Խորհրդարանին գործարարներն էլ են պետք, պատմաբաններն էլ,տնտեսագետներն էլ

Խորհրդարանին գործարարներն էլ են պետք, պատմաբաններն էլ,տնտեսագետներն էլ

Սահմանադրական փոփոխությունները կարող են ՀՀԿ-ի ներսում պատերազմ հրահրել եւ թիմը բարիկադների բաժանել: Գրեթե այլընտրանք չունի կառավարման խորհրդարանական համակարգը, որը Սերժ Սարգսյանի իշխանության մնալու միակ ճանապարհն է, բայց սա նաեւ այնքան վտանգավոր է, որ կարող է նրա վերարտադրության դեմ օգտագործվել:



Բանն այն է, որ խորհրդարանական համակարգի դեպքում նախատեսվում է կրճատել պատգամավորների թիվը եւ խորհրդարանին ավելի քաղաքակիրթ տեսք հաղորդել՝ ընդգծելով դրա կարեւորությունը, բնականաբար, այս պարագայում դուրս կմնան օդիոզ դեմքերն ու մականունավորներից շատերը, որոնք, որպես կանոն, մանդատը գնում են փողով ու ապահովում իշխանության վերարտադրությունը, բայց ապագա զարգացումները կարող են նրանց դրդել ընդվզման: Խորհրդարանի մոտ կեսից ավելին նման պատգամավորներ են, նրանց մեծ մասը չի շտապում այս փոփոխության մասին կարծիք հայտնել, գուցե դեռ «ճշտվում» են Սերժ Սարգսյանից՝ սեփական մանդատի գնո՞վ են վճարելու վերջինի իշխանության մնալու համար: Այս շարքի առաջամարտիկ գեներալ Սեյրան Սարոյանը, լավատեղյակ լինելով իրեն պատուհասած վտանգին, անմիջապես հակադարձեց. «Ես պասի՞վ եմ, ես ամենաակտիվն եմ, աղջիկ ջան, միշտ էլ ակտիվ եմ էղե»: Իսկ օրենսդիր աշխատանքում որքա՞ն է արտահայտված եղել այդ ակտիվությունը: «Վաաայ, մենք ամենաուժեղ օրենքն ենք գրե, ես ակտիվ եմ, ու հետո դա ժողովուրդն ա ընտրում, ում ուզեց, իրան էլ կընտրի, Հանրապետականն ի՞նչ կապ ունի»:



Բայց մեծամասնական համակարգ այլեւս չի լինելու: «Ո՞նց չի լինելու»,- վրդովվեց գեներալը, ի վերջո, հանդարտվեց. «Դե ուրեմն կուսակցությունը կորոշի, ինձ թվում է՝ ես դեռ պետք եմ խորհրդարանին»: Շմայս-Նովո՝ Առաքել Մովսիսյան-Նահապետ Գեւորգյան զույգն շտապում էր օրենսդիր աշխատանքի ու ժամանակ չգտավ մեր հարցերին ծավալուն պատասխանելու, միայն հարցը լսելուց հետո, մեկը մյուսին լրացնելով, ասաց. «Հլը թող փոխվի, նոր կտենանք… Հլը չգիտենք էլ կփոխվի, թե չէ»: Թաղապետի աթոռը պատգամավորի մանդատով փոխարինած Ռուբեն Հովսեփյանը՝ Աղվան Հովսեփյանի եղբայրն էլ հիմա չի ուզում շատ «ծավալվել». «Դեռ քննարկում են՝ կանցնեն խորհրդարանականի, թե ոչ, իսկ դուք դուս մնալ-չմնալուց եք հարցնում: Դա ոչ թե մեր խնդիրն է, այլ՝ պետության. որը լավ տարբերակ է, դա էլ ընտրելու են»: Հովսեփյանը համոզված է, ինքը չի զիջում ակտիվ պատգամավորներին ու դուրս չի մնա, թե ինչով չի զիջում, չի մանրամասնում:



