ՀԽ անդամներին ձերբակալեցին, որ ապահով հայրենիք ունենաք

ՀԽ անդամներին ձերբակալեցին, որ ապահով հայրենիք ունենաք

Ցեղասպանության տարելիցին նվիրված հուշակոթողի բացումը եւ ծառատունկը խորհրդարանի բակում անցավ առանց միջադեպերի: ԱԺ կանանց գունդը սելֆիներ չարեց, ինքնաբուխ փարթիներ՝ եւս, ինչպես եղավ ապրիլի 4-ին, Ծիծեռնակաբերդում: Այս զսպվածության պատճառը ոչ միայն Հերմինե Նաղդալյանի բացակայությունն էր, այլեւ նախագահի ու վարչապետի խիստ նկատողություններն ապրիլչորսյան խայտառակության հեղինակներին: Իսկ ԱԺ նախագահը նկատողություն արե՞լ է իր ենթականերին՝ հուշարձանի բացման արարողությունից հետո հետաքրքրվեցինք Գալուստ Սահակյանից:



«Նախատելու հարց չկար… Մեր մոտ ինչ կատարվում է, բոլորը 2-3 բանակների են բաժանվում, եւ բոլորը, իրենց դատողությունների համաձայն, բնութագրում են: Էնպես որ, էդ բնութագրերը շատ վտանգավոր են, երբ որ ասում են ժողովրդի անունից: Այդպիսի մի երեւույթ այս պայմաններում Հայաստանում չկա, որ բանակների չբաժանվեն եւ չսկսել իրար քարկոծել»: Բայց Դուք ի՞նչ մտածեցիք, երբ տեսաք Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մոտ կուսակից կանանց կայտառ լուսանկարները: «Ոչ մի բան: Ես կարծում եմ, որ այսօր Ծիծեռնակաբերդ գնալը, ինչպես ասեմ, սգո միտինգի վերածելու խնդիր չունի: Ավելի շատ դա կայանալու, կայացնելու եւ ապագան կերտելու խնդիր ունի: Յուրաքանչյուր մարդ իր դատողությամբ է շարժվում: Խոսքը ոչ թե վերաբերում է, թե ընդհանրապես կանայք ինչպիսին են, ինչ արեցին, այլ եւս մի պահ էր, որ կարելի էր Հանրապետականին խոցոտել»:



Ուշագրավ է, որ Հիմնադիր խորհրդարանը գրեթե նույնպիսի բացատրություն էր ներկայացնում ապրիլի 24-ի ակցիայի մասին խոսելիս. հայտարարում էին, որ այն չպետք է լինի միայն սգո միտինգ: Մինչդեռ ՀԽ անդամներին եւ Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալեցին՝ հայտարարելով, որ այդպիսով կանխել են ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը, քանի որ, ինչպես Քննչական կոմիտեն էր բացատրել, «Եղեռնի զոհերի հիշատակի օրը նախատեսված հրապարակային միջոցառումներն իրենց նեղ շահերին ծառայեցնելու մտադրությունը հեռու է բարոյականության սահմաններից»:



Գալուստ Սահակյանն ասում է. «Իհարկե, բոլորս կցանկանանք, որ ոչինչ տեղի չունենա, բայց որ բաներ են տեղի ունենում, բոլորս ցանկանում ենք փիլիսոփայորեն գնահատել երեւույթը: Նախ, ես չեմ ճանաչում իրենց թիմին, թիմի գործունեությանը ծանոթ չեմ, տեղյակ չեմ նրանց ծրագրերին: Այն, որ արյան, հեղափոխությունների կոչեր էին, դա փաստ է մնում եւ օրենքով դատապարտելի է»:



Բայց չէ՞ որ ընդամենը կոչեր են, մարդիկ օգտվել են ազատ արտահայտվելու իրենց իրավունքից: «Դրա համար պետք է ոչ թե էսպես ոչ պրոֆեսիոնալ դատողություններով դիտարկել, այլ այս պահին իրավապահ մարմինները բնութագրել են: Դրա փոխարեն կարելի է ուշադիր լինել, որ, ի վերջո, ճշմարտությունը հաղթանակի»:
Այսինքն, ՀՀԿ կանանց կարելի է Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մոտ ծիծաղել, ծաղիկներով «ալիք անելու» կոչեր հնչեցնել, իսկ Հիմնադիր խորհրդարանին չի կարելի ապրիլի 24-ին հավաք անել. ո՞րն է ավելի բարոյական:



«Միայն ապրիլի 24-ը չէ, մոտավորապես մի տարի է՝ նրանք տարբեր բովանդակությամբ հայտարարություններ են անում, այո, որպեսզի ապահով հայրենիքը չկորցնենք, ժողովրդին չկորցնենք, մի քիչ էլ ամոթ է պետք, նման տիպի հայտարարությունների որակավորումները, երբ ամբողջ աշխարհը ոտքի է կանգնել հարյուրամյակի կապակցությամբ, փորձել այդ օրն այլ միջոցառում կայացնել. սա նշանակում է ինչ-որ չափով ոչ լիարժեք մտածողություն»: «Իսկ ոչ հաճելի հայտարարությունների համար քաղաքական հետապնդումն ինչքանո՞վ ընդունելի կլինի «ոտքի ելած» աշխարհի համար» մեր հարցին ԱԺ նախագահը պատասխանեց. «Քաղաքական ոչինչ չկա, այսօր ունենք մի վիճակ, երբ հարբած վիճակում երկուսով իրար հարվածում են, ու ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում, ասում են՝ ես քաղաքական եմ»:



Ի դեպ, քաղաքական շրջանակներում ՀԽ անդամների ձերբակալությունը բացատրում են միջազգային հանրության համար ապրիլի 24-ին Հայաստանում ապահով իրավիճակ ստեղծելու հանգամանքով, ասելով, որ Սեֆիլյանի ու ընկերների պատճառով ոմանք հրաժարվել են ժամանել Հայաստան: