Սերժ Սարգսյանի այցը՝ իտալական լրատվամիջոցներում

Սերժ Սարգսյանի այցը՝ իտալական լրատվամիջոցներում

Իտալական բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներ և հեռուստառադիոընկերություններ ակտիվորեն անդրադարձել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիա պաշտոնական այցին ու ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում կայանալիք պատարագին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, իտալացի լրագրողները հայ-իտալական հարաբերություններն անվանում են ջերմ և շեշտում, որ այս այցելությամբ հարաբերություններն ավելի են ամրապնդվում:

Difesa-ն հատկապես կարևորում է հայ-իտալական համագործակցությունը ռազմական ոլորտում՝ շեշտելով, որ հայ խաղաղապահները «Յունիֆիլ»-ի կազմում խաղաղարար առաքելություն են իրականացնում Լիբանանում: Կայքն այս առումով շատ է կարևորում Նախագահ Սարգսյանի հանդիպումը Իտալիայի պաշտպանության նախարարի հետ` հավելելով, որ հանդիպումը կնպաստի հետագայում առավել սերտ համագործակցությանը:

Նախագահի այցի մանրամասներն ու նրա ելույթները ներկայացնելով՝ իտալական լրատվամիջոցները հատկապես շեշտում են հայերի ներկայությունը Իտալիայում և Վատիկանում կայանալիք պատարագը:



Իտալացի մեր գործընկերները պատարագը բնութագրում են կարևորագույն իրադարձություն: Toscanaoggi-ն այդ կապակցությամբ զրուցել է Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հովվապետական պատվիրակության փոխանորդ Թովմա Խաչատրյանի հետ, ով շեշտել է այն կարևորագույն նշանակությունը, որ հաղորդելու է պատարագը հայ ժողովրդին և քրիստոնյա աշխարհին:

Իտալիայի ազգային լրատվական գործակալությունը՝ ANSA-ն էլ հայ-իտալական հարաբերությունները, տնտեսական և առևտրային համագործակցությունը վիճակագրությամբ և փաստերով ներկայացնելու համար զրուցել է Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի հետ:



Napolipost.com-ն էլ անդրադարձել է Նեապոլ քաղաքի հովանավոր սրբերից մեկի՝ Գրիգոր Լուսավորչի եկեղեցում Սուրբ Գրիգոր Հայի մասունքների վերազետեղմանը: Կայքը մանրամասն ներկայացրել է եկեղեցու պատմությունն ու այն, թե ինչպես են հայ կույսերը Գրիգոր Լուսավորչի մասունքները Կոստանդնուպոլսից տարել Նեապոլ: Հոդվածի վերջում Napolipost.com-ը շեշտում է. «Հայերն աշխարհի հնագույն ժողովուրդներից են, և նրանց ներկայությունն Իտալիայում շատ կարևոր է»: