Վերադառնալով ելույթին

Վերադառնալով ելույթին

Սերժ Սարգսյանի դարակազմիկ ելույթից մեկ ամիս եւ ավելի ժամանակ է անցել, բայց արտասանված խոսքը դեռ արձագանքում է մթնոլորտում: Եվ հարցերի, հարցադրումների տեղիք տալիս՝ պատասխաններ պահանջում: Երկրի նախագահը, ով նաեւ պատասխանատվություն է կրում երկրի ու նրա քաղաքացիների բնականոն կենսագործունեության համար, զարմանալի հայտարարություններ եւ ավելի քան տարօրինակ բացահայտումներ արեց փետրվարի 12-ին: Դրանց մեծ մասը քաղաքական շարժառիթով էին արված՝ հասկանալի է: Բայց լսողները, բարեբախտաբար, ոչ միայն քաղաքական գործիչներն էին, այլեւ ողջ հասարակությունը, որն իրավունք ունի հաշվետվություն պահանջել եւ ծագած հարցերի պատասխաններն ակնկալել: Ասենք՝ եթե երկրի նախագահն անդրադառնում է օլիգարխներից մեկի բիզնեսին եւ հայտարարում, որ վերջինս հարկային որոշակի արտոնություններ է վայելել, հանրությունն իրավունք ունի՞ հարցնել՝ իսկ մյուս բիզնեսմեննե՞րը, մասնավորապես նրանք, ովքեր դեռեւս վայելում են իր եւ կառավարության բարեհաճությունը: Արդյոք նման արտոնություններ չե՞ն տրամադրվել սրանց նույնպես: Եվ ընդհանրապես՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը ոչ մի խոսք չասաց հայկական ողջ բիզնես-դաշտի մասին: Մի՞թե հարկերը թաքցնելու, ստվերում գործելու, քաղաքական տարբեր տանիքներից օգտվելու մասին լուրերը վերաբերում էին միայն օրվա թիրախին: Ինչո՞ւ չեն հրահանգում ստուգել նաեւ մյուս լուրերը: Թե՞ «ներողամտությունն» ու «հանդուրժողականությունը» ցուցաբերվում են ըստ իր նկատմամբ դրսեւորված ծառայամտության աստիճանի: Եվ վերջապես, ո՞ւմ մեղքով եւ ի՞նչ նպատակով են երկրում պտտվող լուրերը դուրս մնացել իրավապահների ուշադրությունից: Եվ ինչո՞վ է զբաղված ընդհանրապես իրավապահ համակարգը մեր երկրում: Ինչո՞ւ չեն գործում զսպող մեխանիզմներն ու համակարգերը: