Թե ինչ մարդ ես, էական չէ, կարևորը՝ ում մարդն ես

Թե ինչ մարդ ես, էական չէ, կարևորը՝ ում մարդն ես

Օրերս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում կադրային համալրում եղավ: Աշխատանքի նշանակվեց նոր գլխավոր մասնագետ՝ Արմեն Վանյանը: Նրա մասին ասում են, որ Երվանդ Զախարյանի եղբոր փեսան է, եւ որ Զախարյանն ուր գնում է, Վանյանին հետը տանում է: Գլխավոր մասնագետի հաստիքում էլ նա, ամենայն հավանականությամբ, երկար չի աշխատելու, այլ շուտով կնշանակվի որեւէ բաժնի պետ: Երբ Երվանդ Զախարյանը պետեկամուտների նախարար էր, այնուհետեւ հարկային ծառայության պետ, Վանյանն աշխատում էր հարկայինում: Նա պարտաճանաչ աշխատող չէր: 2009 թվականին, երբ Զախարյանը վաղուց արդեն հարկային համակարգում չէր, Վանյանը նույնիսկ գրավոր նկատողություն է ստացել վատ հավաքագրումների համար: Այն ժամանակ նա Նաիրիի տարածքային հարկային տեսչության կանխատեսումների եւ հավաքագրումների բաժնի պետն էր: Բոլորովին վերջերս Արմեն Վանյանը պաշտոնավարել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում, որպես ֆինանսական գծով տնօրեն, իսկ այս բժշկական կենտրոնը, ըստ մամուլի տվյալների, պատկանում է Երվանդ Զախարյանի դստերը:



Ի դեպ, Արմեն Վանյանն ազգակցական կապ ունի ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ, որը, սակայն, այս տեղեկությունը ժխտում է: Բայց ինչ-որ անհասկանալի զուգադիպությամբ Արտավազդ Վանյանն առողջապահության համակարգում եւս համարվում է Երվանդ Զախարյանի մարդը, եւ Զախարյանը նրան տիրություն է անում, երկար տարիներ պահում այդ պաշտոնին: Այնպես որ, կարեւորն աշխատանքային հմտությունը չէ, այլ կապերը, որոնք օգնել են Արմեն Վանյանին այս անգամ էլ ընդերքի նախարարությունում գործի տեղավորվել: «Նա մի քանի օր առաջ է աշխատանքի անցել, մրցույթով»,- ասաց էներգետիկայի նախարարի խոսնակ Լուսինե Հարությունյանը: Երբ փորձեցինք ճշտել, թե ում բարեկամն է, ճի՞շտ է, որ Վանյանը Զախարյանի եղբոր փեսան է, խոսնակը հրաժարվեց պատասխանել, ասելով, որ, էթիկայից ելնելով, անհարմար է զգում նման հարցեր նախարարին փոխանցել: