Չեխիայի խորհրդարանում ընդուվնել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև

Չեխիայի խորհրդարանում ընդուվնել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև

Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն նախօրեին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:



Բանաձևը, վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի» մասին կոնվեցիան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների որոշումները, դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը:



Բանաձևի տեքստի ամբողջական թարգմանությունը:



Չեխիայի Հանրապետության Խորհրդարան
Պատգամավորների պալատ
2015
7-րդ նստաշրջան



76-րդ բանաձև



Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 17-րդ հանդիպում



2015թ. ապրիլի 14



Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
______________________________________________________________________



Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը



Վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1948թ. դեկտեմբերի 9-ի 260-րդ (III) բանաձևը, որը հայտնի է նաև որպես «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիա, և որը Չեխոսլովակիայի Հանրապետությունում հրապարակվել է արտաքին գործերի նախարարի 1955թ. ապրիլի 28-ի համար 32/1955 հրամանագրով:



Հաշվի առնելով հասանելի փաստերը, ինչպես նաև չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի վկայությունները, նկատի ունենալով Եվրոպական խորհրդարանի, Ուրուգվայի, Կանադայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Սլովակիայի, Վատիկանի և ուրիշ պետությունների խորհրդարանների ու այլ օրենսդիր ու գործադիր մարմինների որոշումները



Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որը ոգեկոչվում է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից 2015թ. ապրիլի 24-ին



Հայտնում է իր ցավակցությունն ու համերաշխությունն աշխարհի հայությանը և, միևնույն ժամանակ, ոգեկոչում է նաև ասորիների, Փոքր Ասիայի հույների և եզդիների կոտորածները:



Անդրադառնում է այդժամանակյա միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի անբավարար վիճակին, որը հնարավոր դարձրեց ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ ճնշումների աննախադեպ աճը և նախանշեց 20-րդ դարում նմանատիպ իրադարձությունները, այդ թվում՝ Շոան:



Դատապարտում է նման գործողությունների, ինչպես նաև այլ ցեղասպանությունների ծանրության նվազեցումը կամ ժխտումը:



Կոչ է անում միջազգային հանրությանը՝ կանխելու մարդկության դեմ հանցագործություններն աշխարհի ցանկացած հատվածում և վեճերը կարգավորելու խաղաղ միջոցներով: