի համար: «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում հաղթեց Գրեմ Մուրը՝ «Նմանակման խաղ» ֆիլմի համար: «Լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգում «Օսկարը» բաժին հասավ Լորա Պոյտրասի «Քաղաքացի չորս» ֆիլմին՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին: Լավագույն անիմացիոն ֆիլմ ճանաչվեց «Մեծ հերոս 6»-ը:



Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Լեւիաֆան» ֆիլմը, որը ներկայացված էր «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, պարտվեց լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմին: Ի դեպ, ռուսական Առաջին ալիքն այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությունն ուղիղ եթեր չհեռարձակեց. շատերի կարծիքով, այդ հանգամանքը մեծապես պայմանավորված էր Զվյագինցեւի ֆիլմով եւ ֆիլմում Ռուսաստանի սոցիալ-քաղաքական խնդիրների արծարծմամբ: Վերադառնալով տարվա լավագույն ֆիլմ ճանաչված «Բըրդմեն» ֆիլմին, պետք է նշել, որ ֆիլմն արժանիորեն ստացավ իր «Օսկար»-ները: Այս ֆիլմը ոչ միայն նոր ձեռագիր է Ինյարիտու ռեժիսորի ֆիլմոգրաֆիայում, այլեւ նոր խոսք, թարմ շունչ այսօրվա կինոարտադրության մեջ:



Ֆիլմի կենտրոնում երբեմնի փառքի գագաթնակետին կանգնած, սուպերհերոս Բըրդմենին մարմնավորած, բայց ներկայում բոլորի կողմից մոռացված դերասան Ռիգան Թոմփսոնն է, որին վիրտուոզ ձեւով մարմնավորել է Մայքլ Կիտոնը: Իր երբեմնի հռչակը վերադարձնելու նպատակով դերասանը որոշում է խաղալ բրոդվեյան մի պիեսում եւ պրեմիերայից մի քանի օր առաջ փորձում է վերականգնել իր կարիերան, ընտանիքը, լուծել հարաբերություններն աղջկա հետ եւ դա անել իր ես-ի հետ կռիվ տալով: Ֆիլմում Ինյարիտուն սատիրայի, գրոտեսկի միջոցով հեգնում է այսօրվա աշխարհում հոգեւոր արժեքներին փոխարինելու եկած «իրական» արժեքները` Թվիթերից, Ֆեյսբուքից սկսած, մինչեւ մարդկային փոխհարաբերությունները, եւ դրանք անում է այնքան կենդանի երկխոսություններով, որ ուղղակի ապշում ես:



Տեսարաններ էլ կան, որոնք ուղղակի շունչդ պահած ես նայում, օրինակ՝ պրեմիերայից առաջ հոր եւ աղջկա երկխոսությունը կամ փորձի ժամանակ գլխավոր հերոսի դերում հաստատված Էդվարդ Նորտոնի խաղը, երբ վերջինս սկսում է ծաղրել մարդկային հարաբերություններից մինչեւ թատերական ատրիբուտիկայի արհեստականությունն ու կեղծությունը, սիրո, արվեստի, ազատության, ամեն ինչի իմիտացիան մեր կյանքում: Այլ կերպ ասած՝ Ինյարիտուն հերթով մատնանշում է ժամանակակից աշխարհի խնդիրները, որում մենք ապրում ենք: Եվ ինչպես Նորտոնի հերոսը՝ Մայքն է ասում ֆիլմում. «Սթափվեք, մարդիկ, հերիք է աշխարհին նայեք ձեր հեռախոսի էկրանի միջից»:



Առանձին թեմա են ֆիլմի երաժշտական ձեւավորումն ու օպերատորական աշխատանքը, որի համար էլ օպերատոր Լյուբեցկին ստացավ «Օսկար»: Այնպիսի տպավորություն է, որ ֆիլմը 1 կամ 2 կադրով է նկարված: Պարզվում է ի սկզբանե Ինյարիտուն ունեցել է ֆիլմը հենց ամբողջությամբ մի կադրով նկարելու գաղափարը ու թեպետ վերջում հրաժարվում է այդ մտքից, բայց ֆիլմն այնքան հղկված, սահուն է նկարվում, որ ֆիլմի ամբողջ մոնտաժը 2 շաբաթ է տեւում:



Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի համար «Բըրդմենը» բերեց 1-ին «Օսկարը», մինչ այդ նրա «Сука любовь», «Բաբելոն» եւ «Բյութիֆըլ» ֆիլմերը տարբեր տարիների առաջադրվել էին «Օսկարի»՝ տարբեր անվանակարգերում: Երեկ, ստանալով «Օսկարը», Ինյարիտուն, բեմից հեգնելով մեքսիկացու իր անգլերենը, հույս հայտնեց, որ ԱՄՆ կառավարությունն այնպես կանի, որ մեքսիկացի էմիգրանտներին այստեղ ընդունեն այնպիսի արժանապատվությամբ, ինչպես այն էմիգրանտներին, ովքեր եկել են այս երկիր մինչեւ իրենք եւ ստեղծել են մինչ օրս գոյություն ունեցող ամենագեղեցիկ էմիգրանտների ազգը: Համաձայնեք, «Բըրդմենը» նկարած ռեժիսորը կարող էր այսպես խոսել` իր ձեռքում ունենալով «ամենագեղեցիկ էմիգրանտների ազգի» կինոակադեմիայի գլխավոր մրցանակը` «Օսկարը»: