Ես կապրեմ իմ ամրոց երկրում

Ես կապրեմ իմ ամրոց երկրում

Ես կապրեմ իմ ամրոց երկրում




Ստի մեջ կոփվել ես իմ հույս,
Հառնի՛ր արևի շողերից,
Իմ երգող,երազող թռչուն
Մի՛ չվիր իմ տխուր երկրից:



Անհոգի կմախքի նման
Նայում են այս օրերը մեզ,
Վախենամ,թե այսպես գնա`
Վերածվենք կմախքի և մենք:



Սգի մեջ խեղճացած իմ լույս,
Թափանցի՛ր խավարի միջից,
Իմ երգող,երազող թռչուն
Մի՛ չվիր իմ տխուր երկրից:



Հեքիաթ էր, էլ հեքիաթ չկա`
Փորձում է չարիքն իմ երկրին,
Թե թույլ ես, վեր կաց ու գնա`
Ես կօգնեմ իմ ընկնող երկրին:



Ես կապրեմ իմ ամրոց երկրում,
Կտանեմ անցյալն ուսերիս,
Ներկաս է ավաղ վշտացնում,
Բայց իմն է ներկան այս անխիղճ:



Ստի մեջ կոփվել ես իմ հույս,
Հառնի՛ր արևի շողերից,
Սգի մեջ խեղճացած իմ լույս,
Թափանցի՛ր խավարի միջից:



2014



Ախ, այս ամենից ես շատ եմ հոգնում



Երբեմն ուզում եմ ոչինչ չասել,
Չլինել ներկա ոչ մի զրույցում,
Բայց չեմ էլ ուզում անիմաստ լռել.
Ախ,այս ամենից ես շատ եմ հոգնում:



Մեկ-մեկ ուզում եմ մի կուշտ արտասվել,
Բայց արցունքներս փակվում են խորքում,
Իսկ ես չգիտեմ,թե ինչպես վարվեմ.
Ախ,այս ամենից ես շատ եմ հոգնում:



Մեկ էլ կտեսնես ուզում եմ փրկվել,
Բայց ինչի՞ց,ումի՞ց ես չեմ հասկանում,
Բախտս դառնում է մի մեռնող թիթեռ,
Եվ այդ ամենից ես շատ եմ հոգնում:



Հանկարծ ուզում եմ մեկին ճանաչել
Եվ գիտեմ,թե ում`ինձ եմ որոնում,
Սակայն թվում է անձավ եմ մտել,
Որտեղ փակված եմ հնամյա պատով:



Ու մի բան միայն ես հստակ գիտեմ
Եվ իմացածս ցավով եմ ասում,
Ուզում եմ անվերջ դառնագին գոչել,
Որ այս ամենից ես շատ եմ հոգնում:



2014




Նամակում




Ամեն ինչ մնաց իմ հոգում`
Նամակում ոչինչ չասացի,
Ախ, երկա՜ր, երկա՜ր էի գրում,
Բայց ոչի՜նչ, ոչի՜նչ չասացի:



Եվ դու էլ երկար կարդացիր
Անքուն` առանց աչք թարթելու,
Ասացիր.- ոչինչ չասացիր
Այս երկար ու բարդ նամակում:



Եվ այդպես օրը թերթեցինք`
Թանաքն անիմաստ վատնելով,
Աստղերն ավելին ասացին
Պարզապես իրար նայելով:



2014



Քաոս



Նոր քաոս է հասունանում
Ու չկա վերջ այս արյունին,
Մենք ապրում ենք խենթանոցում
Ու փնտրում ենք հերոսներին:



Գուցե նրանք ցույց տան ուղին`
Կանաչ ճամփան խաղաղության,
Ու խորտակվեր առնետների
Կոյուղով մեկ ձգվող շղթան:



Բայց ծնվում են հերոսները
Խայտաբղետ մեր աշխարհում,
Թողնում իրենց կյանքի հետքը
Վերափոխված խենթանոցում:



Հին քաոսն է շարունակվում
Ու չկա վերջ այս արյունին,
Անկեղծ ոչինչ չի կատարվում`
Փառքն է դրված միշտ նժարին:



Կասկած չկա հերոսներն էլ`
Մեզնից վատն էին,մեզնից տկար,
Գուցե գիտեին այլ հնարքներ`
Մեզ հմայող,բայց մեզ օտար:



Եվ էստեղ են հառնում կրկին
Չակերտները իմաստության,
Վերցնում իրենց <<հերոսներին>>
Ջնջում ուղին խաղաղության:



Հին քաոսն է շարունակվում
Ու չկա վերջ այս արյունին,
Մենք ապրում ենք խենթանոցում
Ու չենք գտնում հերոսներին:



Կլակ