Պատգամավորների թվի կրճատման վտանգն սպառնում է նաեւ տարեցներին: Համլետ Հարությունյանը չի ուզում հավատալ, որ կիսով չափ կկրճատեն ԱԺ կազմը, բայց եթե նույնիսկ լինի, ապա տարիքը գործոն չի դառնա, խորհրդարան կանցնեն գաղափար կրողները. «Ովքեր գաղափարներ են կրում, նրանք պետք է լինեն հաջորդ խորհրդարանում, եւ մեկ էլ նրանք, որոնցից քաղաքական գործչի հոտ է գալիս»:



Բայց չէ՞ որ ապաքաղաքական տարրերն են, որ բոլոր ընտրություններին տոկոս են խփել ու ապահովել իշխանության վերարտադրությունը: «Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն ունի այն բոլոր ռեսուրսները, որ կարող է իր համար անհրաժեշտ ձայն հավաքի»,- անկեղծացավ ՀՀԿ-ական պատգամավորը, հավելելով. «Այդ խփել-բանը հեքիաթների ժանրից է»:
Ոչ գաղափարակիր գործընկերների սիրտը շահելու համար Հարությունյանն ասելիքը եզրափակեց այսպես. «Իսկ ո՞վ է ասում, որ գործարարներ չեն լինելու, նրանք էլ են, չէ՞, պետք խորհրդարանին: Հո մենակ պատմաբան, տնտեսագետ, իրավաբան չի պետք: Կարծում եմ՝ ցուցակները կկազմվեն այնպես, որ բոլոր պրապորցիաները լինեն»:
Սյունիքից պատգամավոր ընտրված, Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալ, նախկին ուսուցիչ Հայկ Գրիգորյանը թեեւ չի տեղավորվում մականունավորների շարքում, բայց նա էլ վտանգավոր գոտում է այն պատճառով, որ պասիվ է, եւ եռամյա գործունեությունից հետո էլ քչերն են ճանաչում նրան: Նա մի քանի անգամ ելույթ է ունեցել ու ինքն էլ խոստովանում է, որ խորհրդարանական աշխատանքներում ակտիվություն չի ցուցաբերում, բայց վստահեցնում է, թե լիարժեքորեն կատարում է մեծամասնական պատգամավորի իր գործառույթներն ու մարզի խնդիրներին հետամուտ է լինում:



Հայկ Գրիգորյանը, սակայն, չի խուսափում հակադրվել շատ ու շատ թիմակիցներին եւ նախապատվությունը տալ գործող՝ կիսանախագահական համակարգին. «Ես հիմնականում կենտրոնացած եմ իմ ընտրատարածքի խնդիրների վրա, իսկ դու գերմարդ չես, չես կարող եւ այն անել, եւ այն: Իսկ եթե մի բնագավառում ջանքեր ես ներդնում, մյուսում արդեն պակասում են»: Հայկ Գրիգորյանը դեռեւս չի ուզում գնահատել՝ կրճատումն արդյունավետ կլինի, թե ոչ, բայց մի բանում վստահ է. «Մեծամասնականը շատ ճիշտ ընտրակարգ է, չնայած իմ ընդդիմադիր գործընկերները չեն ընդունում, բայց այդ ինստիտուտը չպետք է հանվի: Եվ միջազգային փորձը կարելի է օգտագործել՝ ստորին եւ վերին պալատներ ձեւավորել, եւ համապատասխանաբար տեղավորել մեծամասնականներին ու համամասնականներին: Բայց որ մեծամասնական ընտրված պատգամավորն ավելի լավ է պատկերացնում տվյալ տարածքի խնդիրները, քան համամասնական որեւիցե պատգամավոր, դրանում կասկած չկա»: Իսկ իր ընտրատարածքի խնդիրների քանի՞ տոկոսն է բարձրաձայնվել իր կողմից: «Իմ ձեռքում մի բանաձեւ չկա, որ գրեմ ու լուծում տամ, իսկ բարձրացրել եմ 2 տասնյակ, բայց լուծում են ստացել 5-6-ը»: