Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը Ցեղասպանության մասին

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը Ցեղասպանության մասին

Եվրոպայի խորհրդարանը.



-հաշվի առնելով 1948թ. ընդունված ՄԱԿ-ի՝ Ցեղասպանություն հանցանքը կանխելու և դրա պատժի մասին կոնվենցիան;



-հաշվի առնելով 1987թ. հունիսի 17-ին իր ընդունած Հայկական հարցի քաղաքական լուծման մասին բանաձևը;



– հաշվի առնելով 2015թ. մարտի 12-ին իր ընդունած բանաձևը 2013թ. աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության ամենամյա զեկույցի և այդ հարցի շուրջ ԵՄ քաղաքականության վերաբերյալ;



-հաշվի առնելով 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը;



-հաշվի առնելով իր Կանոնադրության 123(2) և (4) կետերը;



Ա.նկատի ունենալով, որ 2015թ. լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը;



Բ.նկատի ունենալով, որ գնալով աճում է այն անդամ-երկրների և ազգային խորհրդարանների թիվը, որոնք ճանաչում են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը;



Գ. նկատի ունենալով, որ եվրոպական համախմբման շարժման գլխավոր խթաններից մեկը Եվրոպայում մարդկության դեմ հանցագործությունները և պատերազմների կրկնությունը կանխելու կամքն է;



Դ.նկատի ունենալով, որ Թուրքիան և Հայաստանը, 2009-ին ստորագրելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման և զարգացման Ցյուրիխի արձանագրությունը, ներքաշվել են դիվանագիտական կարգավորման գործընթացի մեջ;



Ե.նկատի ունենալով, որ խիստ կարևոր է վառ պահել անցյալի մասին հիշողությունները, քանի որ չի կարող որևէ հաշտեցում լինել` առանց ճշմարտության և հիշողության;



1.հարյուրամյակի շեմին հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում սպանված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին; եվրոպական զորակցության և արդարության ոգուն համահունչ՝ միանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին; կոչ է անում Հանձնաժողովին և Խորհրդին միանալ հիշատակման արարողություններին;



2. վերահաստատում է իր 1987թ. հունիսի 18-ի բանաձևը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, ճանաչել է, որ 1915-1917թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանված է 1948թ. Ցեղասպանություն հանցանքը կանխելու և դրա պատժի մասին կոնվեկցիայում; դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության բոլոր դեպքերը և խստորեն քննադատում դրանք ժխտելու ցանկացած փորձ;



3.հարգանքի տուրք է մատուցում մարդկության դեմ իրականացված բոլոր ցեղասպանությունների և հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին; առաջարկում է, որպեսզի հիմնվի Ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր՝ ևս մեկ անգամ վերհիշելու աշխարհի բոլոր մարդկանց և ազգությունների՝ խաղաղության և արժանապատվության իրավունքը;



4.ընդգծում է, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժամանակին կանխումը պետք է լինի միջազգային հանրության և Եվրամիության հիմնական առաջնահերթությունների շարքում;



5. որպես ճիշտ ուղղությամբ կատարված քայլ՝ ողջունում է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունները, որոնցով ցավակցություն էին հայտնում և ճանաչում օսմանյան հայերի դեմ իրականացված վայրագությունները; խրախուսում է Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունները որպես հնարավորություն՝ շարունակելու իր ջանքերը արխիվները բացելու, իր անցյալին առերեսվելու, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրանով հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհ հարթելու ուղղությամբ;



6. հրավիրում է Թուրքիային հարգել և ամբողջությամբ գիտակցել այն պարտավորությունները, որոնք նա ստանձնել է մշակութային ժառանգության պահպանման շրջանակում, մասնավորապես բարեխիղճ վերաբերմունք ցուցաբերել անցյալ դարում իր իրավասության շրջանակներում ավերված կամ վնասված բոլոր հայկական և այլ մշակութային ժառանգությունների նկատմամբ;



7. հրավիրում է Հայաստանին և Թուրքիային օգտագործել եվրոպական ազգերի հաշտեցման հաջող օրինակները և կենտրոնանալ այնպիսի օրակարգի վրա, որը առաջին պլանում է դնում ժողովուրդների միջև համագործակցությունը; վստահում է, որ դա կնպաստի հայ և թուրք ժողովուրդների միջև պատմական հաշտեցման՝ ճշմարտության և հավատի ոգով; աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքացիական հասարակությունների նախաձեռնություններին, որոնք աշխատում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ; պարտավորեցնում է Թուրքիային և Հայաստանին շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ առանց նախապայմանների՝ վավերացնելով և իրականացնելով դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված արձանագրությունները՝ բացելով սահմանը և ակտիվորեն կարգավորելով հարաբերությունները, մասնավորապես, սահմանային համագործակցության և տնտեսական ինտեգրման միջոցով;



8. հրահանգում է իր նախագահին այս բանաձն ուղարկել Խորհրդին, Հանձնաժողովին, Հանձնաժողովի փոխնախագահին/Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցչին, անդամ-երկրների կառավարություններին և խորհրդարաններին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և խորհրդարանին և Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և խորհրդարանին: