Ներդրումային ծրագի՞ր, թե՞ բիզնես-պրոյեկտ

Ներդրումային ծրագի՞ր, թե՞ բիզնես-պրոյեկտ

Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ռուսական կազմակերպությանն առանց աճուրդի տարածք վաճառեց Ծարավ Աղբյուրի փողոցում: Սա «Սերժի շենքեր» կոչվող թաղամասն է, որտեղ Սերժ Սարգսյանը բազմաբնակարան շենքեր է կառուցում ու վարկով՝ 9,5-10 տոկոսադրույք, վաճառում թիրախային խավին: Հիմա, որպեսզի սոցիալական աջակցությունն «ամբողջական» լինի, «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տարածք են ուղիղ վաճառել, որպեսզի դպրոց, մանկապարտեզ եւ լողավազան կառուցի, որոնք ոչ թե լինելու են պետական հաստատություններ՝ անվճար հիմունքներով, այլ մասնավոր կրթական հաստատություններ: Այս ծրագրի իրականացման համար «Գազպրոմ Արմենիան» պատրաստվում է 49,3 մլն դոլարի ներդրում կատարել:



Թե ինչու ուղիղ վաճառքով, այլ ոչ թե աճուրդով, այս հարցը, ինչպես միշտ, մտահոգեց միայն «Բարեւ, Երեւան» խմբակցությանը, իսկ ընդդիմադիր ԲՀԿ-ն, իր սկզբունքներին հավատարիմ, դակեց Տարոն Մարգարյանի որոշումը՝ մի բան էլ գովաբանելով այս ազգանվեր գործը: Այսպիսով, «Երեւան քաղաքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» ծրագրին: 2. Թույլատրել Երեւանի քաղաքապետին՝ Երեւանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող Ծարավ Աղբյուրի փողոցի հ. 55/25 հասցեում գտնվող, 6716.45 քմ ընդհանուր մակերեսով շինությունները եւ 31841.05 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձեւով օտարել «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը: 3. Սահմանել՝ 1) անկախ գնահատողի կողմից 2015 թվականի ապրիլի 7-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 300 000 000 ՀՀ դրամ, 2) ուղղակի վաճառքի ձեւով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 300 000 000 ՀՀ դրամ»:



Ինչո՞ւ ոչ աճուրդ, եւ ո՞րն է այդ անկախ կազմակերպությունը, բարձրաձայնեց «Բարեւ, Երեւանի» անդամ Դավիթ Սանասարյանը: Քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը հիշեցրեց ավագանու նախկինում ընդունած որոշումը, որով ներդրումային եւ սոցիալական ծրագրի դեպքում ավագանին կարող է օտարել ոչ թե աճուրդով, այլ վաճառքով: Դավիթ Սանասարյանի այն դիտարկմանը, որ դա սովորական բիզնես-պրոյեկտ է, Ամյանն իրատեսական չհամարեց. «Ոչ թե բիզնես-ծրագիր է, այլ ներդրումային ծրագիր, եւ մենք չպետք է մոռանանք, որ հարակից հատվածում ունենք ձեւավորված թաղամաս, որը չունի մանկապարտեզ ու դպրոց, եւ դա բխում է բնակիչների շահերից»: Գործընկերոջն անհարմար դրությունից հանելու փորձ արեց Տարոն Մարգարյանը՝ ասելով, թե դա չի դիտարկում որպես բիզնես-ծրագիր, այլ՝ ներդրում: Եթե ներդրումը շահույթ հետապնդելու նպատակով է, եւ դրա արդյունքում ստեղծված կառույցներն էլ շահույթ հետապնդող են ու պատկանելու են ռուսական ընկերությանը, բիզնես չե՞ն: Սանասարյանի այս հարցադրմանը քաղաքապետը պատասխանեց. «Թե դպրոցը, թե մանկապարտեզը, թե լողավազանը, այդ սպորտային կոմպլեքսը, որը պետք է լինի, օգտագործելու են հենց այդ թաղամասի բնակիչները»:



Բայց ինչո՞ւ է վստահ Տարոն Մարգարյանը, որ թաղամասի բնակիչները կարողանալու են օգտվել վճարովի, մասնավոր կրթական հաստատություններից ու սպորտային համալիրից: Սակայն քաղաքապետն անդրդվելի էր՝ նա ասում էր, որ եթե տվյալ ընկերությունը չաներ, համայնքն էր իր բյուջեից անելու, եւ որ ոչ մի տարբերություն չի տեսնում երկու կազմակերպությունների միջեւ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը հետաքրքրվեց, թե 300 միլիոնն ի՞նչ են անելու, ինչի՞ վրա են ծախսելու: Տարոն Մարգարյանն էլ, թե՝ համայնքի վրա է ծախսվելու: Չի բացառվում, որ հաջորդ տարվա մարտի 8-ի քեֆը նկատի ունեն՝ չէ՞ որ անցած տարի համայնքային բյուջեից 9 միլիոն էին ծախսել կանանց տոնի վրա: «Բարեւ, Երեւանից» Արմեն Մարտիրոսյանն էլ մտահոգվեց, թե կարո՞ղ է այդ 300 միլիոնը քաղաքացիների գրպանից հանեն՝ գազի սակագինը բարձրացնեն՝ հիմնավորելով, որ իրենք ներդրումային ծրագիր են իրականացրել: