Համագործակցություն ռոումինգի հարցում

Համագործակցություն ռոումինգի հարցում

ԵԱՏՄ-ում գործող հակամենաշնորհային կարգավորման եւ մրցակցության քաղաքականության հանձնաժողովի նիստին մասնակցող Արտակ Շաբոյանին մինչ մեկնելը հարցրինք` գնում եք, որ ի՞նչ անեք, էդ մեռած կառույցներում ինչ-որ հարցեր լուծվո՞ւմ են: «Այո, իհարկե, եթե ԵՏՄ անդամ պետությունների տարածքում մրցակցություն է խախտվում, անդամ երկրի եւ ԵՏՄ համապատասխան հանձնաժողովը համատեղ ուսումնասիրություններ է իրականացնում եւ միջոցներ ձեռք առնում»: Գլխադիրն իրե՞նք են: «Ոչ, մենք գործընկերն ենք»: Ինչպե՞ս են կարգավորում գերակայությունները` «ով ումից հետո է»: «Մենք ստորագրել եք մրցակցության սկզբունքներ, դրանցով ենք առաջնորդվում, եթե անդրսահմանային դեպքերն են, առաջնորդվում ենք ստորագրված ընդհանուր մոտեցումներով, եթե մեր երկրի տարածքում է իրենց կողմից մրցակցությունը խախտվել, գերակա է մեր օրենքը»: Որեւէ խնդիր առաջացե՞լ է մինչ հիմա: «Այս պահին երկու ուղղությամբ ենք համագործակցում. մեկը ռոումինգ ծառայությունների ոլորտն է, երկրորդը` ավիափոխադրումների: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընդհանուր խնդիր է ԵԱՏՄ բոլոր երկրների համար, այսինքն` ռոումինգ ծառայությունները մի քանի անգամ ավելի բարձր են, քան երկրի ներսում նույն օպերատորների բջջային հեռախոսի կապի համար գանձվող գումարը: Ավիափոխադրումների դեպքում էլ նույն ընկերությունները մի քանի անգամ ավելի թանկ են գանձում նույն հեռավորության համար»: Էժանացումներ կլինե՞ն` դիմացն ամառ է: «Դե, մեր ուսումնասիրություններն էլ փաստացի այդ նպատակն են հետապնդում»: Արդյունքներ կա՞ն: «Չէ, բայց կլինեն»: